Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հոգեկան հիվանդների, գժերի ու շիզոֆրենիկների պակաս մենք չենք ունեցել, ուղղակի վերջին 2 տարվա ընթացքում նրանք շատ ակտիվացել են։ Լայվեր են անում, հոդվածներ են գրում, աջ ու ձախ մուննաթ են գալիս բոլորի վրա, զրպարտող ու վիրավորական նյութեր են տարածում, օտար մարդկանց հայհոյում են և այսպես շարունակ։
Սա կանցնի, ես չեմ կասկածում, և բոլորին կամ կբուժենք, կամ կմեկուսացնենք հանրությունից, քանի որ չի կարող առողջ հոգեվիճակ ու սթափ դատելու ունակություն ունեցող մեծամասնությունը պատանդ դառնա մարգինալ շիզոֆրենիկներին ու թղթով գժերին։
Սակայն մեր խնդիրը գժերը կամ շիզոֆրենիկները չեն, այլ նրանց ֆոնին իրենց գովազդելու և գժությունն ու անբարոյականությունը տարածելու պատրաստ մարդիկ են, որոնք շատ են, կրթված են, խելացի ու գրագետ են։ Բայց սեփական անձի արժևորման ձգտումն ու ներքին բարդույթների բավարարման մոլուցքը թույլ չի տալիս սթափ մտածել ու գիտակցել, որ երբ սուր քննադատում, դատապարտում կամ վատաբանում ես մի երևույթ, դու դա գովազդում ու տարածում ես, հասու ես դարձնում շատ լայն շրջանակների և ցույց տալիս, որ այդպես կարելի է։ Այո, չեմ սխալվել, այդպես կարելի է, քանի որ դա շատ արագ տարածվում ու հայտնի է դարձնում հեղինակներին։
Պարզ օրինակ։ Երեկ վիրտուալ իրականության տարածքում ով չալարեց դեմքի հպարտ ու լուրջ արտահայտությամբ, քննադատեց ու դատապարտեց մի հիմարություն, և յուրաքանչյուր գրառում էլ ավելի ընդլայնեց այս հիմարության տարածման շրջանակը և բազմաթիվ գժերի ու շիզոֆրենիկների հավաքեց մի տեղ։
Այդ հիմարության հեղինակը հասավ իր նպատակին և դուք նրան շատ օգնեցիք՝ տրենդից հետ չմնալու և մի բան էլ մեր կողմից ավելացնելու բնազդային մոտիվացիայով։
Հիմա այդ հեղինակը իրենից գոհ նստած ծխում է ու քթի տակ ծիծաղում բոլորիս վրա։
Հ.Գ. Ինձ փոքր ժամանակ սովորեցրել են, որ գժերին պետք է ուշադրություն չդարձնես, չնկատես ու չարձագանքես, քանի որ նրանք մոտիվացվում ու ակտիվանում են այդ ուշադրությունից։
Մի խոսքով, լավ չի . . .