f

Անկախ

Բերքառատ Հայաստանի տեսլականով


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը ֆերմեր, «Բերքառատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Հայկ Մելքոնյանն է։  

-Պարոն Մելքոնյան, ինչո՞վ եք զբաղվում վերջին շաբաթների ընթացքում։  

-Ես ֆինանսիստ-տնտեսագետ եմ, բայց երբևէ իմ մասնագիտությամբ չեմ զբաղվել։ Տասը տարի աշխատել եմ վաճառքի ոլորտում։ 2017-2018-ից, երբ վերջնականապես հասկացա, որ գյուղատնտեսությունն է ինձ հոգեհարազատ ու հետաքրքիր, փոխեցի ոլորտս։ Այժմ արդեն երկու տարեկան այգի ունեմ, զբաղվում եմ նաև բանջարաբուծությամբ և պահում եմ թռչուններ։  

Մեկուսացման այս օրերին էլ աշխատանքային մասով ոչ մի էական  փոփոխություն չի եղել իմ առօրյայում, որովհետև գյուղատնտեսությունը չի հարցնում ժամանակ ու պայմաններ։ Երբ սկսվում է աշխատանքային սեզոնը, պիտի գործես, որովհետև ամեն բաց թողնված օր մեծ կորուստ կարող է լինել ողջ տարվա համար։  Առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրում եմ սկսել հողի նախապատրաստական աշխատանքներ, կարգավորել բանջարեղեն ցանելու տարածքը և ավելի լրջորեն մտածել իմ այգում կաթիլային ոռոգում քաշելու ուղղությամբ։  

-Արտակարգ դրությունն ի՞նչ վնասներ հասցրեց մեր գյուղատնտեսությանը։

-Ընդհանուր առմամբ, իհարկե, որոշակի կորուստներ ունեցանք, բայց մյուս ոլորտների համեմատ դրանք ավելի քիչ էին։ Բանը նրանում է, որ, անկախ իրավիճակից և բոլոր տեսակի ճգնաժամերից, սնունդը շարունակում է մնալ մարդու առաջնային պահանջմունքներից մեկը։ Ուստի մթերք արտադրվում է, պարզապես կա իրացնելու խնդիր։ Տարբեր օբյեկտների փակ լինելու պատճառով նվազեց մատակարարվող մթերքների քանակը։  

-Շատ  համառոտ անդրադառնանք մեր գյուղատնտեսության հիմնական խնդիրներին ու ձեռքբերումներին։

-Խնդիրները բազմաթիվ են, կբարձրաձայնեմ միայն երկուսը։ Սկսեմ ջրի կառավարման համակարգից, որ վերջին 25-30 տարում աշխատում է շատ անկազմակերպ ու մեծ կորուստներով։ Ուստի կարևոր է մեր ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումը և ողջ ոռոգման համակարգի արդիականացումը։ Որքան շատ մշակելի տարածքներ կարողանանք ոռոգելի դարձնել, այնքան կմեծանա բերքատվությունը։  Հաջորդ տարածված խնդիրն անմշակ հողերի մեծ քանակությունն է․ մենք այն երկիրը չենք, որ մեզ թույլ տանք ունենալ թեկուզ մեկ մետր անմշակ հող։  

Ձեռքբերում եմ համարում օրեցօր շատացող այն մարդկանց թիվը, որոնք հետաքրքվում են գյուղատնտեսությամբ և ցանկանում են ներդրումներ անել այս ոլորտում։ Միշտ եմ ասել՝ գյուղում ապրելը դեռևս չի ենթադրում, որ մարդը պիտի անպայման գյուղատնտես լինի։ Այս գործով պետք է զբաղվեն ոլորտը ճիշտ պատկերացնողները, որոնք կարողանում են և՛ լավ արտադրանք տալ, և՛ իրացնել այն։ Օրինակ՝ ես ապրում եմ Երևան քաղաքում, բայց զբաղվում եմ գյուղատնտեսությամբ Կոտայքի մարզում։ Նման դեպքեր արդեն շատ կան։

-Ինչպե՞ս ծնվեց  «Բերքառատ Հայաստան» ՖԲ խումբը, որը Դուք համարում եք գյուղատնտեսության սիրահարների խմբակ։

-Ցանկացած գործ, եթե չարվի սիրով ու ներքին բավարարվածությամբ, արդյունք չի ունենալու։ Նույնն էլ գյուղատնտեսությամբ զբաղվողներին է վերաբերում։ Դրա համար էլ «Բերքառատ Հայաստանը» սիրահարների խմբակ է։ Մենք ունենք անդամներ, որոնք չեն էլ զբաղվում գյուղատնտեսությամբ, ուղղակի սիրում են այս ոլորտը և հենց դրա համար էլ հետևում են մեր տեղադրած գրառումներին։ Ի դեպ, ի սկզբանե իմ անձնական ՖԲ էջում ես պարզապես ունեի «Բերքառատ Հայաստան» խորագրով ալբոմ, որտեղ գյուղատնտեսությանը վերաբերող ամենատարբեր նկարներ ու նյութեր էի դնում։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց ընկերների մի շրջանակ, որոնք անընդհատ հետաքրքվում էին, ոգևորվում, հարցեր տալիս այդ թեմայով։ Ուստի որոշեցի ստեղծել մի առանձին խումբ, որտեղ կհավաքվեն կոնկրետ ոլորտով հետաքրքրված մարդիկ։ Եվ այսպիսով, «Բերքառատ Հայաստանը» ստեղծվեց  2017-ի հունվարի 29-ին։ Խմբում անցկացված հարցման արդյունքում պարզել եմ, որ մեր անդամները ողջ Հայաստանի տարածքն ընդգրկող մոտ 120 բնակավայրերից են ։  

-Ինչպե՞ս է խումբն օգնում գյուղատնտեսությամբ զբաղվողներին։

-Այստեղ մարդիկ հաստատում են նոր ծանոթություններ, որն օգնում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների կարգավորման հարցերում։ Օրինակ՝ հենց խմբի միջոցով եմ ես գտել երկու հրաշալի տնկի արտադրող, որոնցից էլ գնել եմ իմ այգու տնկիները։ Այժմ չեմ էլ պատկերացնում՝ ինչպես կկարողանայի հիմնել այգիս առանց խմբի ամենատարբեր մասնագետների օգնության։ Այս պահին արդեն պայմանավորվածություն ունենք մի քանի գյուղատնտեսական խանութների հետ, որոնք  ապրանք գնելիս որոշակի արտոնություններ են տալիս «Բերքառատ Հայաստան» խմբի անդամներին։  

Ժամանակի ընթացքում խմբում հասունացավ անհրաժեշտություն նաև մի այնպիսի առանձին տարածքի, որտեղ կվաճառվեին տարբեր գյուղատնտեսական մթերքներ։ Բացեցի «Բերքառատ շուկա» խումբը։ Սա արվեց կոնկրետ նրա համար, որպեսզի այն մարդիկ, որոնք խմբում գրանցվում են ոչ թե շփվելու, փորձով կիսվելու, այլ զուտ սեփական ապրանքն իրացնելու նպատակով, իրենց վաճառքի հետ կապված հայտարարություններով չխանգարեն խմբի այն անդամներին, որոնք ցանկանում են կարդալ հետաքրքիր ու բովանդակային նյութեր։ Խումբը բավականին արագ տեմպերով աճեց հենց այս արտակարգ դրության պայմաններում, երբ օնլայն առևտուրը սկսեց դառնալ պահանջված՝ խթանելով անմիջապես գյուղմթերք արտադրողներից ապրանքի գնումը։  

-Որքանո՞վ է հենց այս շրջանում ակտիվ խումբը, և հիմնականում ի՞նչ նյութերով են կիսվում բերքառատցիները։

-Վերջին շաբաթներին անդամների մեծ ներհոսք եղավ՝ պայմանավորված առցանց վեբինարների ժամանակ արծարծվող գյուղատնտեսական թեմաներով և մեր խմբի անվան արծարծումներով։ Անգամ մի հետաքրքիր գրառումը կարող է պատճառ դառնալ մարդկանց թվի ավելացման։  Օրինակ՝ հենց վերջերս խմբի անդամներից մեկը մի գրառում արեց Հայաստանում աճեցված ավոկադոյի մասին, որից հետո առողջ սննդի կողմնակից մի շարք հայ կանայք ու աղջիկներ խմբի անդամ դառնալու հայտեր ուղարկեցին։ Այժմ արդեն 8800-ից ավելի անդամ ունենք։

Քանի որ արդեն սկսվում է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը, բնական է, որ այս շրջանի գրառումները վերաբերելու են հիմնականում այդ թեմաներին։ Խմբի նորեկները, որոնք ունեն, ասենք, տնամերձ փոքրիկ այգիներ և չգիտեն՝ ինչպես խնամել իրենց ծառերը, խորհուրդ են հարցնում փորձառու այգեգործներից։ Ես աշխատում եմ աշխույժ պահել խումբը՝ տեղադրելով ամբողջ աշխարհի գյուղատնտեսական ձեռքբերումներին ու նորարարություններին վերաբերող բովանդակալից նյութեր, որ մարդկանց մեջ այդ ոլորտի նկատմամբ սեր արթնանա, և որ վերջապես կոտրվի գյուղացի լինելը խեղճության, անապահովության, անընդհատ չարքաշ աշխատանքով զբաղվելու հետ ասոցացնելու կարծրատիպը։ Ինչպես ընկերներիցս մեկն է ասում՝ գյուղատնտեսությունը կյանք է։ Այն կարող է և՛ հաճելի լինել, և՛ եկամտաբեր, եթե աշխատանքդ գրագետ ես անում ։  

-Ի՞նչն է այդքան մեծ թվով գյուղատնտեսների պահում խմբի ներսում։  

-Մեր խմբում չկա լարված մթնոլորտ, առօրյա հոգսեր կամ քաղաքական թեմաներ, ինչն էլ ձգում է մարդկանց։ Ես էթիկայի կանոններն այնպես եմ սահմանել, որ միջանձնային կոնֆլիկտներ չառաջանան խմբում։ Եվ եթե անգամ լինում են տարաձայնություններ՝ դրանք պիտի լուծել խմբից դուրս։ Հակառակ դեպքում, անկախ տվյալ անդամի ով լինելուց, նա լքում է մեր խումբը։ Արդյունքում մարդիկ դարձել են իրար հարազատ՝ անկախ ծանոթ կամ անծանոթ լինելուց։  

«Բերքառատ Հայաստան» խումբը նաև մարդկանց տալիս է դրսևորվելու հնարավորություն, ինչը նրանք մինչ այդ չէին կարողանում անել։ Իմ նպատակներից մեկն էր, որ մարդիկ իրենց գյուղատնտեսական ձեռքբերումները, որոնք, եթե անգամ իրենց աչքին սովորական են, կարողանան ցույց տալ ուրիշներին և համեմատության մեջ հասկանալ, որ լավ գործ են անում։ Սա առավել արդյունավետ աշխատելու լրացուցիչ խթան է։ Այս մարդիկ ռեալ կյանքում գուցե երբևէ իրար հետ շփվելու հնարավորություն չունենային, բայց այս հարթակը նրանց դարձրեց ճանաչելի և  կապեց միմյանց։

-Ի՞նչն է օգնում նրանց՝ շարունակել իրենց ամենօրյա դժվարին պայքարը։

-Համառությունն ու «պնդաճակատ» լավատեսությունը, որ, ի վերջո, ամեն բան լավ է լինելու։  

-ՀՀ կառավարության կողմից հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տարբեր ծրագրեր, որոնց մի մասն ուղղված են նաև գյուղատնտեսության ոլորտին։ Ի՞նչ կասեք դրանց մասին։

-Որքանով ես եմ ուսումնասիրել այդ ծրագրերը՝ կապված ինձ հետաքրքրող ոլորտների հետ,  կարող եմ ասել՝ լավ ծրագրեր են իրականում, բայց ունեն մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ այն ոլորտները, որոնք պետությունը փորձում է խթանել, չունեն որակյալ մասնագետներ, որ հետաքրքվողներին խորհրդատվություն կտրամադրեն։ Հարց է առաջանում, եթե մարդն ամեն դեպքում համարձակվում ու որոշում է օգտվել պետական աջակցության ծրագրից, արդյոք հետագայում իր գիտելիքներն ու փորձը կբավարարեն գործը մինչև վերջ հասցնելու և թեկուզ այդ վարկերը փակելու համար։ Մենք գիտելիքի ու փորձի մինիմալ մակարդակի պակաս ունենք։ Ես Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներին էլ եմ հայտնել իմ մտահոգոությունները։ Օրինակ՝ ինչու՞ պիտի մարդը օգտվի ինտենսիվ այգիներին վերաբերող էժան վարկերից, եթե ընդհանրապես գաղափար չունի՝ ինչ է ինտենսիվ այգին և ինչպես պետք է այն մշակել։ Ստացվում է, եթե պետությունը չի ուղղորդում այդ փաթեթներից օգտվել ցանկացողներին, ապա օգնության ձևերը դառնում են ինչ-որ առումով շատ անդեմ։ Դրա համար ամեն ինչից առաջ պետք է մեծ ուշադրություն դարձնել կրթությանը․ մեզ գյուղոլորտի որակյալ կադրեր են պետք։  

-Պարոն Մելքոնյան, իսկ ինչպիսի՞ն է վիճակն այս տարվա բերքի առումով։  

-Խնդիր կարող է առաջացնել ոռոգման ջուրը, քանի որ այս տարի ձյուն շատ չտեղաց, և ջրամբարներում քիչ է ջուր կուտակվել։ Բայց հուսանք՝ գոնե կառավարումը ճիշտ կանեն, և մինչև սեպտեմբեր ոռոգման ջուր կունենանք։  

Այս պահի դրությամբ, անձրևային եղանակով պայմանավորված, որոշակի կորուստներ եղել են ծիրանի մասով, մանավանդ, նախալեռնային գոտում։ Կան նաև նույն պատճառով առաջացած մի շարք հիվանդություններ, բայց համոզված եմ՝ գրագետ այգեգործները կպայքարեն և լավ բերք կունենանք։ Մնում է միայն խուսափել կարկտահարումներից։  

-«Բերքառատ Հայաստանն», ի վերջո, երազանքի՞, թե՞ իրականության արտահայտություն է։

-Մեր տեսլականն է, որ միասին կառուցենք բերքառատ Հայաստան։ Այս կյանքում միշտ էլ կատարելագործվելու տեղ կա, և պիտի կարողանանք մեր դերն ունենալ աշխարհի մասշտաբով։ Իսկ ներկայումս համաշխարհային ընդհանուր գյուղատնտեսական տենդենցներից հետ ենք մնում մոտ 15-20 տարի։ Եթե չկրճատենք այդ ժամանակահատվածը, վաղն ընդհանրապես չենք դիմանա մրցակցությանը։ Ուստի անհրաժեշտ է գյուղատնտեսության մեջ տեսանելի որակային աճ գրանցել ճիշտ քաղաքականության ու ռազմավարության և համառ կամքի շնորհիվ։  

 

               Արփի Խաչատրյան

 

նոր կորոնավիրուս Հայկ Մելքոնյան «Բերքառատ Հայաստան» նախաձեռնության Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից 324 մարդ է մահացել
ԱՄՆ սենատում պահանջում են թվիթերի դեմ քրեական գործ հարուցել
Թեյլոր Սվիֆթը մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին
ԱՄՆ-ն խզում է բոլոր հարաբերություններն ԱՀԿ-ի հետ․ Թրամփ
Քայլի Ջեները զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ
Հա, մի հարց էլ՝ «սև իկրան դիմակով ե՞ն ուտում, թե՞ առանց դիմակի»...
Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացնող օրենքը
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում». Ավետիք Իշխանյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին
Նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին
CNN- ի լրագրողը ձերբակալվել է ուղիղ եթերի ժամանակ
Ռուսաստանում  մեկ  օրում  կորոնավիրուսի 8572  դեպք  է  հայտնաբերվել
Նախագահը մշտապես ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում. նախագահը ստորագրել է կոնվենցիան
Նիկոլ Փաշինյանի, Արտավազդ Վանյանի եւ Արթուր Ասոյանի ասուլիսը՝ պարետատան նիստից հետո. ուղիղ
Դեռ Վենետիկի հանձնաժողովից էլ պետք է կարծիք ստանա ՍԴ-ն. այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդևանյան
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
ճիշտ կլինի, որ Ադրբեջանից հնչող թեմատիկ հայտարարությունների պատասխաններն առավելապես հնչեն Արցախի Հանրապետության համապատասխան ինստիտուտների կողմից
Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
Ֆայլաբազառի մտավորականություն. Նաիրա Զոհրաբյան
Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան
Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրվել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարևորությունը
Ավելին
Ավելին