f

Անկախ

Աստղերն ուսումնասիրելու մանկության երազանքն ինձ  գիտություն բերեց․ Նաիրա Ազատյան


Ինչպե՞ս են առաջանում մեծ զանգվածով աստղերը։ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան  Բյուրականի աստղադիտարանում ունեն այս հարցի իրենց հավանական պատասխանը։ Եթե նրանց առաջարկած գաղափարը հաստատվի, կլուծվի աստղագետներին հուզող կարևոր հարցերից մեկը՝ խթան դառնալով ոլորտի նորովի զարգացմանը։ 

 «Գիտությանը ներկայում հայտնի է, թե ինչպես են առաջանում Արեգակի պես փոքր զանգվածով աստղերը։ Բայց չլուծված ու կարևոր հարց է, թե ինչպես են առաջանում, օրինակ, Արեգակից 8 և ավել անգամ մեծ զանգվածով աստղերը։ Եթե փոքր զանգվածով աստղերի առաջացման տեսությունը կիրառենք մեծ զանգվածով աստղերի առաջացումը բացատրելու համար, ֆիզիկայի օրենքներում հակասություն կառաջանա։ Հետևաբար ենթադրվում է, որ մեծ զանգվածով աստղերի առաջացումը հասկանալու համար այլ մոտեցումներ են անհրաժեշտ»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Աստղադիտարանի «Անկայուն երևույթներ» բաժնի  գիտաշխատող, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Նաիրա Ազատյանը, որի  թեկնածուական ատենախոսությունը հենց այս թեմային է նվիրված եղել։

«Մեր վերջին հոդվածում ենթադրել ենք, որ մեծ զանգվածով աստղի առաջացման համար հրահրող ուժ է պետք։ Նման աստղառաջացման պրոցեսը չի կարող դանդաղ ընթանալ, ինչպես փոքր զանգվածով աստղերի դեպքում է, այլ պետք է շատ արագ տեղի ունենա։ Այդ տեսությունը հիմա կիրառում եմ մեկ այլ աստղառաջացման տիրույթում՝ հասկանալու, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- ասում է Նաիրան։ 

Նրա խոսքով՝ եթե առաջարկված տեսությունը հաստատվի, և ի վերջո այս խնդրի՝ մարդկությանը մինչ այս անհայտ պատասխանը գտնվի, ինքն աշխարհի ամենաերջանիկ մարդը կդառնա։ «Այդ խնդրի լուծումը ոչ միայն մեծ ներդրում կլինի աստղագիտության զարգացման գործում, այլ նաև կարող է հետագա կիրառական նշանակություն ունենալ՝ դառնալով նոր հայտնագործությունների հիմք»,- ասում է նա։ 

32-ամյա Նաիրա Ազատյանը Բյուրականի աստղադիտարանում է աշխատում արդեն 10 տարի։ Վստահեցնում է՝ ամեն օր ավելի ու ավելի է համոզվում, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել, որ ճիշտ իր տեղում է։ Իսկ աստղագետի մասնագիտությունը ժամանակին ընտրել է՝ մանկության երազանքն իրականություն դարձնելու համար։ 

«Ծնվել ու մեծացել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Քանի որ Մարտունին ծովի մակարդակից ավելի բարձր է (մթնորորտի շերտերը համեմատաբար նոսր են), և լուսավորությունն էլ համեմատաբար քիչ, ի տարբերություն երևանյան երեկոների, այնտեղ երեկոներն աստղաշատ են լինում։ Իմ մանկության երեկոներն անցել են ընկերներիս հետ երկինքն ուսումնասիրելով։ Փորձում էինք տարբեր տեսություններ հորինել աստղերի մասին։ Ու աստղերն իրականում ուսումնասիրելն ինձ համար երազանք էր դարձել»,- պատմում է նա։ Իսկ երբ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում սովորելիս մասնագիտացման ամբիոն ընտրելու պահն է հասունացել, ընտրել է աստղաֆիզիկան։ 

«Իմ ձեռքում հայտնվել էր մի թուղթ, որտեղ գրված էին ամբիոնների անունները։ Վերջին սյունյակում ես գտա Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի անունը։ Այդ պահից ինձ համար կարծես թե ամեն ինչ պարզ էր, ես որոշեցի դառնալ աստղագետ։ Ժամանակն էր իրականություն դարձնելու մանկությանս երազանքները»,- պատմում է նա։

Ասում է՝ հաստատակամ էր գիտությամբ զբաղվելու որոշման մեջ, և իրեն չեն կարողացել խանգարել ոչ գիտության անբավարար  ֆինանսավորումն ու գիտնականի ցածր աշխատավարձը, ոչ էլ ոլորտում առկա այլ խնդիրները։ 

«Միշտ մտածել եմ, որ ես այս գործն անում եմ սիրով։ Էլ ո՞ւր պետք է գնամ, որ իմ աշխատանքն անեմ սիրով։ Փորձել եմ մի քանի տարբերակներ, դպրոցում էլ եմ աշխատել, բայց հասկացել եմ, որ ինձ լիարժեք եմ զգում հենց գիտության ոլորտում և գիտական աշխատանքով զբաղվելիս,- ասում է Նաիրան։ - Աշխատավարձից վեր եմ դասել հանգամանքը, որ ես սիրում եմ իմ աշխատանքը և  գտնվում եմ մի միջավայրում, որտեղ ամեն օր նոր բացահայտումներ եմ անում, որն ամեն վայրկյան ավելի ու ավելի է հետաքրքրանում»։

«Աստղագիտությունն  ինձ համար ամենագեղեցիկ գիտությունն է, որտեղ ամեն վայրկյան կարող ես նոր բացահայտումներ անել։ Ու ինչքան բացահայտում ես, այնքան հասկանում ես, որ ավելի շատ բացահայտումների տեղ ունես։ Եվ կանգ առնել չես կարող»,- ասում է Նաիրան։

Խոսելով գիտության գրավչության մասին՝ Նաիրան  կարծում է՝ եթե գիտության ֆինանսավորման խնդիրը լուծվի, կնկատվի նաև երիտասարդ մասնագետների հոսք դեպի գիտություն։ Նա ընդգծում է՝ ներկայում շատերն են ստիպված թողնում գիտությունը և անցնում ՏՏ ոլորտ, քանի որ ունեն ֆինանսական, կենցաղային հոգսեր, որոնք չենք կարող լուծել գիտնականի աշխատավարձով։ 

«Կարևոր է նաև, որ ուսուցիչներն ու դասախոսները կարողանան ճիշտ ու գրավիչ ներկայացնել  ոլորտում առկա հեռանկարները երիտասարդների համար»,- ասում է նա՝ հավելելով, որ ինքն ու Աստղադիտարանի իր գործընկերները դասախոսություններ են կարդում տարբեր դպրոցներում՝ ներկայացնելով, թե որքան  կարևոր ու գրավիչ է գիտնականի աշխատանքը և ինչ հեռանկարներ կան ոլորտում։ 

«Տարիների ընթացքում հասարակությանը, դիմորդներին համոզել են, որ գիտության ոլորտում ապագա չկա։ Բայց իրականում այդպես չէ։ Անգամ ցածր աշխատավարձի  պայմաններում, օրինակ, աստղագիտությունն ընտրելով, հնարավորություն ունես գրանտներ գտնել,  մասնագիտական աճ ունենալ, աշխատել տարբեր երկրների հեղինակավոր մասնագետների հետ։ Ամեն վայրկյան առաջընթացի հնարավորություն ունես։ Այդ ամենն ապագայում նաև ֆինանանսով կապահովի, բայց ոչ միանգամից,- ասում է նա։- Օրինակ՝ որևէ այլ ոլորտում նման աշխատավարձ ստացող մասնագետը չի կարող ճամփորդել աստղագետի չափ։ Մենք տարեկան 3-4 երկիր հասցնում ենք այցելել։ Եթե միայն գումարային տեսանկյունից ենք նայում, այո, մեր աշխատավարձը ցածր է, բայց ընդհանուր պատկերը դիտելով՝ անսահման հնարավորություններ ունենք, կարևորը՝ գործը սիրով անես»։

Նաիրան  մատնանշում է նաև աստղագիտության մի կարևոր առանձնահատկությունը․ գիտության այս ճյուղն այնքան միջազգային է, որ տեղում ժամանակակից տեխնոլոգիաների պակասը չի կարող խանգարել արդիական հետազոտություններ և արդյունքներ ունենալուն։ 

«Աշխարհի բոլոր դիտակներից ստացված արդյունքները հասանելի են համացանցում։ Աշխարհի ցանկացած կետում աշխատող աստղագետը կարող է վերցնել այդ տվյալները, հետազոտել և թարմ գիտական արդյունքներ արձանագրել։ Ճիշտ է, լավ կլիներ, որ մենք էլ կարողանայինք մեր դիտակները թարմացնել ու ինքներս դիտումներ անեինք։  Բայց դա չի նվազեցնում մեր հետազոտությունների որակն ու մակարդակը»,- ասում է նա։ 

Նաիրա Ազատյանը երազում է, որ գիտությունն ի վերջո մեր երկրում մի օր պատշաճ գնահատանքի ու վերաբերմունքի արժանանա։ Ասում է՝ վերջին տարիներին պետության մակարդակով դրական փոփոխություններ արդեն նկատվում են, բայց կարևոր է, որ այդ ամենը շարունակական լինի։ «Այն պետությունները, որոնք գիտությանը կարևորություն  չեն տալիս, ոչ միայն չեն զարգանում, այլ նաև հետընթաց են ապրում։  Գիտությունն ու կրթությունը պետության հիմքն են։ Դրա հիման վրա միայն պետությունը կարող է ունենալ հզոր տնտեսություն, բանակ, զարգացած հասարակություն»,- ասում է նա։ 

Ազատյանը կարևորում է նաև, որ պետական մակարդակով բավականաչափ հոգածություն դրսևորվի և հիմնարար, և կիրառական գիտության հանդեպ․ «Կառավարությունը հատկապես  կիրառականն է կարևորում, քանի որ ուզում է կարճաժամկետ հեռանկարում արդյունքներ ունենալ։ Բայց որքան կարճ ժամանակում են ստացվում գիտական արդյունքները, այդքան էլ կարճ կլինի դրանց կյանքը։ Մինչդեռ ֆունդամենտալը տարիների աշխատանք է պահանջում, բայց կարող է շատ ավելի մեծ արդյունքներ տալ։ Հեռանկարային, պետականամետ մտածողություն է պետք ֆունդամենտալ գիտության կարևորությունը հասկանալու համար»։  

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան Բյուրականի աստղադիտարան խմբագրի ընտրանի գիտություն գիտության զարգացում երիտասարդ գիտնականներ աստղագիտություն ՀՀ ԳԱԱ կին գիտաշխատող Կինը և գիտությունը

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին