Այսօր՝ հունվարի 29-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ խմբակցություններն անդրադարձան երեկ տեղի ունեցած ձերբակալություրններին: Ըստ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ երեկ ակտիվիստներին բերման էին ենթարկել առանց որեւէ հիմնավորման, շոուի շրջանակում։
Սիմոնյանը կոչ արեց ՀՀ ոստիկանության աշխատակիցներին գործել օրենքի շրջանակում։
«Ցանկացած գործողություն պետք է համամասնական լինի կասկածանքին, այլապես մտահոգություն կառաջանա։ Եթե մեր բոլորի մոտ խնդիրներ առաջանան, ապա դա նշանակում է, որ ոստիկանությունը պատշաճ ձեւով չի աշխատում եւ պետք է վերանայի իր աշխատաոճը»,- նշեց պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ տարօրինակ է համարում «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին եւ Արթուր Դանիելյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին երեկ բերման ենթարկելը։
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ քաղաքացիների հանդեպ կիրառվող ցանկացած գործողություն պետք է հիմնավորված լինի։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները բերման էին ենթարկվել անօրինական զենք եւ զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով։