f

Անկախ

Իսկ Դուք ազնի՞վ եք, տիկի'ն Անդրեասյան


Եվրոպացիների «PISA-շոկը»  

2001 թ. դեկտեմբերին հրապարակվեցին PISA-ի (Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագիր, որն իրականացնում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ համատեղ) առաջին արդյունքները: Դրանք ցնցում առաջացրին իրենց կրթության համակարգով հպարտացող մի շարք երկրներում, քանի որ իրենց արդյունքերն ավելի ցածր էին ուրիշ երկրներից: Այդ իրադարձությունը «PISA-շոկ» անվանումը ստացավ և ամբողջ աշխարհում կրթության ոլորտի բարեփոխումների սկիզբ դրեց: Ամենամեծ ցնցումը Գերմանիան ապրեց, որի դպրոցականները 22-րդ տեղն էին գրավել 33 երկրների շարքում: Դա խթան դարձավ, որ այս երկրում կրթության համակարգի հսկողության և գնահատման արմատական փոփոխություններ կատարվեին, ինչն ընդամենը մի քանի տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ տվեց:

Ի թիվս մի շարք բարեփոխումների, երկրում մտցվեց կրթության որակի գնահատման ազգային համակարգ: Ամեն տարի հատուկ ստեղծված անկախ մարմինը քննություններ է անցկացնում դպրոցներում, սակայն աշակերտների ստացած գնահատականները որևէ առնչություն չունեն նրանց հետագա առաջխաղացման հետ, այդ քննությունների արդյունքներով ստուգվում է դպրոցների տված կրթության որակը: Ընդ որում, դա ոչ թե պատժիչ նպատակ ունի, այլ աջակցելու: Եթե որևէ դպրոց կաղում է, ուսումնասիրվում են դրա պատճառները և որոշվում է օգնություն ցույց տալու հարցը: Այս ամենը բարելավեց գերմանացի սովորողների կրթական ձեռքբերումները, և դա արտացոլվեց PISA-ի հետագա վարկանիշներում, որոնք կազմվում են 3 տարին մեկ կատարվող գնահատման արդյունքների հիման վրա: 2015 թվականի ուսումնասիրությամբ Գերմանիան արդեն բարձր ցուցանիշներով երկրների շարքում էր, այն դեպքում, երբ առաջին ուսումնասիրությամբ նրա ցուցանիշները ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշներից ցածր էին: Բացի դրանից, Գերմանիան այն երեք երկրներից մեկն է այժմ, որոնք 2003-2012 թթ. նվազեցրել են անհավասարությունը կրթության ոլորտում:  

Շատ ավելի հետաքրքիր է Էստոնիայի օրինակը: Վերջին՝ 2018 թ. վարկանիշով այս երկիրը 1-ին տեղն է գրավել Եվրոպայում և 5-րդն աշխարհում Չինաստանից, Սինգապուրից, Մակաոյից և Հոնկոնգից հետո՝ մեծ հեռավորությամբ հետ թողնելով Ռուսաստանի, մերձբալթյան և մյուս երկրների կրթական համակարգերը: Ի՞նչն է գաղտնիքը:

Նախ՝ այստեղ  կրթական համակարգի բարեփոխումները սկսվել են դեռ Վերակառուցման տարիներին: Երկրորդ՝ նրանց ուսուցիչներին մասնագիտական ինքնուրունության մեծ ազատություն է տրված: Եվ հաջողության գլխավոր գրավականը՝ ուսուցիչների բարձր մակարդակը, ինչին, ի թիվս այլոց, նպաստում է համեմատաբար լավ աշխատավարձը: 2019 թ. Էստոնիայի դպրոցական ուսուցչի միջին աշխատավարձը կազմել է 1513 եվրո առանց պահումների (մոտ 786 հազար դրամ),  որ ավելի բարձր է երկրի միջին աշխատավարձից, իսկ մանկապարտեզների դաստիարակների միջին աշխատավարձը կազմել է 1145 եվրո: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մեծ թվով երեխաներ են մասնակցում տարբեր խմբակների (ընդ որում, գյուղական համայնքներում հավասարապես), ինչը հնարավորություն է տալիս  զարգացնելու երեխաների ուժեղ կողմերը, ընդլայնելու աշխարհայացքը և մեծացնելու հետարքրությունը խիստ նեղ առարկաների նկատմամբ: Եվս մի կարևոր հանգամանք՝ այստեղ տարրական և միջին դասարաններում էական նշանակություն ունեն ոչ միայն ուսուցիչների նշանակած «հինգը» կամ «երկուսը», այլև խոսքային գնահատականները (օրինակ՝ «շատ լավ է», «այս հարցում մի քիչ ավելի պիտի աշխատես» ևն): Էստոնիայի ավագ դպրոցի աշակերտները հստակ համոզմունք ունեն արդեն, թե ինչն է կյանքում մեծ հաջողությունների հասնելու գրավականը. սեփական գիտելիքներն ու հմտությունները և դրանք անընդմեջ հարստացնելու ունակությունը: Եվ պատահական չէ, որ մյուս երկրների շարքում այս երկրի պատանիներն ամենից նպատակասլացն են համարվում նաև:

Նախկին Խորհրդային Միության երկրների կրթության համակարգերը, ինչպես նշեցինք, Էստոնիայից զգալիորեն ցածր տեղերում են, բայց ոչ շատ ցածր: Լատվիան 30-րդ տեղում է (79 երկրների շարքում), Ռուսաստանը՝ 31-րդ, Լիտվան՝ 34-րդ, Բելառուսը՝ 36-րդ, Ուկրաինան՝ 39-րդ: Բայց շատ ավելի հետ են Մոլդովան (51-րդ), Ադրբեջանը (68-րդ), Ղազախստանը (69-րդ) և Վրաստանը (70-րդ): Հայաստանն այս ծրագրում չկա:

Իսկ որտե՞ղ է Հայաստանը

«Ես ուզում եմ հարցնել՝ քանի ծնող է փորձում տարեվերջին կարգավորել իր երեխայի գնահատականները և ոչ միշտ ազնիվ ձևերով, քանի իրավիճակներ ենք մենք տեսնում, որոնք խոսում են այն մասին, որ մենք դպրոցներում ունենում ենք  ուղղակի թվանշաններ, որոնք բարդ է ասել, թե կապված են կրթական գործընթացի հետ: <…> Մեր երեխաներին հետաքրքիր չէ, թե ինչ գնահատական են իրենք ստանում. գնահատման համակարգը չի աշխատում։ Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ, բայց դա չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրև ծնողից վախ… Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե ազնիվ լինենք և խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին»,- մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Վերը շարադրված երկար նախաբանը եվրոպական երկրների կրթության համակարգի մասին մի նպատակ ունեին՝ ցույց տալ մեր և նրանց խիստ հակադրությունը, տեսանելի դարձնել, որ հաջող կրթության համակարգ ունենալու համար առանձնապես մեծ գաղտնիքներ չկան: Եթե Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում շոկ է առաջացնում իրենց ցածր մակարդակը, մեկ-երկու աստիճանով ուրիշներից հետ մնալը, ապա հայ հասարակության մեջ ցնցում կարող է առաջացնել ահա այսպիսի հայտարարությունը: Այն էլ մի երկրում, որտեղ երկու տարի առաջ «հեղափոխություն» է տեղի ունեցել և այդ օրվանից շարունակ, գրեթե ամեն օր ազդարարվել է հեղափոխական վերափոխումների մասին: Այն էլ փաստացի երկրի կրթության ոլորտի երկրորդ պատասխանատուի շուրթերով:  

Այս հայտարարությունը տասնյակ հարցեր է առաջացնում: Առաջին՝ եթե չլիներ արտակարգ իրավիճակը, այդ խոստովանությունն արվելո՞ւ էր, տիկի՛ն Անդրեասյան, թե՞ շարունակելու էիք այդ մասին լռել՝ համարելով դա տասներորդական հարց: Եվ հետաքրքիր է՝ ինչքա՛ն էիք լռելու: Եթե սա ճշմարտություն է, ապա ինչո՞ւ չեք այն վերացնում, մանավանդ որ դա հայտնի է եղել դեռ «հեղափոխության» ժամանակ, ինչպես նշում եք: Իշխանափոխությունից հետո երկու տարի է անցել, այդ ժամանակամիջոցը բավական չէ՞ր պարզելու համար դրա արմատները և վերացնելու միջոցները, ո՞ւր են ձեր ուսումնասիրությունն ու դրա արդյունքները, դրանց հիման վրա ձեր մշակած հայեցակարգն ու ռազմավարությունը, էլ չասենք գործնական քայլերի մասին: Վերջապես ո՞վ է դրա պատասխանատուն, ինչո՞ւ եք հանրությանն առաջարկում ազնիվ լինել: Ազնիվ լինել ի՞նչ է նշանակում, հաշտվե՞լ այդ իրողության հետ, թե՞ ընդհանրապես հրաժարվել գնահատումից, մտածենք՝ ով ինչքան կսովորի՝ կսովորի, իր խնդի՞րն է:

Ասում եք՝ աշակերտին գնահատականը չի՞ հետաքրքրում: Դե ուրեմն ազնիվ եղեք և խոստովանեք, որ աշակերտները դասեր են քաղում ոչ միայն դպրոցում և ընտանիքում, այլև լրատվամիջոցներից ու սոցիալական ցանցերից, դասեր են քաղում այն ամենից, ինչ տեսնում և լսում են: Հիշեք, թե ինչպես նկարագրեց «հեղափոխությունը» երկրի առաջնորդը եվրոպական բարձր ամբիոնից. «Սկզբում եկան երեխաները, հետո նրանց ավագ քույրերն ու եղբայրները, հետո նրանց ծնողները…»: Բա ո՞ւր կորան այդ հեղափոխական երեխաներն ու նրանց ծնողները, այդ ինչպե՞ս են կաշառքով գնահատական նշանակել տալիս:  

Եվ ինչո՞ւ պետք է նրանց հետաքրքրի գնահատական ստանալը կամ գիտելիք ձեռք բերելը, եթե ամեն օր լսում են, թե ինչպես են բավականաչափ գիտելիք ու փորձ չունեցող մարդիկ բարձր պաշտոններ զբաղեցնում սոսկ այն պատճառով, որ քայլել են Գյումրիից Երևան և փողոցներ են փակել: Էլ ինչո՞ւ չարչարվեն, ինչո՞ւ մտածեն ինքնազարգացման մասին: Նրանք ի՞նչ բարոյական դասեր են քաղում, երբ տեսնում են, որ բարձր, պատասխանատու պաշտոններ են ստանում այն երիտասարդները, որոնք խուսափել են հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունից: Այո, եկեք ազնիվ լինենք, մտածե՞լ եք այդ մասին:  

Ճի՞շտ էր արդյոք երեխաներին հեղափոխությանը խառնելը, երբ նրանք դեռ ձևավորված անհատներ չէին և հստակ կողմնորոշիչներ չունեին: Արդյոք դա չէ՞ր պատճառը, որ  ցույցերի ընթացքում ձեռք բերված ոգևորությունն ու համարձակությունը պատանիների մի զգալի շերտում շատ արագ փոխվեց ամբարտավանության, արդյոք դա չէ՞ պատճառը, որ հանցավորությունը մեծացել է հատկապես այդ տարիքային խմբում. տղաներն իրենց վեճերը լուծում են բռունցքներով ու դանակահարություններով:  

Մենք փորձեցինք գործող ուսուցիչներից տեղեկություններ քաղել առկա իրավիճակի մասին, բայց մեկ-երկու փորձից հետո հասկացանք, որ դա անհեռանկար ձեռնարկում է: Ո՞ր ուսուցիչը կխոստովանի, որ կաշառքով գնահատական է նշանակում կամ կմատնի իր գործընկերներին: Շատ ավելի «բաց» գտնվեցին մասնավոր կրթօջախների մանկավարժները՝ հաստատելով, որ հանրակրթական դպրոցներում համատարած գնահատականները գնվում են: Հարցրինք՝ իսկ ձեզ մո՞տ: «Չէ, ի՞նչ եք ասում, մեզ մոտ նման բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի, եթե ինչ-որ մեկը փորձի նման բան, անմիջապես կհեռացվի»,- պատասխանեցին: Հարցրինք՝ լավ, ի՞նչ գիտեք, ինչպե՞ս պիտի վերանա այդ խոտելի երևույթը: «Դե գիտեք ինչ, դա երկար տարիների հարց է, մտածողություն պետք է փոխվի, մեր ժողովուրդը դեռ այդքան չի հասունացել, որ գիտակցի ակադեմիական ազնվության կարևորությունը»,- պատասխանեցին:- Բացի այդ, շատ լուրջ է կադրերի հարցը, բուհերը չեն ապահովում անհրաժեշտ որակը, մի տեսակ կախարդական շրջան է առաջացել»:

Մասնավոր դպրոցներն ուրեմն զերծ են գնահատականներ գնելու երևույթից, և դա շատ բնական ու տրամաբանական է: Ինչո՞ւ պիտի մասնավոր դպրոցի աշակերտի ծնողը փորձի գնահատական գնել, եթե ամեն ամիս ուսման բարձր վարձ է վճարում և վճարում է գիտելիքի դիմաց: Ինչո՞ւ պիտի տվյալ դպրոցի ուսուցիչը հավելյալ զարտուղի եկամտի մասին մտածի, եթե բարձր աշխատավարձ է ստանում իր ջանքերի դիմաց: Ուստի որակյալ կադրերը կգնան հենց այդ դպրոցները, ոչ թե ոչ մասնավորները, որտեղ ուսուցիչները չնչին աշխատավարձ են ստանում, իսկ իրենց ոլորտի նախարարներն ու փոխնախարարները՝ տասնապատիկ, վրան էլ նույնչափ պարտադիր պարգևավճարները: Ի լրումն, դրա հիմնավորումն են լսում, թե ցածր աշխատավարձով չենք կարող մասնավոր հատվածից լավ կադրերին բերել, թե շատ ենք վճարում, որպեսզի կոռուպցիայի չդիմեն: Ազնիվ լինենք, տիկին Անդրեասյան, ուրեմն ինչպե՞ս պիտի կարողանանք սովորական դպրոցի սովորական ուսուցչի մտածողությունն այս պարագայում փոխել:  

Եվ մի հարց էլ, դեռ քանի՞ տարի եք առաջարկելու ազնիվ լինել, քանի՞ համաճարակ ու արտակարգ իրավիճակ է լինելու, որ  ստիպված լինեք այսպիսի խոստովանություններ անել:

Անահիտ Հարությունյան

 

Կրթություն եվ գիտություն Ժաննա Անդրեասյան կրթության համակարգ գնահատման համակարգ

Այլ հոդվածներ հեղինակից

Նա պետք է լինի փորձառու, կայուն, հաստատուն գործիչ։ Ղեկավարը պետք է լինի լուրջ մարդ՝ իր ապրած կյանքով։
ԱՄՆ իշխանությունները  հայտարարում են  իրանցի գիտնականի սպանությանն  Իսրայելի մասնակցության մասին․ CNN
ԱՀԿ-ն խստացրել է դիմակներ կրելու կանոնները
ՆԱՏՕ-ն հայտարարել է  մրցակցության  վերադարձի  և «ագրեսիվ Ռուսաստանի»  մասին
Թուրքիան հայտնել է մեկ օրում կորոնավիրուսի և մահվան դեպքերի ռեկորդային թվի մասին
Չիլիում երկրաշարժ է  տեղի  ունեցել
Զարմանալի է, որ Նիկոլի թիմն օգեւորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վաղը՝ ժամը 18։00-ից ապակենտրոն սկզբունքով կփակվեն Երեւանի փողոցները
Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch
Այդպիսի հայտարարություններն ուղղակի պոպուլիստական, հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելու նպատակ են հետապնդում․ տնտեսագետ
LiveUmap-ը հայտնում է, որ ադրբեջանին է հանձնվել Մեծ եւ Փոքր Ալ լճերի տարածքը շուրջ 20 կմ խորությամբ. Արսեն Բաբայան
2019-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 26.4% կամ աղքատ է ամեն 4-րդ մարդը, ծայրահեղ աղքատ է 40 000 մարդ․ զեկույց
Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. քաղաքապետի մամուլի խոսնակ
Կառավարությունը վերացրեց ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները
Հուշագիր՝ ՀՀ ԱԱՏՄ և Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ․ օրակարգում աշխատանքային իրավունքին և անվտանգությանն առնչվող հարցեր են
Աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության մեջ է գտնվում․ ՄԱԿ
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնյաներին․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Եթե մեկն առաջարկում է՝ արի քեզ չգրանցեմ, այդ մարդը պետք է իր քայլերն ուղղի աշխատանքի տեսչություն. Ռուբեն Օսիպյան
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 4-ին կքննարկեն եվրասիական ինտեգրումը
Աշխարհում մեկ շաբաթում  կորոնավիրուսի գրեթե 4 միլիոն դեպք է գրանցվել, իսկ  մահացությունն աճում է․ ԱՀԿ
Ծեծել էր 51-ամյա տղամարդուն ու հափշտակել հեռախոսը․ Արտաշատի ոստիկանները բացահայտել են ավազակությունը
Դավիթաշենի բաժանմունք բերման ենթարկվածի խուզարկությամբ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին վայրերում սպասվում է մառախուղ
Դուք տապալել եք Հայաստանի Հանրապետությունը. Գլենդելի հայերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով.
Ավելին
Ավելին