Հարգելի հայրենասեր բարեկամ,
Արևմտահայերենը հասել է կործանման եզրին՝ սփյուռքահայության զանազան հատվածների մեջ հետզհետե խորացող ձուլման և ազգային ինքնության կորստի պատճառով: Որպես փրկության արմատական միջոց անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական գերակա շահ հայտարարի ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ:
Սակայն մեծ ցավով նկատում ենք, որ մեր հայրենիքում արևելահայերենը նույնպես վտանգված է: Լեզուն ենթարկվել է օտար բառերի ու եզրերի խորթ և անհարկի ներմուծումների, աղճատվել օտար բառերի ու եզրերի անշնորհք «հայացումների» հետևանքով: Նորօրյա «հայախոսներն» ու «հայագիրները» աղբամանի են վերածել մեր մայրենին՝ անհասկանալի դարձնելով այն: Պաշտոնատարներ, թղթակիցներ, հաղորդավարներ և հեռուստատեսային մեկնաբաններ մահացու հարված են հասցրել ու շարունակում են հասցնել նախնիներից մեզ ժառանգված լեզվին: Օտար բառերն ու արտահայտությունները ներկայացվում են և ընկալվում են իբրև «հայացած» բառեր: Օտար բառերի այս սանձարձակ գործածությունը բացատրվում է «ժամանակի նորությունների» և «աշխարհի հետ կապ պահելու» ոչ-գիտական պատճառաբանություններով:
Հետևաբար, սույն ստորագրահավաքով Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից պահանջում ենք՝
Ա.- Անհապաղ վերականգնել Եզրաբանության հանձնաժողովի հեղինակությունը և նրան տալ բացառիկ լիազորություններ, որպեսզի կանոնակարգի նոր բառեր ստեղծելու հիմնարար սկզբունքները:
Բ.- Վերջին տասնամյակներին մուտք գործած օտար եւ զազրահունչ բառերը փոխարինել իսկական հայարմատ բառերով ու եզրերով:
Գ.- Լեզվական խիստ գրաքննության ենթարկել զանգվածային լրատվական միջոցների հրապարակումները և պետական մարմինների պաշտոնական ելույթներն ու հաղորդագրությունները, և ՀՀ պետական ՄԻԱԿ լեզուն այլասերողներին կարգի հրավիրել։
Դ.- Հաճախակի հեռուստահաղորդումներով և ժողովրդին սիրելի մտավորականների մասնակցությամբ սատարել հայերեն նոր բառերի տարածման, քաջալերել մեր հասարակությանը իբրև թե գործնականության և հեշտության պատրվակով օտար բառեր չգործածել մեր գեղեցիկ լեզվում:
Ե.- Հարգել գրական արևելահայերենի քերականական և շարահյուսական կանոնները, որպեսզի մեր քաղցրահնչուն արևելահայերենը զերծ մնա օտար բառերի ներխուժումներից:
Զ.- Պետական գրասենյակների մեջ մերժել այն բոլոր առցանց գրությունները, որոնք առաքվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից լատինատառ կամ կյուրեղյան (ռուսերեն) տառերով:
Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդն ու ՀՀ պետական մարմինները դրականորեն կվերաբերվեն մեր կոչին և բծախնդրությամբ կաջակցեն այս նախաձեռնությանը:
Հարգելի հայրենակից, վերոհիշյալ ստորագրահավաքը ուղարկվելու է Հայաստանի պատկան մարմիններին և անձնավորություններին։ Լիահույս ենք, որ համաձայն կլինեք բովանդակությանը։ Խնդրում ենք միանալ մեզ, ստորագրելով էլեկտրոնային «պատուհան»ի մեջ։
Անկախ- Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել keghart.org կայքը, որտեղ կգտնեք նաև սույն կոչի արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն տարբերակները, ինչպես նաև նախաձեռնող խմբի ցուցակը: