f

Անկախ

Աննա Դանիբեկյանից ավելին չեմ սպասում, քան առաջնորդվել իրավունքի պահանջով. ՀՀ նախկին վարչապետ


Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ այսօր կհրապարակվի դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Կարեն Կարապետյան եւ Անուշավան Դանիելյան) հանդես էին եկել անձնական երաշխավորությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Հարությունյան, ի՞նչ սպասումներ ունեք դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա որոշումից:

- Սպասելիքներս կարելի է դիտարկել ե՛ւ տարակուսանքի հարթության մեջ, ե՛ւ դրական իմաստով: Ուզում եմ հուսալ, որ, այդուհանդերձ, Աննա Դանիբեկյանի մեջ դատավորի առաքելությանը բնորոշ ձայնն ավելի բարձր կլինի, ավելի պատասխանատու ինքն իրեն կզգա եւ կառաջնորդվի բացարձակապես օրենքի եւ իրավունքի տառով: Թեպետ գիտեմ, որ դժվար է լինելու, շատ լավ հասկանում եմ, որ նա կին է, որը հայտնվել է կամ գտնվում է, հավանաբար, բավականին լուրջ ճնշման տակ: Օրինակ, ես ավելին չեմ սպասում Աննա Դանիբեկյանից, պետք էլ չի սպասել, դատավորը մեկ խնդիր ունի՝ ծառայել օրենքին ու իրավունքին եւ առաջնորդվել այդ իրավունքի պահանջով: Սա ավելին է, քան սեփական խիղճը: Անկեղծ պետք է լինենք եւ ասենք, որ, փաստորեն, մենք կանգնած են բավականին պատասխանատու ջրբաժանին: Խոսքս վերաբերում է նրան, թե ՀՀ քաղաքացիներս, ՀՀ ազգաբնակչությունը, պատասխանատուները գիտակցո՞ւմ են իրավական պետություն դառնալու անխուսափելի անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Սա լուրջ խնդիր է, եւ հիմա այս դատավարությունը նաեւ այդ հարցի պատասխանն է տալու: Այս դատավարությունն, ըստ էության, պատասխանելու է՝ մենք գիտակցո՞ւմ ենք ժողովրդավարական, իրավական պետություն լինելու, դառնալու պատմական հրամայականը: Թող բարձրագոչ չթվա, բայց այս հարցում նաեւ Աննա Դանիբեկյանը կարող է ունենալ իր շատ պատասխանատու դերակատարումը: Անկասկած, պետք է փաստենք, որ իրավական պետության կայացման ճանապարհը հարթ չէ եւ պետք է գիտակցենք, որ այդ ճանապարհը լի է տարբեր տեսակի, երբեմն նաեւ պսեվդոիրավական խոչընդոտներով: Եվ խնդիրը հենց դրանում է, որ հենց Աննա Դանիբեկյանն ու իր գործընկերները պետք է սահմանադրական կարգի պահպանման առաքյալները լինեին:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Սահմանադրական կարգն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական պետություն է, որը հարգում է իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը, որում մարդը գերագույն արժեք է եւ իր իրավունքը գերակա է: Հիմա Աննա Դանիբեկյանը հոժարակամ զինվորագրվել է իրավական պետություն կայացնելու իշխանության թեւերից մեկի գործառույթին, նա կամավոր ստանձնել է դատավորի առաքելությունը, որովհետեւ դատավորը պաշտոն չէ, այլ ՝ առաքելություն, հետեւաբար պետք է իր իսկ կամավոր ընտրությամբ այդ պատասխանը հնչեցնի: Կանի՞, ուրեմն՝ կարող ենք արձանագրել, որ ի դեմս Աննա Դանիբեկյանի, ունենք դատական իշխանության պատասխանատուներ, որոնք պատրաստ են իրենց անձնական օրինակով, վարքով, բարքով, որոշումներով նպաստել իրավական պետության կայացմանը, եթե չի անի, անկասկած, պետք է տխրենք: Ընդ որում՝ պետք է արձանագրենք, որ իրավական պետության կայացման հերթական հնարավորությունը բաց թողեցին:

- Առիթ ունեցե՞լ եք Ձեր երաշխավորության մասին խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

- Այս ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ շփվել, նույնիսկ տեղյակ էլ չեմ իր վերաբերմունքի մասին՝ այս նախաձեռնության հետ կապված: Շատ լավ է, որ Դուք այդ հարցը տալիս եք, որովհետեւ երկու-երեք օր առաջ ինձ զանգեր եղան, որոնք փորձում էին, իրոք, հասկանալ, թե արդյոք իմ այս քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք Քոչարյանի հետ համատեղ աշխատել ենք կամ ինչ-որ պարտավորվածություններ կան: Նախ եւս մեկ անգամ շեշտեմ, որ այս ամբողջ ընթացքում Քոչարյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել, առաջին անգամ նրան հանդիպել եմ դատարանի նիստերի դահլիճում: Ընդ որում՝ ընդամենը գլխով բարեւել ենք: Երկրորդ՝ իմ քաղաքական կարիերան ընդհատվել է Քոչարյանի ժամանակ՝ 2002 թվականին, այսինքն՝ ես որեւէ պարտավորվածություն չունեմ: Ընդհանրապես որեւէ մեկի առաջ որեւէ պարտավորվածություն չունեմ: Եվ այն, ինչ ես անում եմ, իմ գիտակցված մոտեցումն է, որովհետեւ ունեմ իմ ընկալումները թե՛ իրավունքի գերակայության, թե՛ պետականաշինության գործընթացում պետության խորհրդանիշների նկատմամբ հանրային կարծիք, հարգանք, սերմանելու հարցում ու առաջնորդվում եմ դրանով: Անկեղծ ասած, չէի էլ քննարկի երաշխավորության հարցը նրա հետ, որովհետեւ ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում:

- Դատարանում Ձեզ ելույթ ունենալու հնարավորություն չտվեցին, ի՞նչ էիք ցանկանում ասել:

- Այն, ինչ դատարանում ուզում էի ասել՝ որեւէ նոր բան, քան այն, ինչ հրապարակավ տարբեր առիթներով հնչեցրել եմ, չէր լինելու: Առաջինը պետք է ասեի, որ խորապես համոզված եմ՝ նախագահ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքը կիրառելը իրավական առումով անհիմն է, որովհետեւ նա այս ամբողջ ընթացքում պարզ ապացուցել է, որ ո՛չ արդարադատությանը խոչընդոտելու մտադրություն ունի, ո՛չ խուսափելու: Եվ սա իմ կարծիքը չէ, այլ այս գործոնն ընդունել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազը, ինչը կոնկրետ փաստ է: Լրագրողի հարցադրմանը, թե ունի՞ որեւէ փաստ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Քոչարյանն ազատության մեջ կարող է կա՛մ խուսափել, կա՛մ խոչընդոտել, ասաց՝ ոչ, չունենք այդպիսի փաստ, բայց մենք ենթադրում ենք, որ եթե լինի ազատության մեջ, ապա կարող է խոչընդոտներ լինեն: Կներեք, բայց ենթադրության հիման վրա իրավունքի նորմը չի կիրառվում, այդպես չի կարելի անել: Եվ երկրորդ՝ կա պետականաշինության հետ կապված խնդիրներ, քանի որ ՀՀ նախագահը միայն պաշտոնյա չէ, այլ՝ մեր պետության խորհրդանիշներից մեկն է: Միջպետական հարաբերություններում մեր պետության ղեկավարին դիմում են «Ձերդ գերազանցութուն, պարոն նախագահ», սա ձեւական դիմելաձեւ չէ, դարերի խորքից եկող լոկ դիվանագիտական էտիկետ չէ, այլ դրանով տվյալ ընդունող կողմը՝ ի դեմ նախագահի, իր հարգանքի տուրքն է մատուցում այդ պետությանն  ու ժողովրդին, որին նա ներկայացնում է: Վերջիվերջո, նախագահը խորհրդանիշ է ու պատահաբար չէ Սահմանադրության մեջ գրված, որ նախագահը պետության գլուխն է եւ ներկայացնում է պետությունն ու ժողովրդին: Հետեւաբար իմ խորին համոզմամբ՝ առավել եւս որ որեւէ իրավական խոչընդոտ խափանման միջոցը փոխելու չկա, կալանքի տակ պահել նախագահին նշանակում է, ըստ էության, մեզանում պետական խորհրդանիշի նկատմամբ  դրսեւորել անհարգալից վերաբերմունք կամ առնվազն սերմանել, նպաստել նման վերաբերմունքի: Ի դեպ, իմ երաշխավորման դիրքորոշումը կլիներ այսպիսին՝ անկախ նրանից, թե որ նախագահը կլիներ այնտեղ նստած, որովհետեւ խոսքը ինստիտուտի մասին է: Սա էի ուզում, որ հենց դատական նիստի ժամանակ արձանագրվեր՝ որպես մոտեցում: Ցավոք, այդ հնարավորությունը չտվեցին, ափսոսում եմ, բայց ունենք այն, ինչ ունենք:

- Թերեւս մնում է Ձեզ հաջողություն մաղթել՝ այսօրվա դատական նիստին ընդառաջ...

- Այսօր, իհարկե, կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց եթե Աննա Դանիբեկյանը ընդառաջի այս միջնորդություներին եւ խափանման միջոցը փոխի, շատ սխալ կլինի այն որակել, որպես ինչ-որ մեկի հաղթանակն ինչ-որ մեկի հանդեպ կամ հանրության մի հատվածի հաղթանակը մյուսի հանդեպ: Սա ամենավտանգավորը կամ ամենավատ եզրահանգումը կլինի, որը կարելի էր անել: Աննա Դանիբեկյանի նման որոշմամբ՝ ընդամենը կնշանակի, որ հաղթեց իրավունքը, ժողովրդավարությունը, իրավական պետություն կառուցելու ներհանրային ձգտումը: Հետեւաբար, եթե ասում եք՝ հաջողութուն, ոչ թե ինձ, այլ բոլորիս պետք է մաղթել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Խոսրով Հարությունյան Աննա Դանիբեկյան Ռոբերտ Քոչարյան Ընդհանուր իրավասության դատարան

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին