Ռուբինա Ղազարյանցը շատերի համար կարող է ընդամենը անուն-ազգանուն լինել: Ոմանց համար ընտանիքի հարազատ անդամ կամ բարեկամ: Ոմանց համար էլ գործընկեր: Ինձ համար խորհրդանշական այն անձն է, ով ինձ՝ կեղծանվան տակ գեղարվեստական-քննադատական հոդված գրած երիտասարդիս, առաջին անգամ ընձեռեց Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրությունում հյուրընկալվելու հաճույքը, նաև գրելու և քննադատելու համարձակությունը:
1990-ական թվականներին Թեհրանում գեղարվեստական կյանքը չափազանց աշխույժ էր: Թատերական ներկայացումները, երգչախմբերի համերգները, գրական երեկոներն ու գեղարվեստական տարբեր տեսակի միջոցառումները Թեհրանի հասարակական կյանքի անբաժանելի մասնիկն էին, որոնք բնականաբար իրենց անդրադարձն էին ունենում Թեհրանի միակ հայկական օրաթերթ «Ալիք»-ի էջերում: Այդ տարիներին՝ հավանաբար տարիքի թելադրանքով, իմ հետաքրքրությունների շրջագիծը սահմանափակվում էր գրականությամբ ու արվեստով: Գրական-գեղարվեստական կյանքին աշխույժ մասնակցությունն էր գուցե, որ ինձ համարձակություն տվեց գեղարվեստական միջոցառումներից մեկի մասին գրել քննադատական հոդված ու դա «Ռ. Կրիտիկյան» ստորագրությամբ ուղարկել «Ալիք»-ի խմբագրության հասցեով:
Օրեր անց «Ալիք»-ի խմբագրությունից ստացա նամակ Ռուբինա Ղազարյանցի ստորագրությամբ, որն ինձ հրավիրում էր այցելել «Ալիք»-ի խմբագրություն: Թեև ավելի վաղ մի քանի բանաստեղծություններ էի ուղարկել «Ալիք» օրաթերթի խմբագրության հասցեով, որոնք տպագրվել էին օրաթերթի էջերում, սակայն դա «Ալիք»-ի խմբագրություն իմ առաջին այցելությունն էր: Խմբագրության երկրորդ հարկում զրույցի ընթացքում հետաքրքրվեց իմ նախասիրությունների մասին: Պատմեցի, որ հետաքրքրված եմ կինոյով ու թատրոնով, նաև ասացի որ մի առ ժամանակ է ինչ ուսումնասիրություն եմ կատարում Իրանի կինոյի հիմնադիր Ավանես Օգանյանսի մասին: Իմացա, որ նույն ժամանակ ինքն էլ աշխատում է նույն ուղղությամբ եւ ի զարմանս ինձ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է ուսումնասիրությունը շարունակելուց և ինձ հանձնարարեց այդ մասին հոդված գրել: Հետո պարզվեց որ մտադիր է ինձ պես արվեստով հետաքրքրվող մի քանի երիտասարդների մասնակցությամբ խումբ ստեղծել «Ալիք»-ի հարկի ներքո:
Խմբին անդամակցում էին լուսահոգի Լևոն Հավթվանը, Հայնուշ Ջահանյանը, Զարեհ Ներսիսյանն ու ես: Մի քանի ամիս շարունակ, յուրաքանչյուր հինգշաբթի առավոտյան հանդիպում էինք «Ալիք»-ի շենքում: Հանդիպումներին հաճախ էր ներկա լինում Ռուբինան և հոդվածներ գրելու հանձնարարություններ էր կատարում: Մենք էլ ելնելով մեր նախասիրություններից կատարում էինք աշխատանքի բաժանում և որոշում թե ով ինչի մասին է գրելու: Թեև խումբը ցավոք կարճ կյանք ունեցավ, սակայն նպաստեց իմ նախասիրությունների ձևավորմանը, գրելու հմտություն, նաև անկաշկանդ քննադատելու համարձակություն ձեռք բերելուն:
Ժամանակի ընթացքում իմ նախասիրությունների շրջանակն ընդլայնվելով որոշակի փոփոխություն կրեց: Արվեստը դարձավ երկրորդական: Սակայն Ռուբինա Ղազարյանի ստորագրությամբ նամակն ու ինձ ընձեռնված բացառիկ հնարավորությունն իրենց անջնջելի հետքը թողեցին իմ կյանքում, որի համար միշտ երախտապարտ եմ եղել ու շարունակելու եմ երախտապարտ մնալ իրեն:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: