Ծավալված փոխհրաձգության ժամանակ Արցախի պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,–ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից:
Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: