f

Անկախ

Վերադասավորումներ Մերձավոր Արևելքում․ «եռացող կաթսան» ավելի ուժգին կեռա


Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունները մի պահ սառեցվեցին։ Բայց այդ վիճակը երկար չտևեց։ Համավարակի վերջը դեռ չի երևում, բայց Մերձավոր Արևելքում, միջազգային հանրության ուշադրությունից դուրս,  ռազմական զարգացումների պակաս չի զգացվում։

Ի՞նչպիսին է իրավիճակը Մերձավոր Արևելքում և ի՞նչ զարգացումներ են սպասվում․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ամփոփելով  իրավիճակը՝ մերձավորարևելյան դերակատարներից հատկապես ո՞ւմ էր շահեկան համավարակը։ Ո՞ր կողմերն են առավելագույնս օգտվել այս իրավիճակից։

-Համավարակի իրողությունը որոշակիորեն օգտագործվեց մի շարք դերակատարների կողմից, որոնք ունեն աշխարհաքաղաքական,  անվտանգային լուրջ խնդիրներ, նպատակներ տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդման առումով։ Մասնավորապես, կարելի է նշել Թուրքիայի, Իսրայելի , Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի մասին, որոնք օգտագործեցին այն իրողությունը, որ  միջազգային հանրությունը զբաղված է շատ ավելի կարևոր առողջապահական մարտահրավերով և որոշակիորեն աչքաթող է արել մինչ այս տարածաշրջանում եղած խնդիրները։

-Միջազգային հանրության ուշադրությունից դուրս ի՞նչ  վերադասավորումներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում։

-Ամբողջ խնդիրն այն է, որ մարդկությունը գտնվում է համավարակի տարածման նախնական փուլում և շարունակվում է անորոշությունը  վիրուսի տարածման ընթացքի և  ընդհանուր հետևանքների առումով։ Հետևաբար բոլոր կանխատեսումները պետք է արվեն կարճաժամկետ հեռանկարում։ 

Եթե մենք դիտարկում ենք անցած երկու ամիսները, ապա կարող ենք արձանագրել, որ Թուրքիան Լիբիայում ամրապնդեց և շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ իր հովանավորյալ Ազգային համաձայնության կառավարությանը ցուցաբերած ռազմական աջակցությամբ լիբիական ռազմաճակատում էական և ռազմավարական հաջողություններ արձանագրելով։

Թուրքիան կարողացավ օգտագործել իրավիճակը նաև Սիրիայում դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով։ 

Հնարավոր է Թուրքիայի դերակատարության որոշակի աճ նաև Լիբանանում։ Թուրքիան օգտվում է ստեղծված իրավիճակից՝ ամրապնդելու իր դիրքերը  բոլոր այն երկրներում, որտեղ կա միջամտության հնարավորություն։

Դարձյալ Սիրիայում Իսրայելը կարողացավ լուծել իր համար լուրջ անվտանգային խնդիրներ՝ էական վնաս հասցնելով Իրանի և նրա հովանավորյալ կառույցների դիրքերին։ Խոսվում է  անգամ այն մասին, որ Իրանը ծրագրում է նախկին մարտավարության փոփոխություն և սեփական ուժերի դուրսբերում Սիրիայի առանձին շրջաններից։

Նույն Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումներն օգտվում են այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Իրանը զբաղված են իրենց համար այս  պահին ավելի կարևոր խնդրով, սիրիական իշխանությունները ևս ավելի շատ կենտրոնացել են համավարակի վրա, և փորձում  են ակտիվացնել իրենց դիրքերը։

Զուգահեռաբար ԱՄԷ-ն  կարողացավ օգտագործել համավարակի իրողությունն իր  աշխարհաքաղաքական  հեղինակությունը բարձրացնելու նպատակով։

Եմենում հութիներն օգտագործում են Սաուդյան Արաբիայի կողմից հայտարարված հրադադարը և ավելի են ամրապնդում իրենց դիրքերը։

Այսինքն  հիմնական ակտիվ հակամարտային գոտիներում  դիրքային որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ 

-Մերձավոր Արևելքում շահերը մեծապես պայմանավորված են էներգակիրներով։ Նավթի գնի նվազումն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի տնտեսության և հակամարտությունների վրա։

-Իհարկե, էներգակիրների շուկայում  տիրող իրավիճակն իր ազդեցությունն ունենալու է տարածաշրջանում։ Մերձավորարևելյան  երկրների ֆինանսական հիմնական աղբյուրը համարվում  է  էներգակիրների վաճառքը։ Եվ, հետևաբար, զարգացումներն էներգակիրների շուկայում ազդեցություն կունենան Պարսից ծոցի հատկապես արաբական երկրների հետագա վարքի վրա։ Այդ երկրները որոշակի փուլում կանգնելու են իրենց քաղաքական առաջնահերությունների միջև  ընտրության առջև, որովհետև կարող է գալ մի փուլ, որ համավարակի պատճառով  բոլոր հնարավոր ռեսուրսներն ուղղվեն  երկրների ներսում սոցիալական խնդիրների լուծմանը, և անտեսվեն կամ որոշ ժամանակով հետաձգվեն արտաքին ոչ այնքան կարևոր, անգամ աշխարհաքաղաքական նշանակության խնդիրներում սեփական դերակատարության հետ կապված հարցերը։

Բայց պետք է հաշվի առնել, որ որքան էլ նվազեն  նավթի գները, այդուհանդերձ այս տարածաշրջանը շարունակելու է կարևորություն ունենալ  նավթի համաշխարհային շուկայում ընթացող գործընթացներում։ Հետևաբար, անգամ եթե գլոբալ դերակատարների հետաքրքրությունն այս տարածաշրջանի նկատմամբ առժամանակ նվազի, դա կրելու է ոչ երկարատև բնույթ։

Ներկայում  տեսնում ենք նման դրսևորում ԱՄՆ-ի, ԵՄ երկրների կողմից, որոնք կարծես աչքաթող են արել իրավիճակը Մերձավոր Արևելքում  և կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։  Բայց համավարակից հետո տնտեսությունը  ոտքի հանելու տեսանկյունից անհնար է աչքաթող  անել էներգակիների խնդիրը, որը փաստացի համարվում է ցանկացած երկրի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը։

-Մինչ համավարակը Մերձավոր Արելքը համեմատվում էր եռացող կաթսայի հետ։ Չնայած ասացիք, որ երկարաժամկետ կանխատեսումներ չեք անի, այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ համավարակից հետո ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Եվ արդյո՞ք գլոբալ դերակատարները կընդունեն վերադասավորումների արդյունքները։

-Ես իհարկե չեմ փորձի համընդգրկուն պատասխանել հարցին, որովհետև դեռևս մեծ է անորոշությունը։ Հակիրճ, եթե իրավիճակի փոփոխություն լինի, ապա  միանշաակ  դեպի վատը։ Զարգացումները տարածաշրջանում անվտանգային, աշխարհաքաղաքական և տնտեսական առումով  ավելի բացասական հետևանքներ են ունենալու,  քան մինչ համավարակային իրավիճակն էր։

-Այսինքն տեսակետը, թե համավարակը կանխեց 3-րդ համաշխարհայինը, այնքան էլ այդպես չէ։

-Բացառվում է, կարող է հակառակը տեղի ունենալ, որովհետև կորցրած կամ նոր դիրքերի,  առաջացած ընդհանուր մարտահրավերների հաղթահարման համընդհանուր մրցակցություն է սկսկվելու Մերձավոր Արևելքում։

 

Մերձավոր Արևելք Արմեն Պետրոսյան

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին