Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 3,3 մլն-ը, ապաքինվածների թիվը հատել է 1 մլն-ի սահմանը, մահացել է 238 հազար մարդ։ Այս մասին են վկայում worldometers-ի տվյալները։
Վիրուսը մոլեգնում է աշխարհի 212 երկրներում։
Աշխարհում COVID 19-ի վարակակիրների մեկ երրորդն ԱՄՆ-ի բնակիչներ են։ Այստեղ վարակակիրների թիվը մայիսի 1-ի 22։30 դրությամբ 1,1 մլն-ից ավել է, մահերի թիվը գերազանցում է 64 հազարը։ ։ Վերջին մեկ օրում արձանագրվել է հիվանդացության 17748 և մահվան 1075 նոր դեպք։ ԱՄՆ-ում այս ցուցանիշները, չնայած սահմանափակումներին, դեռևս չեն նվազում։
Իսպանիայում, չնայած չի հաջողվում առանձնապես կրճատել նոր վարակակիրների թիվը, սակայն օրական մահերի ցուցանիշն աստիճանաբար նվազում է։ Այստեղ մեկ օրվա ընթացքում վիրուսն ախտորոշվել է 3648 մարդու մոտ, մահացել է 281-ը։ Իսպանիայում ընդհանուր առմամբ COVID 19 է ախտորոշվել 242 988 մարդու մոտ, մահացել է 24824-ը։
Իտալիայում աստիճանաբար նվազում է թե նոր դեպքերի, թե մահերի թիվը։ Այստեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 1965 և մահվան 269 դեպք։ Իտալիայում ընդհանուր առմամբ COVID 19 է ախտորոշվել 207 428 մարդու մոտ, մահացլ է 28 236-ը։
Եթե Իտալիայում և Իսպանիայում վիրուսն աստիճանաբար նահանջում է, ապա Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում օրեցօր նոր թափ է հավաքում։ Միացյալ Թագավորությունը վարակակիրների թվով աշխարհում 4-րդն է, մահերի թվով 3-րդը․ այստեղ վիրուսն ախտորոշվել է 177 454 մարդու մոտ, որից 6201-ը՝ վերջին մեկ օրում։ COVID 19 –ի զոհ է դարձել 27510 մարդ, որից 739-ը՝ այսօր։
Իսկ ահա Ռուսաստանում մեկ օրում վիրուսն ախտորոշվել է 7933 մարդու մոտ, մահացել է 96-ը։ Վարակակիրների ընդհանուր թիվը 114 431 է, մահերի թիվը՝ 1169։
Մեր հարևան Թուրքիայում դեռևս օրեր առաջ են հայտարարել, որ վիրուսի տարածումն այլևս վերահսկողության տակ է։ Հրապարակվող թվերն էլ կարծես այդ մասին են հուշում․ երկու շաբաթվա ընթացքում օրական ախտրոշումների թիվը գրեթե կրկնակի նվազել է։ Այստեղ վիրուսակիրների թիվը 122 392 է, որից 2188-ի մոտ նոր կորոնավիրուսն ախտորոշվել է վերջին 1 օրում։ Մահացել է 3528 մարդ, որից 84-ը՝ վերջին մեկ օրում։
Մեր հարևան Իրանում ևս գրեթե երկու շաբաթ նույնական կայուն և նախկինի համեմատ նվազ ցուցանիշներ են արձանագրվում։ Այստեղ մեկ օրում նոր կորոնավիրուս է ախտորոշվել 1006 մարդու մոտ, մահացել է 63-ը։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը 95646 է, մահացածներինը՝ 6091։
Հարավկովկասյան երեք հանրապետություններից հիվանդների և մահերի առումով առաջատարը Հայաստանն է՝ 2148 վիրուսակիր և 33 մահ։
Ադրբեջանում վիրուսն ախտորոշվել է 1854 մարդու մոտ, որից 50-ը՝ վերջին 1 օրում։ Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը 25 է, վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ։
Իսկ ահա Վրաստանում վիրուսակիրների թիվը 566 է, մեկ օրվա ընթացքում հիվանդությունն ախտորոշվել է 27 մարդու մոտ։ Մահերի թիվը 7 է, որից մեկը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։