Ինձ միշտ թվացել է, որ գեոպոլիտիկ մակարդակով աշխարհում շատ բան փոխվեց, երբ արևմուտքը Հարավսլավիայի պատերազմի ժամանակ երկակի ստանդարտներ կիրառեց իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար։
Մենք էլ վերջին 25 տարիների ներհայաստանյան զարգացումներում ունեցել ենք տարբեր ընդգրկման նման օրինակներ, սակայն 2018-ից հետո մենք ենթադրում էինք, որ թեթև “մարտավարական ճնշումներից” զատ մենք չենք գնալու նույն ճանապարհով։ Մենք ենթադրում էինք, որ բոլորս պայքարել ենք երևույթների դեմ, որպեսզի վերացնենք համակարգային ճգնաժամային վիճակն իր հետևանքներով։
Ցավոք վերջին օրերի հանրային (ձեռքս չի գնում գրել քաղաքական) դիսկուրսն ու ճնշումները ենթադրել են տալիս, որ մենք միգուցե սխալ էինք ենթադրում։
Օրենքի գերակայությունն ու բոլորի հավասարությունը չի կարող լինել պարզ ձևականություն, իրավապահ համակարգը չպետք է գործիք լինել նախկին ու ներկա իշխողների համար և թայֆաբազությունը չի կարող լինել հանրային կառավարման հիմնական առանցքում։ Ինչքան այսպես շարունակենք ուզենք թե չուզենք խրվելու ենք “պոլի փեդ լինի, բայց մերը լինի” ճահիճի մեջ ու կամաց-կամաց մաշենք մեր երազած երկիրն ունենալու այս բացառիկ հնարավորությունը։
Թող այս անգամ ևս սխալվեմ իմ ենթադրություններում։ Թող հենց այսօրվանից սկսենք տեսնել բառիս բուն ու ամենալայն իմաստով արժեհամակարգային փոփոխություններ ոչ միայն խոսքով, այլև գործով՝ ամենօրյա կարճաժամկետ ու երկարաժամկետ քայլերով։
Հակառակ դեպքում մենք ոչ միայն վատնելու ենք 2018-ի ձեռքբերումները, այլև անդառնալի կերպով ընկնելու ենք շարունակական հեղափոխական կամ անհուսության ու քարշ գալու ցիկլի մեջ… անկեղծորեն չեմ ուզում այդպես լինի։