f

Անկախ

«Մի ավանդույթի վերածնունդ». Արմինե Խաչատրյան


Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն: Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։ Ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանն այդ հնամենի ավանդույթների կրողն ու շարունակողն է։ Նրա ստեղծագործությունները  յուրօրինակ են. տարբերվում են զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով: Ասեղնագործությունը ժողովրդական ստեղծագործության հին և հարուստ բնագավառներից մեկն է, որն այսօր Արար հայ արվեստի կենտրոնի և շնորհաշատ վարպետ Արմինե Խաչատրյանի շնորհիվ փոխանցվում է եկող սերնդին։ Արմինեն  «Արար» ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագրի շրջանակում գործող լավագույն դասավանդողներից է:

Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում՝ իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։

«Անկախ»-ի  զրուցակիցն  է  ասեղնագործուհի Արմինե  Խաչատրյանը:

Արմինե  ջան տեղյակ եմ,  որ  Ձեր  ստեղծագործական  ճանապարհը սկսվել է տիկնիկագործությամբ:  Հեղինակ եք բազմաթիվ տիկնիկների, որոնք ստեղծվել  են  թատերական  ներկայացումների   համար: Ձեր հետաքրքրությունները  ինչպե՞ս  փոխվեց դեպի ասեղնագործությունը:

Արվեստի բնագավառում հայտնվել եմ դեռ 98թ.- ից։ Աշխատել եմ Մարիոնետների թատրոնում՝  որպես դերասանուհի։ Չորս տարի այնտեղ աշխատելու ընթացքում վարպետացել եմ տիկնիկավարության մեջ, ներգրավված եմ եղել գրեթե բոլոր ներկայացումներում։ Դրան զուգահեռ սկսեցի ինքնուս պատրաստել թատերական տիկնիկներ։ Ինձ անչափ հետաքրքիր էր, թե ինչպես են աշխատում այդ տիկնիկները, դրանց ներքին մեխանիզմը, ինչ նյութերից են  պատրաստված։ Տիկնիկագործության հանդեպ սերը  սկսվեց Մարիոնետների թատրոնից։ Հետագայում աշխատանքային առաջարկ ստացա Յունիմա Հայաստանից։ Եվ փորձեցի համատեղ թե Յունիմայում աշխատել, թե թատրոնում զբաղվել տիկնիկագործությամբ։ Աշխատելով տասնութ տարի՝  տարբեր ներկայացումների տիկնիկների հեղինակ եմ եղել։ Այդ տարիների ընթացքում մոտ 400 տիկնիկներ եմ պատրաստել  բացօթյա միջոցառումների համար,  մարիոնետ, ձեռնոցային ներկայացումների համար տիկնիկներ։ Այս տասնութ տարիների ընթացքում թատրոնը եղել է մեր երկրորդ տունը։  Թե տիկնիկագործությունը, թե ասեղնագործությունը ինձ շատ հոգեհարազատ են, երկուսում էլ ինձ շատ լավ եմ զգում։  Թատրոնը ունի իր հեքիաթային ուժը. եթե նրան նվիրվում ես, շատ դժվար է կտրվելը։ Ասեղնագործությանը զուգահեռ իմ մի կեսը տիկնիկային արվեստում է։ Վերջերս Արմավիրի մարզի Բաղրամյան և Մյասնիկյան գյուղերում թատերախումբ եմ ստեղծել, որտեղ երեխաների հետ եմ աշխատում՝ ստեղծելով ստվերային թատրոնի տիկնիկներ։ Եվ երկու ներկայացում, Հ. Թումանյանի հեքիաթներից արդեն պատրաստ է և դպրոցահասակ երեխաները կարողանում են դրանցում խաղալ։ Դա հենց թատրոնի հանդեպ սերն էր, որ այս մի քանի տարիներին թատրոնում չաշխատելով՝ ներդրեցի այստեղ։ Եվ հետո այսքան տարիների փորձը մի ձևով պետք է փոխանցվի եկող սերնդին։ Պետք է կարողանամ այնպես անել, որ ինչպես ես եմ սիրահարված եղել թատրոնին, տիկնիկային արվեստին, այդ սիրո քաղցրությունը փոխանցեմ  իրենց, որ իրենք էլ սիրեն թատրոնը։ Ինձ համար շատ թանկ են եղել այն տարիները, երբ ես աշխատել եմ թատրոնում։  Յունիմա Հայաստան տիկնիկային գործիչների միության հետ շատ ներկայացումներում ներգրավված եմ եղել որպես դերասանուհի, տիկնիկավար։ Այս թատերախմբով մասնակցել եմ մի շարք միջազգային փառատոնների։ Այնտեղ , բացի այն, որ խաղում էինք, երկիր էինք ներկայացնում, ազատ ժամանակ այցելել եմ այդ երկրների ազգային թանգարաններ։ Սիրում էի ուսումնասիրել իրենց ավանդույթները,  արհեստները։ Հատուկ սեր ունեի ձեռագործ աշխատանքների, քանդակների,  փայտամշակման հանդեպ։

 Ավելի շատ սիրում էի ուսումնասիրել ազգային տարազների իրենց մոտեցումները, ասեղնագործության իրենց բարդ տեխնիկան։ Ասեղնագործության հատուկ վարպետություն այդ ժամանակ չեմ ունեցել, որպես մասնագիտություն առավել գերակշռող էր տիկնիկագործությունը, դրանում վարպետացել էի և դա ինձ մոտ շատ լավ էր ստացվում։ Իսկ ասեղնագործության հանդեպ սեր ունեցել եմ դեռ դպրոցական տարիներից, հաճախել եմ դպրոցի ասեղնագործության խմբակ։ Ասեմ նաև, որ տատիկիս քույրիկը շատ լավ տիրապետում էր ժանյակագործության հմտություններին և որոշ տեխնիկաներ սովորել եմ հենց իրենից։ 

 Թատերական փառատոնների մասնակցելու արդյունքում եղել եմ եվրոպական և մի շարք այլ երկրներում։ Այցելելով այդ երկրների ազգային թանգարաններ, մտածեցի մի այնպիսի գործ սկսել, որտեղ արտահայտված կլինի խիստ հայկականը, ազգայինը։ Ունենալով այդքան հարուստ ու հին մշակույթ, պետք է շատ բարձրաձայնել այդ մասին, հպարտորեն աշխարհին ներկայացնել մեր ազգային, մշակութային հարուստ ժառանգությունը։  

Թե ինչպես հետաքրքրություններս փոխվեց դեպի ասեղնագործությունը, կդժվարանամ մեկ նախադասությամբ ներկայացնել։ Որպես սկիզբ, որպես նախաբան շատ կարևոր էր թատրոնի այդ տարիների իմ աշխատանքային փորձը, սերը, նվիրվածությունը, որը հետագայում առիթ հանդիսացավ, որ տարբեր երկրների թանգարաններում ուսումնասիրելով այդ ամենը՝ փորձեցի ստեղծել մերը, ներկայացնել հայկականը։ Դրա համար պետք էր, որ շատ լավ տիրապետեի  ասեղնագործության, ձեռագործության տեխնիկային, կարատեսակների  մասին տեղեկացված լինեի։ 

Եվ այսպես ինձ մոտ սկսվեց մի շրջան, որ նորից գրքերի օգնությամբ փորձեցի սովորել կարատեսակներ, ծանոթացա մեր հայկական մանրանկարչության զարդամոտիվներին, զարդատառերին։ Այդ հարուստ ժառանգությունը իմ մեջ սեր առաջացրեց, որ ես պետք է մեր ազգայինը և հայկականը այս  ճյուղով,  այս ոլորտում հնարավորություն ունենամ ինչ-որ մի տեղ ներկայացնելու, զարգացնելու։      

  Քանի որ սկզբում այդքան շատ հեռանկարներ չունեի, ինձ թվում էր, որ շատ դժվար ճանապարհ է։ Այդքան  հեշտ չէ ձեռք բերել մի մասնագիտություն, որը շատ կսիրես, որը քեզ մոտ շատ լավ կստացվի։ Եվ տարիների ընթացքում, երբ տարբեր ծրագրերի միջոցով սկսեցի դասավանդել, արդեն շատ լավ տիրապետում էի կարատեսակներին, առաջարկություններ ստացա միջազգային կազմակերպություններից՝  մարզերում  կանանց հետ ծրագրեր իրականացնելու։ Կանանց ուսուցանում էի կարուձևի հմտություններ, ասեղնագործություն, հուշանվերների պատրաստում և այլն։ Ես ինքս ունեցել եմ ցուցասրահ, որտեղ 2012թ.- ից ներկայացված են եղել իմ հեղինակային աշխատանքները։

 

Առաջին հերթին ի՞նչ է հարկավոր,   որպեսզի ասեղնագործությունը  գործվածքի  վրա արվեստի գործ դառնա:

Նախ պետք է մեծ սեր և համբերություն՝ արարելու, ստեղծելու ինչ- որ մի բան։ Կարևոր է վարպետորեն տիրապետել ձեռագործության տեխնիկային և հմտություններին։ Իհարկե, նաև գունային ճաշակ և գեղեցիկ համադրություն, ստեղծագործ միտք։   Եվ այդ ամենը լինելու դեպքում ձեռքիդ ճկուն շարժումով ասեղը կտորի մի երեսից մյուսն անցնելով, թելերի միջոցով կնախշազարդի կտորը։ Բայց թե որքանով դա կդառնա արվեստի գործ, չեմ կարող ասել։ Բայց որ անհիշելի ժամանակներից մինչ օրս դա հայուհիների սիրելի և կենսունակ զբաղմունքներից մեկն է եղել՝  դա փաստ է։

 

Ձեր ստեղծած ասեղնագործ թռչնատառերը ներառվեցին  «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները»  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության  ցանկում  գրանցելու  հայտում: Կպատմեք այս մասին, ի՞նչ տվեց  այն ասեղնագործ Արմինե Խաչատրյանին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական տառարվեստի և դրանց մշակութային դրսևորումների գրանցման հայտի հետ կապված, կարծում եմ, որ ինձ ընտրեցին, քանի որ ես դրանց  ոչ միայն կրողն եմ, այլև փոխանցողը։  Այդ շրջանում մշակույթի նախարարության Արար ծրագրով (արվեստի պահպանման և հանրահռչակման) ես դասավանդում էի Արմավիրի մարզի երեք համայնքներում՝  Խանջյան, Հացիկ և Մյասնիկյան, որտեղ մեծ խմբեր ունեի։ Մինչ այդ ևս, յոթ-ութ տարիների ընթացքում գրեթե բոլոր մարզերում, շատ-շատ համայնքներում մեծ խմբեր եմ ունեցել, ուր սովորեցրել եմ ասեղնագործությունը՝  իմ յուրօրինակ ու տարբերվող զարդանախշերով։ Փորձել եմ զարդակարերի, կատարման տեխնիկայի միջոցով, ավելի պարզեցված հմտություններով  իմ սաներին ինֆորմացիա փոխանցել մեր հայկական մանրանկարչության,  զարդամոտիվների, թռչնատառերի մասին։ Քանի որ դասի ընթացքում  ոչ միայն տեխնիկապես ենք աշխատում,  այլ նաև զրուցում ենք։  

Իմ կարծիքով կարևորվեց այն, որ այս տարիների ընթացքում եղել եմ այս արվեստի և կրողը, և  փոխանցողը։   Որպես հեղինակային աշխատանք՝ ունեմ մեծ կոլաժ, որտեղ բոլոր թռչնատառերն են։ Երբ այն հաստատվեց, ուրախությունս անչափ մեծ էր թե որպես մասնակից,  թե որպես  Հայաստանի  ներկայացուցիչ։ Ինձ համար սա մեծ պատիվ է, և ես պարտավորված ու հպարտորեն  կլինեմ դրա կրողն ու փոխանցողը։

Վերջին տասը տարիներին Դուք ասեղնագործության խմբակներ եք ստեղծել մարզերում: Անձամբ եք  այցելում Հայաստանի տարբեր համայնքներ, վարպետության դասեր անցկացնում ասեղնագործության արվեստին տիրապետել ցանկացողների հետ: Ձեր այս ստեղծագործական գործունեության ամենամեծ նպատակը:

Իհարկե, վերջին տասը տարիներին տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Իմ նախաձեռնությամբ սկզբում Լոռու մարզի մոտ վեց-  յոթ  համայնքներում ծրագիրը սկսվեց նրանով, որ խմբեր ստեղծվեցին, կարողացանք աշխատել տեղի կանանց հետ։ Հետագայում արդեն միջազգային կազմակերպություններից  Վորդ Վիժն, Մանուկների հիմնադրամ և այլ  ծրագրերով դասավանդման առաջարկներ ստացա։ Անձամբ այցելում եմ մարզեր, փորձում եմ ապահովել բոլոր անհրաժեշտ նյութերով։  Այստեղ ամենազարմանալին այն է, որ կարողանում ենք այդ մարդկանց կտրել իրենց առօրյա հոգսերից, կարողանում ենք ինչ- որ չափով որպես մասնագիտություն, որպես արհեստ փոխանցել։ Իսկ ամենալավը այն է, որ իրենք այնքան են վարպետանում, որ կարողանում են արդեն ձեռագործության միջոցով ինչ-որ կիրառական իրեր պատրաստել, ինչ-որ կազմակերպությունների հետ համագործակցել, կարողանում են որպես գումարի միջոց, որպես աշխատանք դա իրացնել։ Շատերը սկզբում դժվարանում են, մտածում են, որ չի ստացվի, բայց իրականում դա գենետիկորեն կա մեր արյան մեջ։ Կնոջ համար գեղեցիկը ստեղծելը, այդ հմտություններին տիրապետելը, այդ աշխատանքը վարպետորեն կատարելը, իմ կարծիքով, ինչ-որ տեղ ինքնագնահատականի բարձրացում է, ինչ-որ տեղ հպարտանալու առիթ, որ տիրապետում են հայկական կարատեսակներին, իրենք էլ մշակույթի կրողն են։ Միգուցե կգա մի ժամանակ, որ իրենք էլ կլինեն դրա փոխանցողը։  Ինչպես մեզ է հասել այս ամենը ժողովրդական  շնորհալի վարպետների միջոցով, մենք էլ պարտավոր ենք այն փոխանցել, պահպանել, հանրահռչակել, տարածել, զարգացնել, ինչու չէ, տարբեր երկրներում բարձր մակարդակով ներկայացնել։

 

Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում ասեղնագործության դասընթացներ կան: Ասեղնագործությունը կիրառում են տարազներ, տարբեր հագուստներ կարելիս:  Ժամանակակից ասեղնագործության  ցուցադրություններ են իրականացնում, հագուստի ցուցադրություններում են օգտագործում ավանդական ասեղնագործությունը: Ինչո՞վ է պայմանավորված, որ ասեղնագործությունը  շարունակում է ապրել ու զարգանալ:

Ասեմ, որ ասեղնագործությունը բոլոր ժամանակներում էլ եղել է, ուղղակի  հիմա մոտեցումներն են փոխվել։ Օրինակ ես իմ աշխատանքների մեջ՝ վերցնելով հայկական զարդամոտիվները, մանրանկարչությունը, ես ուղղակի գունայինի, դիզայնի միջոցով փորձում եմ ինչ-որ ձևով ժամանակակից լուծումներ տալ։ Փորձում եմ այնպես անել, որ կիրառական իրերը, հագուստի վրա կլինի, թե որպես դեկորատիվ, այսօրվա ինտերիերին համապատասխան լինի, որ մարդիկ սիրով վերցնեն, կրեն, ճանաչեն , իմանան, որ սրանք մեր զարդանախշերն են, մեր կարատեսակներն են։ 

Օրինակ , Գերմանիայում իմ անհատական ցուցահանդեսի ժամանակ ամբողջը ներկայացնում  էր հայկական մանրանկարչությունը։ Երբ մոտենում էին մեզ, չէին հավատում, որ դա ձեռքի աշխատանք է։ Ոչ մեկի մտքով  չէր անցնում, որ այդ ահռելի աշխատանքը հնարավոր է նստել այս դարում, համբերատար արարել, ստեղծել։ Մեր աշխատանքներին մոտենում էին ակնածանքով ու խոնարհումով։ Միաժամանակ իրենց տանջում էր հարցը,   թե այս  համակարգչային դարում ինչպես եմ կարողանում երեխաների մոտ սեր առաջացնել ասեղնագործության հանդեպ։ Բացի այն, որ ասեղնագործությունը շատ հարուստ, շատ սիրելի զբաղմունք է, կարևոր է նաև, թե ինչպես ես այն մատուցում։ Ես երեխաների հետ աշխատելու տարիների փորձ ունեմ, սկսած թատրոնից։ Նախ հարկավոր է երեխաների մոտ սեր առաջացնել, արժևորել, կարևորել այս աշխատանքը։  Հետագայում նոր սկսել տեխնիկապես կարատեսակներին ծանոթացնել, հետո իրենց սիրած զարդանախշերով սկսել, որպեսզի ստացվի, հետո նոր կամաց-կամաց բարդացնել։ Իմ աշակերտների քանակով  և արդյունքներով  կարող եմ ասել, որ ասեղնագործությունը միշտ արդի է, միշտ պահանջված, ուղղակի պետք է ճիշտ հարթակում գտնվի, ճիշտ ձևով ներկայացվի։ Երևի ամեն մարդ պետք է իր մեջ այդ պատասխանատվությունը ունենա և փայփայելով, ակնածանքով մոտենա, սովորի, նաև կարողանա փոխանցել, կարողանա իր աշխատանքների մեջ ներկայացնել դա։

Աշխարհը փոխվում է, ժամանակները փոխվում են, նոր հետաքրքիր երևույթները կյանքում շատանում են և երբեմն թվում է, թե հին ավանդական զբաղմունքները կարող են մոռացվել: Արմինե Խաչատրյանը ինչո՞վ  է գրավում երիտասարդ սերնդի ուշադրությունը:

Երբ ես դասի ընթացքում փորձում եմ օրինակ բերել, համեմատել կամ ինչ-որ բան արժևորել, ապա սկսում եմ իմ օրինակով, իմ աշխատանքներով, հենց իմ անցած ճանապարհով։ Ցույց եմ տալիս, որ ինքնուս հնարավոր է գրքերի օգնությամբ սովորել, վարպետանալ, ունենալ միտք, ասելիք, մոտեցում։ Անելիքս հիմնականում մարզերում է, այնտեղ շատ գործ ունեմ կատարելու։ Եթե քաղաքում զբաղվելու, նմանատիպ խմբակներում արհեստ սովորելու հնարավորությունները շատ-շատ են, ապա գյուղերում դա գրեթե չկա։ Գյուղերում երեխաների հետ աշխատելը նաև հաճելի է, սիրում եմ իրենց ու կարևորում, այնտեղ եմ իմ գործը,  անելիքը տեսնում։ Այս պահին էլ Արմավիրի մարզի Լևոն Գալչյանի արվեստի դպրոցում որպես տնօրեն ամեն ինչ անում եմ, որ այդ մարզի շրջակա համայնքների երեխաները հաճախեն մեր դպրոց, կարողանան սովորել։ Իրենց համար ամենալավ օրինակը ես եմ։ Տեսնելով իրենց ուսուցչի հաջողությունները, ինձ հետ հավասար նույն ապրումներն են ունենում։ Աշակերտներս  հետաքրքրվում են, թե ինչ է եղել օրինակ Հնդկաստանում,  Սուրաջկունդի փառատոնին, ինչ եմ տեսել այնտեղ, ցուցադրությունն ինչպես է անցել, խնդրում են նկարներ ուղարկել։ Վերադառնալուց հետո էլ անընդհատ ուզում են, որ պատմեմ։ Եթե իմ արվեստը հետաքրքիր չլիներ այս սերնդին, հենց այնպես չէին հետևի այս ամենին, այսքան հարցեր չէին տա։

Այստեղ ամենակարևորն այն է, թե ինչպես ես մատուցում, ինչպես ես արժևորում, ինչպես ես վերաբերվում։ Ես միշտ համարել եմ, որ ինքս օրինակ եմ իմ սաներին, ու դա ավելի է ինձ պարտավորեցնում։ Եթե նաև դրսում երկիր ես ներկայացնում, դա էլ մի ուրիշ, բարձր պատասխանատվություն է։

 

Ո՞րն  է  Ձեր ստեղծագործական հաջողությունների գաղտնիքը:

Ես ինձ շատ հաջողակ մարդ եմ համարում, որովհետև թե թատերական բնագավառում, թե ասեղնագործության ասպարեզում ունեցել եմ մեծ հաջողություններ, կարողացել եմ հանդիսատես գրավել, գնահատանքի արժանանալ։ Բոլորին զարմացնում է նաև, թե ինչպես եմ կարողանում պատկերները նախագծել գունային այդքան ճիշտ համադրություններով։ Կարևորում եմ նաև այն, որ ես երբեք չեմ փորձել կրկնվել, ինչ-որ մեկին ընդօրինակել, մեկից վերցնել։ Ուսումնասիրելով, կարդալով ասեղնագործության մասին, ավելի ես այն արժևորում, ուզում ես այն ավելի լավը լինի, ուզում ես  այն ավելի զարգացնես,  նորովի ներկայացնես։ Եվ ամենակարևորը, ինձ թվում է, որ ցանկացած աշխատանքի մեջ, երբ որ սեր ես դնում, սիրով ես մոտենում, ուրեմն այդ ջերմությունը, տաքությունը փոխանցվում է դիտողին, գնահատվում է։ Իմ ցուցահանդեսները հիմնականում ունեցել են  «Մի ավանդույթի վերածնունդ»  խորագիրը, քանի որ ձեռագործ յուրաքանչյուր աշխատանք ինքնին վերածնունդ է, մոռացված ավանդույթների վերածնունդ։ Եվ մեծ հաջողություն է, երբ ունես հնարավորություն բարձր մակարդակով, լուրջ մոտեցումներով ներկայացնել այս արվեստը տարբեր երկրներում, տարբեր փառատոների, և դա անում եմ ամենայն պատասխանատվությամբ։  Երջանիկ եմ, որովհետև իմ սիրած գործով եմ զբաղվում, ուրախ եմ, որ այս ամենի կրողն եմ ու փոխանցողը։

 

Թամարա  Թորոսյան  

 

Հայաստան Խմբագրի ընտրանի հարցազրույց Արմինե Խաչատրյան ասեղնագործություն

Այլ հոդվածներ հեղինակից

COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է  ԱՀԿ-ին
Հայտնի է դարձել Էննիո Մորիկոնեի մահվան պատճառը
Նիկոլ Փաշինյանի "իսրայելական" ստերը (լուսանկար)
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն  աճել է
Անցնող շաբաթն աշխարհում
Ավստրալիայում COVID-19- ի բռնկման պատճառով 6,6 միլիոն մարդ կմեկուսացվի
ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիան   սպառել է  ՄԻԱՎ-ի դեմ  դեղամիջոցների  պաշարները
Պոմպեոն Ռուսաստանի  և  թալիբների  «դավադրության»  գործով   Կոնգրեսում  լսումների  է հրավիրվել
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում. Փաշինյանը համեմատեց Հայաստանն ու Իսրայելը
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ հայտարարություն
Կառավարությանն այսօր վերջնաժամկետ է ներկայացվել. ՄԻԵԴ-ը դատավորների հարցով հարցաշար է ուղարկել. Armlur.am
Անցկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ
Առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Փաշինյան
Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա. Արցախի նախագահ
Այն, որ ամեն օր ունենում են կայուն թվեր, դա մեր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է. Արսեն Թորոսյան
Լոռիում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
«Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ
ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը
Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլեւ ամբողջ աշխարհից. Փաշինյան
Անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս անգամ պտտահողմը պոկել էր Մասիսում ջայլամաբուծական ֆերմայի հսկայական տանիքը
Ավելին
Ավելին