«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ COVID-19- ը կարող է ժամանակի ընթացքում չանհետանալ և դառնալ այնպիսի հիվանդություն, որին մարդկությունն ամեն օր կարող է բախվել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այս վիրուսը կարող է մեր համայնքներում մեկ այլ համատարած վիրուս դառնալ, և այդ վիրուսը կարող է չհեռանալ: ՄԻԱՎ-ը չի հեռացել <...> Կարծում եմ, որ կարևոր է իրատես լինել», - հայտարարել է Ռայանը:
Նրա խոսքերով՝ պատվաստանյութի առաջացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը, սակայն, որպեսզի հիվանդությունը դադարի նկատելի լինել, անհրաժեշտ է ապահովել դրա հասանելիությունը և լայն տարածումը:
Ներկայումս աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 4,3 միլիոն դեպք, Ռուսաստանում վարակվել է 232 հազար մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: