f

Անկախ

Կորոնավիրուսի ճիրաններում. ի՞նչ է պատմում վարակված 7 հոգանոց ընտանիքի դուստրը


Վարդենիսում կորոնավիրուսով վարակված Ժամհարյանների ընտանիքը դեռևս բուժման և ինքնամեկուսացման մեջ է: Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում տեսել ու զգացել են, չեն ցանկանում ոչ ոքի: Այն ուղղակի մղձավանջ էր: Հիմա նրանց միակ ցանկությունը ընտանիքի վերամիավորումն ու խաղաղ կյանքի վերադարձն է:

Ամեն ինչ սկսվեց ապրիլ ամսվա սկզբին, երբ ընտանիքի դուստրը՝ 37-ամյա Մարիամը, սկսեց գանգատվել որովայնի ցավերից և որոշեց այցելել պոլիկլինիկա: 

«Զանգեցի մեր բժշկուհուն, պայմանավորվեցի, գնացի էխոյի,-Անկախին պատմում է Մարիամը,-հետազոտվեցի, ամեն ինչ նորմալ էր: Բժշկուհին ստամոքսի համար բուժում նշանակեց, եկա տուն: Հաջորդ օրը երեկոյան ջերմությունս բարձրացավ: Բժշկուհուս ասացի, որ ջերմություն ունեմ, նաև սկսել էի թեթև հազալ: Ասաց, որ պիտի պարտադիր թոքերս հետազոտել: Հաջորդ օրն այնքան թույլ էի, որ չկարողացա գնալ հետազոտման, խնդրեցի, որ ինքը գա մեր տուն ու թոքերս լսի: Եկավ, ասաց՝ մաքուր է, բայց ամեն դեպքում խորհուրդ տվեց, որ առաջիկա օրերին գնամ ռենտգենի: Նաև բուժում նշանակեց, որ հանկարծ թոքաբորբ չզարգանա»:

Հաջորդ օրը Մարիամի ծնողներն են սկսում վատ զգալ: Նրանց ջերմությունն էլ է բարձրանում, որից հետո հերթով ընտանիքի մյուս անդամների ջերմությունն է բարձրանում՝ եղբորը, եղբոր կնոջն ու երեխաներից մեկինը (միայն եղբոր 7-ամյա աղջիկը ջերմություն չուներ):

«Տարօրինակ էր, երբեք չէր եղել, որ ամբողջ ընտանիքով միանգամից հիվանդանայինք ու տաքություն ունենայինք: Ես ու պապաս ավելի վատ էինք մյուսների համեմատ: Բժշկուհին նորից պնդեց, որ անպայման գնանք թոքերը նկարելու»:

Ապրիլի 13-ին Մարիամն ու հայրը պոլիկլինիկայում թոքերը հետազոտում են, բայց երկուսի պատասխաններն էլ «մաքուր» են լինում: Այնուամենայնիվ, բժշկուհին հորը նույնպես թոքաբորբի դեմ բուժում է նշանակում: 

«Հետաքրքիր է, որ պապայի մոտ ռենտգենը սրտի հետ կապված խնդիր էր ցույց տվել: Դա շատ տարօրինակ էր, որովհետև պապաս երբեք սրտի գանգատ չէր ունեցել: Հետո պիտի հասկանայինք, թե դա ինչ էր...»:

Մարիամն ասում է, որ այն, ինչ զգում էին, սովորական հիվանդություն չէր, այդ պատճառով ուզում էին կորոնավիրուսի թեստ հանձնել հանգիստ լինելու համար: Բժշկուհին էլ դեմ չէր, բայց կար հստակ չափորոշիչ, որի դեպքում միայն կարող էին թեստ հանձնել. դա թոքաբորբն էր, որը նրանց դեպքում, փաստորեն, ռենտգեն հետազոտությունը չէր հաստատում:

«Մի տեսակ ամեն տեղս ցավում էր: Երբ կռանում էի, ոնց որ քթիս միջով ինչ-որ ծակող օդ բարձրանար ուղեղիս մեջ: Հազիվ հասցնում էի ձեռքով քիթս փակել, որ էդ զգացությունն անցնի: Շատ տարօրինակ զգացողություններ էի ունենում»:

Ինչևէ, ռենտգենից հետո ևս երեք օր բուժում ստանալով և հասկանալով, որ ջերմությունը չի իջնում, իսկ ծնողների, հատկապես հոր վիճակը գնալով վատանում է, եղբայրը ծնողներին թոքերի կրկնակի հետազոտության է տանում այս անգամ արդեն Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Ծնողների մոտ հաստատվում է երկկողմանի թոքաբորբ, հոր մոտ՝ արդեն խորացած վիճակում:

«Հենց նույն օրը նրանց թեստավորեցին: Երկու օր հետո պատասխանը եկավ դրական՝ կորոնավիրուս: Նույն օրը՝ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը, մեզ ամբողջ ընտանիքով հատուկ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Երևան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Ծնողներիս տեղավորեցին «օրթոպեդիկում», պապայի վիճակը ծանր էր, նրան միանգամից վերակենդանացման բաժանմունք տարան ու արհեստական շնչառության սարք միացրեցին»: 

Ընտանիքի մյուս անդամների թեստերի արդյունքները նույնպես դրական էին: Բոլորի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Նրանց մեկուսացնում են, բայց ոչ թե հիվանդանոցում, այլ հյուրանոցներում:

«Փաստորեն ամենածանրը հորս վիճակն էր, նա շաքարային դիաբետ ունի: Բացի դա, վիճակը շատ էր վատացել, քանի որ սրտի ու թոքի արանքում ջուր էր հավաքվել: Բարեբախտաբար, բժիշկների ջանքերի շնորհիվ հորս վիճակը կայունացավ: Արդեն մի քանի օր է՝ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ»:

Մարիամը, որն առաջինն էր զգացել կորոնավիրուսի նշանները, ենթադրում է, որ պոլիկլինիկայում է վարակվել։ Բայց Մարիամը նաև մտածում է, որ ինքը միգուցե շատ ավելի վաղ է վարակված եղել, և որովայնի ցավերն էլ դրա հետևանքով են եղել:

«Ճիշտ չէ որևէ մեկին մեղադրելը, որովհետև ոչ ոք չգիտի, թե որտեղից ու ոնց կարող է վարակվել: Ուղղակի պետք է պահպանել բոլոր կանոնները: Իմ բժշկուհին, օրինակ, այդ առումով շատ բծախնդիր էր: Երբ ես գնացի նրա մոտ հետազոտության, նա ամբողջությամբ հատուկ պաշտպանիչ բժշկական հագուստով ու դիմակով էր»: 

Փաստորեն Երևան տեղափոխվելուց հետո 7 հոգանոց ընտանիքի անդամներից բուժում են ստացել ու շարունակում են ստանալ միայն Մարիամի ծնողները, մյուսները որևէ բուժում չեն ստանում, միայն օրը մեկ անգամ հյուրանոցի բժիշկը թթվածինն ու սրտի աշխատանքն է ստուգում, եթե այլ գանգատ չկա:

Առաջին թեստավորումից հետո նրանց երկրորդ անգամ թեստավորել են 14 օր անց: Արդյունքները բոլորի մոտ, բացի երեխաներից, նորից դրական է եղել: Սովորաբար, եթե արդյունքը դրական է, կրկին թեստավորում են 3 օր հետո, իսկ եթե բացասական է, հաջորդ օրն են կրկնում:

«Այսօր, օրինակ, իմ պատասխանը նորից դրական եկավ, հարսիս պատասխանը՝ բացասական: Հիմա վաղը իրեն նորից կթեստավորեն: Եթե էլի բացասական լինի, ինքն արդեն երեխեքի հետ կարող է գնալ տուն, բայց 14 օր էլ տանը պետք է ինքնամեկուսանան»:

Հյուրանոցում Մարիամը փորձում է ինքնամեկուսացած առօրյան կազմակերպել այնպես, որ չձանձրանա, մանկավարժական համալսարանի ավարտական քննություններին է պատրաստվում, բայց վիրուսի հետևանքները աչքերի վրա դեռ զգում է: «Հենց երկար եմ կարդում, աչքերս սկսում են մրմռալ: Մյուս տհաճ զգացողություններն անցել են»: 

Օգտվելով առիթից՝ նա ուզում է հատ-հատ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, հատկապես բժիշկներին, որոնք այս ողջ ընթացքում պայքարել են իրենց առողջության ու կյանքի համար:

«Բժիշկների աշխատանքն այս իրավիճակում անգնահատելի է: Պապայիս կյանքը մազից փրկեցին: Պետք է ուղղակի խոնարհվել նրանց առաջ: Հիշում եմ, երբ մեզ տեղափոխեցին Նորքի հիվանդանոց, ժամը 5-ն էր, լուսաբաց: Պիտի տեսնեիք, թե մեզ ոնց ընդունեցին, ոնց իրենց գործը ամենաբարձր մակարդակով արեցին, չնայած բժիշկների դեմքից երևում էր, որ տանջված են ու գերհոգնած»:

Նա շնորհակալություն է հայտնում Վարդենիսի զինվորական հոսպիտալի նյարդաբան Հրաչիկ Բադեյանին, հոսպիտալի ռենտգենոլոգին, ողջ բուժանձնակազմին, Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանին, Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Շահեն Շահինյանին, ՀՎԿԱԿ աշխատակիցներ Հայկ Թովմասյանին, Հասմիկ Հարությունյանին, շտապօգնության վարորդներին, որոնք իրենց գիշերը հասցրին Երևան, Երևանի Օրթոպեդիայի ինստիտուտի և Նորքի ինֆեկցիոն հիվադանոցի բուժանձնակազմերին, «Նաիրի» հյուրանոցում աշխատող բժիշկ Հովսեփ Գրիգորյանին, բուժքուր Անի Այվազյանին, պարետատանը, որտեղից զանգում ու հետաքրքրվում են իրենց վիճակով և իհարկե իր թերապևտ Քրիստինե Մելքոնյանին, ինչպես նաև բուժքույր Վերգինե Գևորգյանին, որոնց շնորհիվ, փաստորեն, մինչև կորոնավիրուսի հայտնաբերումը իր մոտ կանխվեց թոքաբորբի զարգացումը:

Սարսափելի օրերն անցյալում են, և Մարիամը հուսով է, որ շուտով կվերադառնան տուն և կանցնեն բնականոն կյանքին, որն արդեն կորոնավիրուսային մղձավանջից հետո բոլորովին նոր իմաստ է ձեռք բերել, իսկ ընտանիքն ասես վերածնվել է:

Վարդենիս Գեղարքունիքի մարզ Հայաստան նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին