РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Կորոնավիրուսի դեմ գլոբալ արձագանք» միջազգային դոնորական ֆորումի շրջանակներում Եվրահանձնաժողովը երեք ժամում 7,4 միլիարդ եվրո է հավաքել։ Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ գումարը նվիրաբերել են բիզնեսի ներկայացուցիչներ, ֆինանսական և գիտական կազմակերպություններ, ինչպես նաև տարբեր երկրներ:
Ապրիլի 15-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջարկեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջազգային դոնորական մարաթոն կազմակերպել: Նա հայտարարել էր, որ դեղամիջոցների, ախտորոշման համակարգերի և պատվաստանյութերի մշակման առաջին փուլի ֆինանսավորման համար 7,5 միլիարդ եվրո է անհրաժեշտ։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը։