Բելգիայի՝ գահից հրաժարված թագավոր Ալբերտ II-ը փաստացի 20-ամյա դատավարությունից հետո ճանաչել է 51-ամյա նկարչուհի Դելֆինա Բոելին որպես իր արտամուսնական դուստր: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բելգիական RTBF հեռուստակայանին:
«Նորին գերազանցություն Ալբերտ II-ը, Բրյուսելի դատարանի որոշման համաձայն, ԴՆԹ-ի քննություն է անցել և ծանոթացել դրա արդյունքներին: Գիտական եզրակացությունը վկայում է որ նա Դելֆինա Բոելի կենսաբանական հայրն է»,- մեջբերում է հեռուստակայանը Ալբերտ II-ի փաստաբանների հայտարարությունը, որում հաղորդվում է, որ 85-ամյա թագավորը դադարեցնում է դատական գործընթացը, որի ընթացքում նա վիճարկում էր Դելֆինա Բոելի պահանջները. փաստորեն ընդունել է իր կենսաբանական հայրությունը:
Սակայն հեռուստակայանը հիշեցնում է, որ բելգիական նորմերով՝ կենսաբանական հայրությունը ճանաչել չի նշանակում օրինական հայրության ճանաչում, այսինքն՝ Դելֆինա Բոելին ժառանգության իրավունք չի տալիս:
Ալբերտ II-ը գահից հրաժարվել է 2013 թ. հուլիսի 21-ին և գահը հանձնել է իր ավագ որդուն՝ Ֆիլիպին՝ պահպանելով թագավորի տիտղոսը: Սակայն գահի հետ միապետը կորցրել է դատական իմունիտետը: