2019-nCoV կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա վաղ է գնահատել, առայժմ այն հիմնականում արտահայտվել է Չինաստանի Հուբեյ երկրամասում: Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական ներկայացուցիչ Ջերրի Ռայսը:
Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն ուշադիր հետևում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այն ուղղակի ազդեցություն է ունեցել Չինաստանում պահանջարկի վրա, քանի որ մարդիկ ստիպված են տանը մնալ:
Փաստացի ի չիք է դարձել աշխույժ զբոսաշրջային և վաճառքի սեզոնը, տեղի է ունեցել արտադրության ընդհատում:
Ներկայումս դժվար է խոսել համաշխարհային տնտեսության վրա 2019-nCoV կորոնավիրուսի ազդեցության մասշտաբների մասին: Հուբեյ երկրամասի մասնաբաժինը կազմում է ընդհանուր չինական արտադրության 4,5 տոկոսը:
Այդ երկիրը բավականաչափ հնարավորություններ ունի, որպեսզի պահպանի իր տնտեսությունը: Այդուհանդերձ հիվանդության բռնկումը բացասաբար է անդրադառնում բաժնետոմսերի շուկայի վրա Չինաստանում և այլ երկրներում: Տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները կարող են ազդել վաճառքի և տնտեսական գործունեության վրա ողջ ՉԺՀ-ում, ասել է Ռայսը:
Նշենք, որ Առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տիպի թոքաբորբի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային արտակարգ դրություն: