«Արթուր Դանիելյան-Ալեն Սիմոնյան» միջադեպի կապակցությամբ միակողմանի՝ միայն Արթուր Դանիելյանին և երկու ուղեկիցներին ոստիկանության կողմից բերման ենթարկելու փաստը հնարավորություն է տալիս մտածել, որ ոստիկաններն ակնհայտ քաղաքական պատվեր են կատարել:
Տպավորություն է արդեն, որ ոստիկանությունն այս իշխանությունների ձեռքը կրակն է ընկել և նրանք ստիպված են լինում հաճախակի կատարել նման անօրինական գործողություններ իշխող վարչակազմի թելադրանքով, այն քաղաքացիների նկատմամբ, որոնք հաճո չեն իրենց, որոնք ընդդիմադիր են, քննադատում են Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին:
Եթե ինչ-որ կերպ Արթուր Դանիելյանին բերման ենթարկելուն մի կես տոկոսով կարող ես «հասկանալ»՝ չնայած նույնիսկ ըստ Ալեն Սիմոնյանի նա փաստորեն ընդամենը տուժող է, մինչդեռ այն երկու ականատեսներին, հաշտեցնելու, միջադեպը կանխելու փորձ կատարող ուղեկիցներին բերման ենթարկելը միանշանակ հնարավորություն է տալիս մտածել, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ և կարող ենք կասկածել նաև, որ այդ միջադեպն ակնհայտ սադրանք էր ու սարքովի...
Խորհրդարանական կառավարման պետության փոխխոսնակի պաշտոնն զբաղեցրած անձը օրինապահ քաղաքացու նման՝ վիրավորանքի, հայհոյանքի դեպքում՝ եթե այդպիսին եղել է, պարտավոր էր դիմել դատարան կամ ոստիկանություն: Մինչդեռ նա տուրք տալով քրեական ենթամշակույթի ավանդույթներին, մտել է «ռազբորկայի», հարաբերությունները «սամասուդով» պարզելու դաշտ, որը հարիր չէ օրենսդիր մարմինը ներկայացնող անձին...
Եթե նրա երազանքը Զիդանին նմանվելն է եղել և տուրք էր տալիս քրեական աշխարհը ներկայացնողների սովորույթներին, ապա պետք է այդ դեպքում հիշեր, որ իրավապահներին դիմելն այդ մշակույթով առաջնորդվողների համար «զապադլո» է...
Ակնհայտ է, որ ԱԺ մանկաբազար մեծամասնության պահվածքը, Գավառի «մարտաֆիլմը», վենդետան, քայլիստների, նրանց համակիրների, այս վարչակազմի շատ ղեկավարների խոսքերը, հաթաթաները, քաղաքական պատվերով քրգործերը, հանրության շրջանում ստեղծել են երկփեղկվածություն և ակնհայտ թշնամանք, անհանդուրժողականության մթնոլորտ, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով...
Վերջապես սթափվել է պետք ու վերջ տալ պոպուլիստական քայլերին...