f

Անկախ

Այս որոշմամբ ուսուցիչներին անհարմար դրության մեջ ենք դնում․ կրթության փորձագետ


«Մեր աշխատանքը արժանի է հարգանքի»,- դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունանին՝ ֆեյսբուքում գրել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ֆիդոյանը։ Նա, ինչպես և բազմաթիվ այլ ուսուցիչներ, օրեր շարունակ կոչ են անում ԿԳՄՍ նախարարությանը վերանայել որոշումն, ըստ որի դպրոցներում կիսամյակն ամփոփելիս հաշվի  են առնվելու մինչև մարտի 13-ը դասարանային պայմաններում նշանակված գնահատականները։

«Երկրորդ կիսամյակը մինչև մարտի 13-ը եղած գնահատականների հիման վրա ամփոփելու որոշում կայացնելով՝ չեք պաշտպանում սոցիալական արդարության սկզբունքը»,- ասում է նա։

Մանկավարժն ընդգծում է, որ կիսամյակն ամփոփվում է մատյանում առկա գնահատականների միջինով, հետևաբար առցանց կրթության գնահատականները հաշվի առնելու դեպքում որևէ աշակերտ չէր տուժելու, մինչդեռ այս որոշմամբ անտեսվում է ուսուցիչ-աշակերտ-ծնող համատեղ աշխատանքն արտակարգ դրության պայմաններում։

 «Ի սկզբանե բոլորս գիտենք, որ հեռավար ուսուցումը չի կարող լիարժեք փոխարինել կենդանի շփմանը, դասերի՝ մեզ համար անփոխարինելի դպրոց-դասասենյակ միջավայրին։ Բայց, դրանով հանդերձ, կիրառվում է, չէ՞, առցանց ուսուցումը։

Մենք արտակարգ իրավիճակից դուրս ենք գալու հնարավորինս քիչ կորուստներով, ավելին՝ նոր փորձով հարստացած։ Ոչ մեկը չի կարող ժխտել, որ դպրոցը պատվով կատարեց և կատարում է իր դերը»,- գրում է Ֆիդոյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ուսուցիչների դժգոհությունները տեղին է համարում։ Նա շեշտում է, որ առցանց ուսուցման  անցնելիս նախարարությունն ուսուցիչներին որոշակի ինքնուրույնություն է տվել։  «Ամեն մեկն իր չափով աշխատեց, ոմանք գնահատումներ արեցին, ոմանք էլեկտրոնային գործիքներ սովորեցին, որ կարողանան գնահատում անել, հիմա  հայտարարել, որ այդ ամեն ինչը հաշվի չենք առնում, իհարկե, ճիշտ չէ»,- ասում է Խաչատրյանը։ 

Կրթության փորձագետն ասում է, որ այս իրավիճակում պետք է վստահել ուսուցիչներին։ «Գուցե այդ գնահատումները  ադեկվատ չեն, գուցե  որոշ դեպքերում աշակերտներն արտագրել են կամ օգտվել են ինչ-որ տեղերից, բայց հակված եմ այն տեսակետին, որ պետք է այս հարցում  ուսուցիչներին վստահել։ Մինչև հիմա ո՞վ էր որոշում աշակերտի թվանշանը։ Ուսուցիչն էր դաս հարցնում, թվանշան նշանակում։ Առավել ևս հիմա»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ուսուցիչները լավ գիտեն իրենց յուրաքանչյուր աշակերտի պոտենցիալը և դասարանային ուսուցմամբ օրինակ՝ 5 միավոր ստացող աշակերտին առցանց հարթակում 9 կամ 10 չեն նշանակի։

Ըստ ԿԳՄՍ տվյալների՝ առցանց դասերին մասնակցելու հնարավորություն չեն ունեցել աշակերտների 20 տոկոսը։ Եվ այս որոշումը պայմանավորված է սոցիալական արդարություն ապահովելու մղմամբ։

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝  սոցիալական արդարություն ապահովելու փորձով խախտվում է առցանց դասերին մասնակցած 80  տոկոս աշակերտների հանդեպ արդարությունը։

«Կարելի էր պարզ լուծում տալ․ ովքեր առցանց դասերին չեն մասնակցել, կամ առցանց դասերի ընթացքում չեն գնահատվել, նրանց  կիսամյակը կարող է ամփոփվել մինչև մարտի 13-ը եղած թվանշաններով։ Այլապես  ստացվում է, որ ուսուցիչը պաշտոնապես աշակերտին  թվանշան է հայտարարել ամբողջ դասարանի ներկայությամբ, և այս որոշմամբ ուսուցիչներին անհարմար դրության մեջ ենք դնում»,- ասում է նա։

«Խաղի կանոններն ընթացքում փոխելն ընդունելի չէ։  Խաղի կանոնները պետք է սկզբում հայտարարել։ Եթե ոչինչ չի ասվել, մարդկանց ասվել է՝ դուք որոշեք, թե ինչպես եք անում, մարդիկ էլ արել են, չի կարելի կեսից ասել՝ ձեր արածը  ջուրն ենք լցնում»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետը նաև անընդունելի է համարում մեդալի հավակնորդների քննությունները հետագային թողնելու որոշումը։ «Այդպիսով խախտվում են մեդալի հավակնորդների իրավունքները։ Նրանց համար մեդալ ստանալը նախարարությունը դարձնում է անհնարին»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, թե օրինակ՝ այս տարվա շրջանավարտը հաջորդ տարի ինչպե՞ս կկարողանա մեդալի համար քննություն հանձնել, եթե օտարերկրյա բուհի ուսանող լինի այն ժամանակ։

«Մեկ տարի հետո այդ երեխան արդեն բուհի ուսանող է։ Բնականաբար նրա  համար առաջնահերթ են լինելու բուհի կիսամյակային քննությունները։ Այդ որոշումն ընդհանրապես անհասկանալի է»,- ասում է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ կարելի էր մեդալի շնորհման պայմանները մեղմացնել և բուհական ընդունելության քննությունից առավելագույն միավոր ստացած, ինչպես նաև միջազգային բուհեր ընդունված  բոլոր շրջանավարտներին մեդալ շնորհել։  «Եթե հիմա  թույլ ենք տվել, որ մեկ քննությամբ բուհ ընդունվեն, մեդալի շնորհման պայմաններն  էլ պետք է մեղմացվեն»,- ասում է նա։

Խաչատրյանն ասում է, որ մեդալը շրջանավարտին մեծ արտոնություն չի տալիս, հետևաբար սովորականից շատ մեդալակիրներ ունենալը որևէ խնդիր չեր ստեղծելու։

«Ի վերջո պետք է հարգել այդ երեխաների 12 տարվա աշխատանքը, այդքան հեշտ չէ 12 տարի բոլոր առարկաները գերազանց սովորել»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետը նաև սխալ է համարում 1 քննությամբ բուհ ընդունվելու հնարավորությունը։ Ասում է, որ բոլոր մասնագիտությունների դեպքում դիմորդն առնվազն երկու առարկայի պետք է տիրապետի։ Խաչատրյանը կանխատեսում է, որ այս ամենի արդյունքում ունենալու ենք կրթության որակի անկում։ «Այնպես չէ, որ մինչ այս այդ անկումը չկար։ Այդ անկումը դանդաղ ձևով միշտ ընթանում էր, այս անգամ ավելի ուժգին է լինելու»,- ասում է նա՝ հավելելով, որ առցանց կրթության պայմաններում սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովված չէ ոչ դպրոցում, ոչ բուհում։ 

 Կրթության փորձագետը կարծում է, որ գոնե հանրակրթության ոլորտում 1-6-րդ դասարանցիների համար հուլիս-օգոստոս ամիսներին պետք է ամառային դպրոց կազմակերպել՝ լրացնելու բացթողումները։ «Դա կարելի է անել բացօթյա պայմաններում, կամ ֆիզիկական որոշակի հեռավորություն պահպանելով։ Գոնե հայոց լեզու, մաթեմատիկա և օտար լեզու առարկաների 30 րոպեանոց դասեր է պետք անել»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ նման պարագայում ուսուցիչները լրացուցիչ պետք է վճարվեն։

Անդրադառնալով առաջարկի ֆինանսական կողմին՝ Խաչատրյանն ասում է, որ  դպրոցներն առցանց ուսուցման ընթացքում կոմունալների հաշվին որոշակի խնայողություններ են կատարել։ Բացի այդ՝ ԿԳՄՍ-ն կարող է ֆինանսավորման համար դիմել մի շարք միջազգային կազմակերպությունների։

 

Կրթություն եվ գիտություն Սերոբ Խաչատրյան արտակարգ դրություն

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին