f

Անկախ

Եթե երիտասարդների մոտ գիտության հանդեպ ձգտում կա,  նշանակում է՝ այդ երկրի համար ապագա կա․ Ելենա Նիկողոսյան


«Աստղագիտությունը Հայաստանում հնուց հարգի գիտություն է եղել։ Մենք միշտ ունեցել ենք տվյալ ժամանակի չափանիշներով զարգացած աստղագիտական դպրոց»,- «Անկախի» հետ զրույցում  ասում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի «Անկայուն երևույթներ» բաժնի առաջատար գիտաշխատող, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու  Ելենա Նիկողոսյանը։

Նա վստահեցնում է՝ ներկայում էլ հայաստանյան աստղագետները միջազգային մակարդակով մրցունակ են։ «Հիմա մենք ունենք շատ լավ դպրոց, որն ավանդաբար ունեցել ենք։ Եթե մենք այն կորցնենք, հետո զրոյից ստեղծել հնարավոր չէ։ Շատ ավելի հեշտ է պահպանել եղածը և հնարավորության դեպքում զարգացնել»,- ասում է նա։

Գիտնականը շեշտում է՝ աստղագիտությունը գիտության այնպիսի ճյուղ է, որտեղ այսօր արված ներդրումը հենց վաղը հետ ստանալ չես կարող։ Բայց նաև  աստղագիտության զարգացումով է պայմանավորված մարդկության առաջընթացը։ «Վեճերն այն մասին՝ Արեգակն է Երկրի  շուրջ պտտվում, թե Երկիրն՝ Արեգակի,  պատմականորեն շարունակվել են 1500 տարի։ Եթե այդ հարցը չպարզաբանվեր, այսօր, օրինակ՝  ինտերնետ չէինք կարող ունենալ, քանի որ արբանյակների ճիշտ աշխատանքի համար այդ հարցի պատասխանը կարևոր է։ Աստղագիտությունից են եկել   այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են ժամանակը, ուղղությունը, տոմոգրաֆիայի սկզբունքը, որ կիրառվում է բժշկության ոլորտում։ Դա այն մաթեմատիկական ապարատն է, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը մշակել էր աստղակույտեր ուսումնասիրելու համար։ Այս շարքը անվերջ կարելի է շարունակել»,- ասում է նա։

Նիկողոսյանն ընդգծում է՝ զարգացած աստղագիտություն ունենալը յուրաքանչյուր երկրի համար հեղինակություն է։ «Իսկ եթե երկիրը հեղինակություն ունի, արդեն ձեռներեց մարդիկ գիտեն, թե դրա հետ ինչ կարող են անել ու ինպես  կարող են օգտագործել»,- ասում է նա։

Այս ամենը գիտակցելով՝ ՀՀ հարևան երկրներն  ակտիվորեն աստղագիտություն են զարգացնում, մեծ դիտակներ են սարքում։ «Դեռևս 30 տարի առաջ մենք ունեինք ամենամեծ դիտակը տարածաշրջանում։ Այսօր մենք հետին պլան ենք մղվում, չնայած ունենք մրցակցելու բոլոր հնարավորությունները։ Լավ կլիներ, որ Արագածի վրա ինֆրակարմիր դիտակ դրվեր, անհրաժեշտ ենթակառուցվածքներն էլ կան»,- ասում է Նիկողոսյանը։

Նա շեշտում է՝ ճիշտ է՝ միջազգային դիտակների տվյալները բաց են ու հասանելի բոլորին, ինչն էլ հայաստանյան աստղագետներին հնարավորություն է տալիս մրցունակ հետազոտություններ իրականացնել ու արդիական արդյունքներ ստանալ, սակայն իրենց գիտական արդյունքներն ավելի մեծ արժեք կունենային, եթե Հայաստանը ևս արդիական դիտակներ ունենար և տեղում դիտումներ իրականացնեին։ 

«Ճիշտ է, միջազգային դիտակների տվյալները կան,  բայց այն մի բանը,  որ հենց քեզ է պետք, կարող է չլինի։ Լրիվ ուրիշ որակ է ստանում խնդրի լուծումը, եթե դու ինքդ ես դիտում այն, ինչ քեզ պետք է։ Այլապես հիմա տվյալների առումով մենք  հարմարվողի կարգավիճակում ենք։ Գոնե ինֆրակարմիր աստղագիտություն մենք կարող ենք զարգացնել»,- ասում է նա։

Նիկողոսյանի ղեկավարած գիտական խումբը զբաղվում է աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությամբ։ «Աստղերը,  ինչպես և մարդիկ,  ծնվում են, հասունանում, ապրում և մահանում։ Մեր հետաքրքրության շրջանակը նրանց կյանքի ամենավաղ փուլն է»,- ասում է նա։ Գիտնականը շեշտում է՝ ներկայում   աստղառաջացման տեսության մեջ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները և պարզաբանումները։ «Սա շատ բարդ ու բազմակողմանի խնդիր է, չես կարող միայն աստղերն ուսումնասիրելով բոլոր գաղտնիքները բացահայտել, պետք է տարբեր կողմերից խնդրին մոտենալ,- ասում է  նա։- Վերջին տարիներին աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությունը նոր շունչ է ստացել շնորհիվ տեխնիկական նվաճումների»։

Նիկողոսյանը նշում է, որ աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությունը բարդ է նաև այն պատճառով, որ աստղերն ընկղմված են գազափոշային նյութի մեջ, որը կլանում է աստղերից եկող ճառագայթումը՝ բարդացնելով աստղերը  դիտելու և հետազոտելու գործընթացը։ «Աստղերը և գազափոշային նյութը  երկու իրար հետ գենետիկորեն կապված բաղադրիչ մասեր են։ Ինչո՞ւ։ Որովհետև, ըստ ժամանակակից տեսության, մահանալուց աստղերը գազափոշային նյութ են արտանետում տիեզերք, որը նույնպես նպաստում է նոր աստղառաջացման ալիքին։ Մենք յուրահատուկ տեղ ենք տալիս մեծ զանգվածով աստղերին, քանի որ դրանք քիչ են ուսումնասիրված, չնայած շատ ջանքեր են գորրծադրվել այդ ուղղությամբ։ Արդյունքը քիչ է, քանի որ դրանք ուսումնասիրելը դժվարությունների հետ է կապված․  մեծ զանգվածով աստղերի մոտ հասունացման ժամանակաշրջանը կարճ է, դրանք քիչ են,  բացի այդ, դրանք ընկղմված են խիտ գազափոշային նյութի մեջ, ուստի  դրանց դիտելը դժվար է։ Բայց դրանք շատ կարևոր դեր ունեն, որովհետև իրենցից դուրս եկող աստղային քամին նույնպես կարող է նպաստել նոր աստղառաջացման ալիքին»։

Խոսելով վերջին տարիներին իրենց արձանագրած գիտական արդյունքների մասին՝ Նիկողոսյանը թվարկում է մի քանիսը․ «Մի քանի աստղառաջացման տիրույթների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծ զանգված ունեցող  աստղերը, որոնք  գտնվում են մեծ խտություն ունեցող գազափոշային տիրույթներում,  իրենց շուրջը կարող են ավելի փոքր զանգվածով երիտասարդ աստղակույտեր առաջացնել։ Աստղերից արտահոսած նյութով է պայմանավորված աստղի շուրջը գտնվող գազափոշային նյութի բնույթը և արտաքին տեսքը։ Բացի  այդ, պարզել ենք, որ  միջաստղային նյութում գազի պարունակության խտությունը և աստղի առաջացման ակտիվությունը փոխկապակցված են։ Ինչքան մեծ է նյութի խտությունը այդ տիրույթում, այդքան ավելի ակտիվ ու շատ են նոր աստղեր առաջանում»։

Անդրադառնալով աստղագիտության առանձնահատկությանն ու գրավչությանը՝ Նիկողոսյանն ասում է․ «Աստղագիտությունը թույլ է տալիս հասկանալ մեր տեղն անծայրածիր աշխարհում և դրանով էլ գրավիչ է մարդու համար։ Եվ իրոք, անչափ  հետաքրքիր է հեռավոր օբյեկտների գաղտնիքները բացահայտելը»։

Նա կարևորում է, որ երիտասարդները ձգտում են աստղագիտության ոլորտ գալ․ ներկայում նրա ղեկավարած գրանտի աշխատանքային խմբի 7 անդամներից 5-ը երիտասարդներ են։ Ասում է՝ հույս ունեն, որ հաջորդ տարի ևս մեկ-երկու երիտասարդ մագիստրոս կներգրավեն թիմում։ 

«Սա ուրախացնող փաստ է և  հուսադրող է ապագայի առումով։ Եթե գիտության հանդեպ ձգտում կա,  նշանակում է այդ երկրի համար ապագա կա»,- ասում է նա։ 

Այնուամենայնիվ, Նիկողոսյանի կարծիքով, գիտության ոլորտում անխափան սերնդափոխություն իրականացնելու համար մեծ ջանքեր են հարկավոր։ 

«Մեր խմբում իմ ու ամենաերիտասարդ մասնագետի տարիքային տարբերությունը 25 տարի է։ Եթե մենք շատ արագ առկա բացը չլրացնենք երիտասարդներով, մեծ խնդիրների առջև կկանգնենք։ Ավագ  սերունդը պետք է հիմա շատ մեծ ջանքեր գործադրի, որ  արագ տեմպով սկսնակ գիտաշխատողին հասցնի անհրաժեշտ մակարդակի։ Մեր սերնդի հիմնական նպատակն է հասցնել պատրաստել այնպիսի մասնագետների, որոնք վաղը ոչ միայն կկարողանան ինքնուրույն աշխատել, այլ նաև  խումբ ղեկավարել։ Եթե հիմա դա չստացվի, հետո շատ դժվար կլինի, քանի որ մեր ունեցած միջազգային մակարդակով մրցունակ դպրոցը կկորցնենք»։ 

Նիկողոսյանը նշում է՝ վերջին տարիներին դրական փոփոխություն է նկատում գիտության հանդեպ պետական հոգածության, ֆինանսավորման ավելացման առումով։ Բայց կարևոր է, որ այդ ամենը շարունակական լինի։ «Նաև պետք չէ ակնկալել, որ այսօր ֆինանսավորումն ավելացվեց, միանգամից արդյունքների կտրուկ աճ է լինելու։ Տարիներ են պետք, որ առկա բացը լրացվի և խնդիրները լուծվեն։ Իսկ դրա համար այդ պետական հոգածությունն անընդհատ պետք է լինի»,- ասում է նա։

Նիկողոսյանը նաև հավելում է՝ ԽՍՀՄ տարիներին գիտաշխատողն առանձնահատուկ բարձր աշխատավարձ չէր ստանում։ Բայց կար համընդհանուր հասարակական հարգանք գիտության մարդկանց հանդեպ, ինչն էլ ոլորտը գրավիչ էր դարձնում։ «Հարգանքը գիտնականի նկատմամբ կարևոր է։ Մարդ միայն նյութականով չի ապրում»,- ասում է նա՝ կարևորելով, որ ջանքեր գործադրվեն նաև գիտության ու գիտնականի հանդեպ հարգանքը վերականգնելու ուղղությամբ։ 



 

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան Բյուրականի աստղադիտարան գիտություն գիտության զարգացում խմբագրի ընտրանի աստղագիտություն Հայաստան կին գիտաշխատող Կինը և գիտությունը

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին