f

Անկախ

«Համաճարակ» դարձնենք առողջ ապրելակերպը…


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Քոլյանն է։ 

-Տիկին Քոլյան, մեր զրույցը սկսենք արտակարգ դրության ընթացքում Ձեր ծավալած գործունեությունից, առօրյայում տեղ գտած փոփոխություններից և այդ ընթացքում ծագած խնդիրների հաղթահարումից։

-Որպես ՀՊՏՀ-ի մարքեթինգի ամբիոնի դոցենտ՝ բարձր կուրսերում դասավանդում եմ նեղ մասնագիտական առարկաներ։ Մեկուսացման ժամանակ մեկշաբաթյա փորձարկումներից հետո մեր դասընթացները տեղափոխվեցին հեռավար հաղորդակցության Zoom հարթակ։ 

Լինելով երեք երեխաների մայրիկ (մեկը՝ սովորում է տարրական դպրոցում, մյուս երկուսը՝ հաճախում են մանկապարտեզ)՝ սկզբում ես և ամուսինս, ով համատեղում է մանկավարժական գործունեությունը, բախվեցինք շատ դժվարությունների։ Տանը փաստացի ունեինք երեք հեռավար վարում։ Հիմնական խնդիրն այն էր, որ երկու երեխաներիս այդ ընթացքում պիտի մեկուսացման մեջ նորից մեկուսացնեինք (ստացվում է կրկնակի մեկուսացում), որ հանկարծ նրանք տվյալ դասընթացի ժամանակ չխանգարեին ոչ մայրիկին ու հայրիկին, ոչ էլ՝ մեծ քույրիկին։ Հավատացեք՝ դա բավականին ծանր իրավիճակ է և խախտում է ընտանիքի ներդաշնակությունը՝ պատճառ դառնալով հավելյալ լարվածության։ Եթե գիտակից չլինեինք և չսկսեինք կազմակերպել մեր օրը, կհայտնվեինք անելիանելի դրության մեջ։ Կարևորվեց ընտանեկան հարգանքը, յուրաքանչյուրիս  պատասխանատվության բարձր գիտակցումն ու կազմակերպվածությունը։  

-Որքանո՞վ հեռավար կրթությունը դարձավ փրկություն այս իրավիճակում։ Անդրադառնանք դրական ու բացասական կողմերին։ 

-Գնահատականը հետևյալն է. այն լուծում էր արտակարգ իրավիճակում, չկար ժամկետ, գտնվում էինք ինչ-որ անորոշության մեջ, իսկ դրանից դուրս գալու համար պիտի հստակ միջոց ձեռնարկվեր։ Բայց ասել, որ սա լավագույնն էր, բնականար, ճիշտ չէ։ Այս հեռավար կրթությունն առաջացնում է նախ կախվածություն տեխնիկայից։ Մեր ընտանիքում, օրինակ՝ երեխաները չունեին գաջեթներ, բայց հեռավար դասընթացի դեպքում արդեն հնարավոր չեղավ խուսափել դրանից: 

Տարրական  դպրոցում շատ կարևոր է սոցիալական շփումը։ Այն, ինչը երեխան կարդում կամ տեսնում է, նա պիտի իրականում զգա,  ունենա նոր ծանոթություններ, նոր երևույթների ճանաչողականություն, իսկ այս մոտեցմամբ մենք զրկում ենք նրան այդ ամենից՝ ամեն բան թողնելով երեխայի երևակայությանը, ինչը միշտ չէ, որ գործում է։ 

Որոշակիորեն դրական եմ գնահատում բոլորիս ծանոթացումը հեռավար ուսուցման տեխնիկական գործիքակազմին, համացանցային հարթակներին, որոնցով հնարավոր է իրականացնել հեռավար կրթությունը։ Բայց ընդհանուր առմամբ չկար հստակ մշակված բովանդակություն, առանձնահատուկ գործիքակազմ, մեթոդաբանություն, ինչով տվյալ պարագայում պիտի զբաղվեն իրավասու մասնագետները։ Հույս ունեմ՝ այս ամենը սեպտեմբերին չի շարունակվի, բայց շարունակվելու դեպքում պիտի անպայման կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, որ նահանջ չունենանք։ 

-Հաշվի առնելով Ձեր անձնական ու աշխատանքային փորձառությունը՝ կրթության այս հեռավար հարթակը տարիքային ո՞ր խմբերի համար է առավել օգտակար կամ ընդհանրապես կիրառելի։ 

-Դպրոցներում, հատկապես տարրական դասարաններում, հեռավար հարթակը, ելնելով տարիքային  առանձնահատկություններից, չի կարող արդյունավետ գործել։ Երեխան իր կրթությունը պիտի ստանա ֆիզիկական շփմանը զուգահեռ։ Իսկ ահա ուսանողների դեպքում արդյունավետություն կարող է լինել, մանավանդ, որ ուսանողի դեպքում դասախոսը երկխոսում է միայն ուսանողի հետ, և ոչ թե նաև ծնողի։ Կարևորվում է նաև ուսանողի ինքնակրթվածության, զարգացվածության, իր ուսման կարևորությունը գիտակցելու մակարդակը։  

Կուզեի մի բան ևս շեշտել։ Հեռավար ուսուցման դեպքում կա նախ մեթոդի խնդիր, ու պարտադիր չէ, որ գոյություն ունեցող ստանդարտ ծրագրերը միանգամից հարմարեցվեն կրթության օնլայն տարբերակներին։ Պիտի որոշակի անհատականացված մեթոդներ մշակել՝ ելնելով տվյալ իրավիճակից, առարկայի և ուսանողի առանձնահատկություններից։ Ընդհանրապես, «Ստանդարտացվածը», որպես մեթոդ, ժամանակակից կրթության համար միանշանակ լուծում չէ: 

Նաև մի խնդրի եմ ուզում անդրադառնալ, որ կրկին տեսանելի դարձավ այս հեռավար կրթության ժամանակ։ Ես ընդհանրապես դեմ եմ մոտիվացիայի շահարկմանը, եթե անգամ մայրն է դա անում,   որովհետև դրանից հետո երեխան պատասխանատվության զգացում չի ունենում իր ուժերի նկատմամբ։ Նույնն էլ ուսանողի պարագայում է։ Երբ դասախոսը մոտիվացնում է նրան, վերջինս միշտ սպասում է իրեն ոգևորող մեկին, վերանում է ինքնակազմակերպվածությունը, ինչն էլ հետագա աշխատավայրում հանգեցնում է նախաձեռնողականության բացակայությանը։ 

-Ի՞նչ դժվարությունների բախվեցին մեր երեխաները։ 

-Դժվարությունները սկսվեցին հենց այն պահից, երբ երեխայի կրթաձևը միանգամից փորձեցին հարմարեցնել հեռավար Zoom հարթակին։ Հատկապես այն երեխան, որն ավելի ֆիզիկական ակտիվությամբ է աչքի ընկնում, կորցնում է իր կենտրոնացվածությունը։ Պիտի անպայման ուղղորդել նրան և սովորեցնել՝ ինչպես կենտրոնանալ, երբ նա շփվում է հեռախոսի կամ համակարգչի և ոչ թե մարդկանց հետ։ 

Ընդհանրապես տեխնիկան երեխաներին շատ շուտ է հոգնեցնում և վնասում առողջությանը։ Ֆիզիկական շփման ժամանակ մենք էմոցիա ենք տալիս, իսկ ցանկացած տեխնիկական միջոց չի կարող լիարժեք փոխարինել իրական էմոցիային։ 

Մեր տան ամենափոքրիկներն իրականում այդպես էլ չհաղթահարեցին մեկուսացման հետ կապված խնդիրները, որովհետև ամեն օր պատուհանից դուրս են նայում և ցանկանում են բակ իջնել։ Երեխաները դառնում են հոգեպես ընկճված։ Իմ տղան ասում էր՝ ես հիմա ավելի շատ եմ քեզ կարոտում, որովհետև որպես երեխա նա բախվում է ոչ նորմալ երևույթի. թվում է՝ մայրը տանն է, բայց նա աշխատում է և չի կարող ամեն վայրկյան կողքին լինել կամ խաղալ իր հետ։ 

-Մեկուսացման ընթացքում արդյո՞ք մարդիկ ավելի մտերմացան, թե՞ հակառակը։ 

-Ես և ամուսինս մեկուսացման ընթացքում ունեցել ենք ժամանակի հետ կապված շատ լուրջ խնդիրներ։ Եղել են օրեր, որ անգամ չենք քնել՝ աշխատանքը հասցնելու համար, և ավելի շատ նման ենք եղել հարևան սենյակում աշխատող գործընկերների։ Չեմ կարծում, որ նման վիճակները որևէ կերպ կարող էին նպաստել ընտանիքի անդամների մտերմությանը։ Իսկ ինչ վերաբերում է իմ մեծ ընտանիքին, ես այնքան լրջագույն պատասխանատվություն եմ զգացել, որ անգամ իմ հարազատ հայրական օջախ չեմ գնացել։ 

-Ամեն դեպքում տանից աշխատելու հանգամանքն արդյոք չունե՞ր իր առավելությունները։

-Դա պարզապես այլընտրանքային լուծում էր։ Ես անգամ ՖԲ-ում մի գրառում էի արել, որ այսչափ չէի երազել աշխատանքի գնալու մասին։ Եթե չլիներ այս արտակարգ իրավիճակը, բարոյական, իրավական և հոգեբանական տեսանկյունից նույնիսկ ճիշտ չէ աշխատանքը «տուն տանելը»։  Այժմ ես աշխատում եմ 24/7 ռեժիմում և աշխատում եմ անհատականացված։ Հատկապես մերօրյա ուսանողների համար, որոնք պահանջկոտ են ու անհամբեր, յուրաքանչյուր ժամի պետք է հասանելի լինես։ Կա ևս մի նրբություն. այն աշխատանքը, որ տանն անում ես մեկ ժամում, աշխատավայրում կհասցնես 15 րոպեում։ 

-Ի՞նչ բացահայտումներ արեցիք ինքներդ Ձեզ համար։ 

-Ուսանողների հետ հեռավար հանդիպման ժամանակ ես ինձ զգացի որպես  ռադիոհաղորդավար։ Լսարանում դու բոլորին տեսնում ես, իսկ տվյալ պարագայում պիտի կարողանաս երեխային 80 րոպե անընդհատ պահել ակտիվ վիճակում։ Դրա համար պիտի լինեն հարց-պատասխաններ, իրավիճակային խնդիրների լուծումներ, քննարկումներ և այլն, որ ուսանողն էկրանի այն կողմում չհոգնի։  

-Ի՞նչն ավելի դժվարությամբ հաղթահարեցիք արտակարգ դրության պայմաններում։

-Իրականում, երբ խնդիրները լուծելիս հոգեբանորեն չես ընկճվում, ավելի զգոն ես այդ ամենին մոտենում։ Հատկապես ամուսինս միշտ փորձում էր ինձ հեռու պահել տրամադրությանս վրա ազդող բացասական երևույթներից ու մեկնաբանություններից։ Հոգեբանական հիմնական լարվածությունը պայմանավորված էր նրանով, որ ընտանիքում քեզ լիարժեք չես զգում որպես մայր, և մյուս կողմից էլ մտածում ես աշխատանքային ծրագրերի հաջող ավարտի մասին։ 

Այժմ վախեցնում է այն միտքը, որ այս վիճակը կարող է շատ ավելի երկար տևել։ Անորոշության մեջ մարդու վարքագիծը դառնում է անկառավարելի, հատկապես երբ չկա նպատակ։ Արդյունք կարող է լինել միայն նպատակային գործողությունների դեպքում։   

-Ի՞նչն ամենաշատը կարոտեցիք մեկուսացման ընթացքում։  

-Մետրոն, և 2020-ի գարունը, որ այդպես էլ չտեսանք:   

-Ինչպե՞ս դուրս եկանք այս մեկուսացումից, արդյո՞ք, ավելի մարդկային, ինչպես որ կանխատեսում էին սկզբում։  

-Ես այդ հարցում այնքան էլ լավատես չեմ։ Մեզ մոտ կարծես մի փոքր փոխվեց առողջ մտածողությունը. մարդիկ գիտակցեցին, որ պարբերաբար պետք է ձեռքերը լվանալ, քիչ օգտագործել պլաստիկներ, բնությունը չաղտոտել և այլն, բայց ես համոզված չեմ, որ նրանք մեկուսացումից հետո էլ կշարունակեն այդ նույնը առողջ վարքագծում։ Միջակությունը, ցավոք, գերակշռում է։ Իհարկե, ցանկալի է, որ սխալվեմ, բայց դեռ շատ աշխատանքներ պիտի տարվեն այդ ուղղությամբ։   

-Ինչպե՞ս եք վերադառնում ներկայիս իրականությանը։  

-Մեր ընտանիքն առ այսօր մեկուսացման մեջ է՝ հաշվի առնելով վարակվածների օրեցօր մեծացող թվերը։ Ինչ վերաբերում է «սոցիալական հեռավորություն» սխալ տերմինին, նշեմ, որ մենք պիտի պահենք ֆիզիկական հեռավորությունը, բայց սոցիալապես ավելի մոտիկ լինենք միմյանց։ Տարածական  առումով վիրուսն այժմ ավելի վտանգավոր է դարձել։  Ուստի կհաճախենք միայն այն վայրերը, որ պարտադիր կլինեն՝ տվյալ դեպքում էլ անպայման պահպանելով  կանոնները, ինչպես որ արել ենք միշտ։ Ինձ համար շատ տարօրինակ է, երբ այժմ մարդկանց հիշեցնում են պահպանել այնպիսի կանոններ, որոնք պիտի պարտադիր լինեին ոչ միայն վիրուսի ընթացքում, այլև ողջ կյանքում։ Օրինակ՝ պարբերաբար լվացվելը պիտի ուսուցանվի դեռ նախադպրոցական տարիքի երեխաներին, որ հիմա կարիք չլինի հասուն մարդկանց սովորեցնել ճիշտ լվացվելու ձևը։ 

-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել առաջիկա երեք ամիսները երեք երեխաների հետ։

-Երբ մեծերիս աշխատանքը թեթևանա, հույս ունեմ երեխաներին ծանոթացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերին, ինչքան հնարավոր է մոտ լինել բնությանը։ 

-Տիկին Քոլյան, ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը։ 

-Յուրաքանչյուրին մաղթում եմ առավել գիտակից և պատասխանատու մոտենալ այս ամենին։ Զգոն ու պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի. գուցե սա գալիք մարտահրավերներից ամենաթեթևն է։ Ուստի, կրկին շեշտում եմ՝ կարևոր է ոչ միայն առողջ մտածողություն ունենալը, այլև առողջ վարքագիծ դրսևորելը։ Յուրաքանչյուր փոքրիկ կրկնում է մեծահասակին. առաջին հերթին պետք է մեր վարքը փոխենք, որ երեխան տեսնի ու սովորի։ «Համաճարակ» դարձնենք առողջ ապրելակերպը։  

 

                                                                                                                                            Արփի Խաչատրյան

Հայաստան հարցազրույց Խմբագրի ընտրանի նոր կորոնավիրուս Լիլիթ Քոլյան

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում
Գրանցվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք․ կա 17 մահ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 30000-ին
Երևանում գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մեկնարկել են իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները
GAIFF Pro-ն տեղի է ունենալու հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով
Ավտովթար «Փեթակ»-ի մոտ. 18-ամյա վարորդին ու 17-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց
Քաղաքակրթությունից հեռու տեսարան․ Հունոտի կիրճն՝ աղբի մեջ
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի վերջնամասում այրվել է փայտյա տնակ
ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են 12 կորած համարվող քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 21 հա տարածք
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆիլհարմոնիկ նվագախմբի «Երազարտ» ծրագրի ամառային երաժշտական դպրոցն անցկացվում է առցանց ձևաչափով
«Adjarabet»-ի, «EasyPay»-ի եւ «Tel-Cell»-ի տերմինալներից համակարգչային տեխնիկայով հափշտակվել է ավելի քան 18 մլն դրամ
Զովունիում «Գուդվին» խաղատան մոտ «Մերսեդեսը» բախվել է էլեկտրասյանը. սյունը կոտրվել եւ ընկել է՝ փակելով ճանապարհը
Կառուցվում է Տաթեւ-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին․ Փաշինյանը տեսանյութ է տարածել
«Իրատես». Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ
«Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին
Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը
«Ժողովուրդ». Հայաստանում կարգելվե՞ն հղիության արհեստական ընդհատումները
Ի՞նչ է կատարվում Սահմանադրական դատարանում. ուղիղ
«Փաստ».Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին
34 տարվա թալանչի համայնքապետին հետ են բերում. Եղեգնուտում վիճակը լարված է
«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ
«Հրապարակ». Ծառուկյանի խնամին բուժում է ստանում Գերմանիայում
«Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ
Ավելին
Ավելին