Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «դեղին ժիլետների» շարժման չթույլատրված ցույցը ցրելու համար, որի մասնակիցները նախատեսել էին երթով անցնել Լուվրից մինչև երկրի Ազգային ժողով (խորհրդարանի ստորին պալատը), հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից:
Ոստիկանության CRS հատուկ ստորաբաժանման ջոկատները փակել են Լուվրին հարակից մի քանի թաղամասերի փողոցները և ցուցարարների մի մասին պաշարել են Ռիվոլի առևտրային փողոցում՝ կոչ անելով նրանց անհապաղ դադարեցնել չթույլատրված ցույցը: Ոստիկանությունը ստիպված էր մի քանի անգամ քշել ցուցարարներին հրապարակից դեպի Լուվրի դիմացի մետրոն:
Առնվազն մի մարդ ձերբակալվել է ոչ մեծ բախման ժամանակ: Ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանները մի քանի անգամ արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել: Համաձայն ակտիվիստների թվիթերյան հաղորդագրությունների՝ մի քանի մասնակիցների տուգանել են 135 եվրոյով չթույլատրված ցույցին մասնակցելու համար: Ուշագրավ է, որ Ռիվոլի փողոցում հավաքվածների մեծ մասը նախապես տեղեկացված էր, որ Փարիզի ոստիկանությունը հավանություն չի տվել հայտարարված երթին:
Ոստիկանության հետ բախումներ են եղել նաև երկրի այլ քաղաքներում: Մասնավորապես ժանդարմները արցունքաբեր գազ են կիրառել Մոնպոլյեում, ուր Ֆեյսբուքի թեմատիկ էջի ստեղծողները կոչ են արել «դեղին ժիլետներին» ժամանել ողջ Ֆրանսիայից: Լարված վիճակը պահպանվում է նաև Թուլուզում, որտեղ նույնպես տեղի են ունեցել ոստիկանության և ցուցարարների առճակատման դեպքեր: