Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր այսօր կատարվելիք կադրային առաջին նշանակումների եւ կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին։
«Փոփոխություններ լինելու են կառավարության կառուցվածքում: Կառուցվածքային փոփոխության րդյունքում կարեւորում եմ ռազմահայրենասիրության, երիտասարդության, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը: Ռազմահայրենասիրություն տերմինն առաջին անգամ ենք օգտագործում կառավարության կառուցվածքում, եւ սա պատահական չէ: Բանակ-հասարակություևն կապը լինելու է մեր նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը: Ռազմահայրենասիրությունը պետք է դառնա պետական քաղաքականության հիմքը:
Երկրորդ փոփոխությունը լինելու է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Այստեղ նաեւ բնական ռեսուրսների բլոկն է ներառված լինելու: Քանի որ մենք սահմանադրությամբ պետք է տարածքային բարեփոխումներ իրականացնենք, ինչ-որ տեղ արդեն ուշանում ենք, եւ պարտավոր ենք մեր տարածքային քաղաքականությունը, վարչատարածքային բաժանման օրենքը, եւ ընդհանրապես տեղական ինքնակառավարումը նոր հարթության բերել, որը Սահմանադրության պահանջ է:
Ուզում եմ եւս մի շատ կարեւոր մարմնի մասին ներկայացնել՝ նախագահի վերահսկողության ծառայությունը դառնալու է պետական վերահսկողական ծառայություն: Բոլոր ոլորտների աշխատանքը լինելու է նախագահի վերահսկողության տակ, եւ ստատուսի բարձրացման նպատակը հենց դա է»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 12-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն. «Պետական պաշտոնյաներից շատերին հրաժեշտ ենք տալու: Այսօր արդեն կլինեն նոր նշանակումներ: Մի քանի օրվա ընթացքում կփորձեմ ավարտել նշանակումների հարցը, որ արդեն հունիսի 1-ից ունենանք ձեւավորված կառավարություն, ձեւավորված իշխանություն: Կլինեն փոփոխություններ նաեւ վարչակազմերի ինստիտուտներում, կլինեն նոր նախարարներ:
Իհարկե, այնպես չէ, որ բոլոր նշանակումներն արդարացված են կամ հասարակությունն է ճիշտ ընդունելու, բայց ուզում եմ վստահեցնել, անկախ նրանից, թե ում ենք նշանակում, սկզբունքը մեկն է՝ պետք է արդարացնի: Չենք կաշկանդվելու օրեր հետո, կամ շաբաթներ հետո ազատվել այն կադրերից, որոնք չեն կատարի իրենց պարտկանությունները:
Ես արդեն հանձնարարել եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների համար աշխատանքային գրաֆիկն սկսվում է ժամը 09.00-ից: Եթե այդ գրաֆիկը ձեռք չի տալիս պաշտոնյաներին, խնդրում եմ հաշվի առնել: Այդ ժամին նրնք պետք է լինեն իրենց աշխատասենյակներում: Կապ չունի, որ ես ավելի շուտ եմ գալիս: Այդպես է սկսվում կարգապահությունը, աշխատանքի հանդեպ վերաբերմունքը: Կատեգորիկ արգելվելու է շռայլություններից օգտվել, ծառայողական մեքենաներ կլինի, թե այլ հնարավորություններ: Դա լինելու է իմ ուշադրության կենտրոնում:
Եթե այս սկզբունքը ձեռք չի տալիս, հրաժարվեք, որպեսզի վաղը ստիպված չլինեմ հեռնալու պահանջ դնել:
Պետք է հարգվեք ժողովրդի ու կոլեկտիվի կողմից եւ աշխատանքի գլխավոր պայմաններից մեկը պետք է լինի հաշվետվողականությունը»,-հայտարարեց Արցախի նախագահը: