Երեւանից Գավառ քաղաք ժամանած ոստիկանական այդ խմբերը՝ 700-ից 800 ոստիկանը, որ մտել են Նորատուս համայնքի տները, թող մնային Գավառի հիվանդանոցի դիմաց, որ այդպիսի դեպք չպատահեր։ Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում պատմել են Նորատուս համայնքի բնակիչները։
«Երեկվա միջադեպով ամբողջ գյուղն է ներգրավված եղել։ Մարդիկ չգնայի՞ն տեսնեին՝ իրենց հարազատը ո՞ղջ է, թե՞ ոչ։ Հիվանդանոց մուտք գործողները, որ եկել էին՝ իրենց հարազատին տեսնեին՝ կա՞, թե՞ չկա. զենքով գնում էին իրենց հարազատին առաջին օգնություն ցույց տալո՞ւ։ Գնացել տեսել են, որ մարդասպանները պառկած են կողքի հիվանդանոցում՝ 20 մետր հեռավորության վրա էր»,- ասել են բնակիչները։
Նշենք, որ կադրերում երեւում են դեպքից հետո կոտրված պատուհաններ ու դռներ, հատակին կոտրված ապակիներ, պատերին քերծվածքներ։
Մարզպետի այն խոսքին, որ ԲԿ մուտք գործածների եղել են շուրջ 500 անձ, բնակիչները ասել են՝ հնարավոր է. «Կարող է 500 չլինեն՝ 1000 լինեն։ Դա հիմա մարզպետին գրել ու հատիկ-հատիկ ներկայացրել են, դրանից էլ իմանում է՝ քանի հոգի է։ Այնպես չի որ բոլորը Նորատուսից են եղել։ Առաջին մեղավորները եղել են ոստիկանները։ Հարազատները ուզել են տեսնել իրենց հարազատի դին, վշտի մեջ իրեն ասել են՝ ճանապարհ տուր, որ մարդասպանին տեղափոխենք։ Երեւանից ժամանած այդ խմբերը այդ 700-ից 800 ոստիկանը, որ մտել են տները, թող իրենք գային կանգնեին հիվանդանոցի դիմաց, էդ 500–ին գրկեին տանեին էն կողմ, որ այդպիսի բան չլիներ»։
Բնակիչներից մեկը պատմել է, որ 30 դիմակավորված ոստիկան իր նկատմամբ բիրտ ուժ գործադրելով՝ փորձել են բերման ենթարկել. «Ներխուժում են իմ տուն, ինձ ծեծում են, կինս՝ հղի, մորս էլ հրում գցում են, ինձ քաշելով հասցնում են ցեխերի մեջ, վերջում ասում՝ էս ինքը չէր, ախպերն ա։ Ինձ հարվածում են, ասում եմ՝ ի՞նչ եք անում, ինձ ասում են՝ ձենդ կտրիր»։
Բնակիչները հայտնել են, որ ձերբակալվածների եւ բերման ենթարկվածների վերաբերյալ որեւէ լուր չունեն։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։
Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, եւ դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլեւ ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երեւան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։