Մամուլի ծառայությանն աջակցող ծառայության /ՄԾԱԾ/ աղբյուրները հայտնում են, որ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը երեկ ուշ գիշեր մի քանի ժամ տևած հանդիպումներ է ունեցել տարբեր մարդկանց հետ: Նախ նա հանդիպման է հրավիրել կառավարության ներկայացուցչին և իր անհանգստությունը հայտնել երկրում ահագնացող անհանդուրժողական մթնոլորտի վերաբերալ և ասել է, որ իր՝ Հանրային խորհրդի նախագահի, օրենսդրական պարտավորությունն է գտնել անհանդուրժողականության մեղմման ուղիներ, բանակցությունների հնարավորություն ստեղծել հակամարտող բոլոր կողմերի միջև: Նա կառավարության ներկայացուցիչներին հորդորել է դադարեցնել ՀԱԵ-ի դեմ վարկաբեկիչ հրապարակումները, ասելով, որ եկեղեցին, իր թերություններով հանդերձ, դժվարին այս ժամանակահատվածում հանդիսանում է ազգահավաք կառույց, և նրան սատարելը բոլորիս պարտքն է:
Ապա նա հրավիրել է ՀԱԵ ներկայացուցիչներին և ներողություն խնդրել այն բանի համար, որ օրեր առաջ ինքը գրել է, թե վարչապետի մամուլի քարտուղարը լավ գրդնգել է կաթողիկոսին:
Այդ հանդիպումից հետո պարոն Սաֆարյանը հրավիրել է Փաստաբանների պալատի ներկայացուցիչներին և հորդորել մոռանալ իր ցասումնալից հրապարակումները նրանց մասին, ասելով, որ փաստաբանները մեծ դեր ունեն իրավական պետության կայացման գործում:
Ապա նա հրավիրել է Միքայել Մինասյանի ներկայացուցիչներին և ասել, որ ափսոսում է քիչ առաջ իր կողմից արված ստատուսային հրետակոծության համար և որ ինքը, որպես ՀԽ նախագահ, պիտի կարողանար զսպել իրեն և որոնել լարվածության թուլացման եզրեր՝ հանուն Հայրենիքի:
ՄԾԱԾ տեղեկություններով նա հանդիպումներ է ունեցել այլ մարդկանց, նաև Լայվնյուզամ-ի լրագրողուհու, հետ ևս, ում ինքը, իր բառերով ասած, գրդնգել է ՀԽ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, և հաշտության առաջարկ է արել բոլորին:
Երբ հանդիպման մասնակիցները զարմացած հետաքրքրվել են պարոն Սաֆարյանի վարքի այդքան կտրուկ փոփոխության պատճառների մասին, նա անկեղծացել է և մտերմաբար ասել, որ ինքը գտնվել է հին էյֆորիայի տակ, իրեն թվացել է, թե ինքը դեռ Ժառանգության կողմից ընտրված թունդ ընդդիմադիր պատգամավոր է, թվացել է նաև, թե Փաշինյանը դեռ հալածյալ ընդդիմադիր է, և ինքն իներցիայով անձնազոհաբար պաշտպանել է նրան: Նա խոստովանել է, որ հին էյֆորիայից դուրս գալուն և իրականությունը տեսնելուն իրեն օգնել են ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանի՝ իրեն սթափեցնող, հրապարակումները:
Նյութը հրապարակելուց առաջ կապվեցինք Արծրուն Պեպանյանի հետ: Սիրված քաղաքական վերլուծաբանն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ հանդիպումների մասին, բայց և ճանաչելով Ստեփան Սաֆարյանին՝ որպես հանրապետության լուրջ միջազգայնագետներից մեկին, վստահ է եղել, որ նա մի օր կհաղթահարի հին էյֆորիան և ՀԽ կարևոր կառույցը կծառայեցնի իր բուն նպատակին՝ գտնել երկրին համակած ատելության մթնոլորտի վերացման ուղին:
ՄԾԱԾ