«Հազար անգամ ոչ»,- սա է Պաղեստինի մասնակի ճանաչված պետության նախագահի պաշտոնական պատասխանը Սպիտակ տան ղեկավարի մերձավորարևելյան կարգավորման պլանին:
Հանդես գալով ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով՝ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ խաղաղության միակ ճանապարհը Պաղեստինի պետության ստեղծումն է 1967 թվականի սահմաններով:
«Ես կուզենայի ասել Թրամփ-Նաթանյահու զույգին՝ Երուսաղեմը չի վաճառվում, պաղեստինյան ժողովրդի իրավունքները վաճառքի չեն դրվում: Ձեր գաղտնի գործարքը չի անցնի»,- մասնավորապես ասել է Աբբասը:
Նա հայտնել է պաղեստինյան ղեկավարության՝ Միջազգային քրեական դատարան դիմելու ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ «որևէ պաղեստինցի չի համաձայնի», որ Երուսաղեմը դառնա հրեական պետության «անբաժանելի» մայրաքաղաքը, ինչպես որ առաջարկում է Դոնալդ Թրամփը:
Մահմուդ Աբբասը հավելել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իսրայելի հետ, բայց միայն միջազգային միջնորդների «քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) հովանավորությամբ: «Մենք չենք ընդունի Վաշինգտոնը որպես Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի միջնորդ»,- ասել է նա:
Եվրամիությունը նույնպես պնդել է «հաստատ կողմնակցությունը» երկու պետություն ստեղծելու ճանապարհով մերձավորարևելյան հակամարտության համաձայնեցված և կենսունակ լուծմանը, ընդգծում է euronew-ը: