Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն այսօր ի վերջո հայտնեց պատճառը. «Արեւելքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ ածխացել են սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները… Լուրը սառի ցնցուղի ազդեցություն է ունեցել բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են սարքերը, կարելի է համարել հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը: Թե ինչ վնաս են կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց, հին սերվերները հազիվ թե վերականգնվեն: Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:
«Գործ ունենք ֆինանսական վնասների և մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ, բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:
Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու և շտեմարանները վերականգնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս: «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»-«Արեւելքին» ցավով ասաց առցանց շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը: «Այն ինչ կատարվել է՝ մահվան չափ հարված է Հայաստանի գրադարանային համայնքին: Թող կանգնեն և ներողություն խնդրեն իրենց անփույթ վերաբերմունքի համար, որը ցավ ու վիրավորանք է պատճառել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այդ շտեմարանները՝ քսանից ավելի տարիների ընթացքում: Միայն Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծմանը մասնակցել են հայկական խոշոր գրադարանները՝ 18 գրադարան՝ համալսարանական, գիտական, հանրային, ներգրավված է եղել 10 մարզային գրադարան… Իսկ թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն, ինչ մարդիկ ստեղծել են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, չեմ կարող ասել…»,-ասաց Տիգրան Զարգարյանը:
http://arevelk.am/en/content/2/5087/Ծանր-բան-է-կատարվել.-ԿԳՄՍ-փոխնախարարը՝-Ազգային-գրադարանի-հրդեհի-մասին.html?fbclid=IwAR3vTW8YWq5RtacHOLNv8F9DT86BuTL3IJMx-Ui6tkwHkg7d95qtCf-etcM