f

Անկախ

Հունիսի մեկ․ նախորդ և հաջորդ երեք ամիսների հատման կետում


Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա խորհրդին համահունչ մեր այսօրվա հանդիպումը մանկական հոգեբան (նեղ մասնագիտացումը՝ կրթական հոգեբան) Տաթևիկ Աբրահամյանի հետ է։ Զրույցը կվարենք «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարի շրջանակներում։ 

-Հարգելի Տաթևիկ, հեռավար ուսուցման ամիսներն ինչպե՞ս անդրադարձան երեխաների հոգեբանության վրա։ 

-Հեռավար ուսուցումը, որպես կրթության իրականացման ձև, Հայաստանի համար, կարելի է ասել, բավականին նոր էր։ Դրա համար էլ բոլոր նրանք, որոնք ներգրավված էին հեռավար կրթական գործընթացն իրականացնելու մեջ, հայտնվեցին որոշակի սթրեսային վիճակներում արտակարգ դրությանն ուղեկցող լարվածությանը զուգահեռ։ Ստացվեց այնպես, որ կյանքի բնականոն ընթացքը միանգամից փոխվեց։ Երեխաների համար հատկապես կտրուկ էր փոփոխությունը, քանի որ մոտ մեկ-երկու շաբաթվա ընթացքում ստիպված էին սովորել և հարմարվել հեռավար կրթության իրականացման առանձնահատկություններին։ Բնականաբար, դա չէր կարող անհետ անցնել։ 

Ուսուցման գործընթացին հարմարումը կարելի է քննարկել մի քանի փուլով։ Առաջին շաբաթների ընթացքում ուսուցիչները դրական էին արձագանքում երեխաների մասնակցությանը, ինչը պայմանավորում էին ուսուցման նոր ձևի և համակարգչի, համացանցի հանդեպ ունեցած հետաքրքվածությամբ։ Բայց երեք-չորս շաբաթ անց երեխաների մոտ նկատվեց մոտիվացիայի և ներգրավվածության անկում։ Նրանց մեծ մասն արդեն ուզում էր դուրս գալ տանից, գնալ դպրոց, շփվել միմյանց և ուսուցիչների հետ։ Դասերը միատիպ ու սահմանափակող դարձան նրանց համար։ Փոփոխությունների երրորդ փուլում, երբ բոլորը հարմարվեցին հեռավար ուսուցման կազմակերպման առանձնահատկություններին,  նկատվեց երեխաների մասնակցության աճի երկրորդ ալիքը։ Այս ամենը վերաբերում էր երեխաների մասնակցությանը ուսումնական գործընթացին, իսկ եթե անդրադառնանք նրանց հոգեկանի վրա ունեցած հետևանքներին, ապա պիտի նկատել՝ հատկապես փոփոխությունների են ենթարկվել  երեխաների սոցիալական և, առաջին հերթին, հաղորդակցման հմտությունները, քանի որ միանգամից սահմանափակվեցին նրանց կապի դուրս գալու, շփվելու գրեթե բոլոր հնարավորությունները։ Ավելի դժվար էր նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Իմ անհատական պրակտիկայից ելնելով՝ կարող եմ ասել՝ այս փուլում ծնողները հաճախ էին անհանգստանում այդ տարիքի փոքրիկների գերհուզականությունից,  ագրեսիվությունից, ընտանիքի անդամների հետ շփման մեջ ունեցած դժվարություններից։ 

Միջին և ավագ դպրոցի տարիքի երեխաների համար հաղորդակցման տեսակետից որոշակիորեն հեշտ էր, քանի որ նրանք իրենց հենց սկսեցին զարգացնել հաղորդակցման այլընտրանքային հմտություններ կամ բարելավել արդեն իսկ եղածները։ Սա համավարակի դրական կողմերից կարելի է համարել։ Բայց այս տարիքային խմբի մոտ ևս նկատվեցին անորոշությամբ պայմանավորված տագնապներ և իրավիճակով պայմանավորված լարվածություն։ 

Իհարկե, դեմ առ դեմ շփմանն ու ուսուցմանը շատ քիչ բաներ կարող են փոխարինել, բայց, միևնույն ժամանակ, պիտի հաշվի առնենք՝ առցանց ուսուցումը աշխարհում արդեն իսկ կրթական բաղադրիչի մաս է կազմում, և ժամանակն է, որ մենք էլ  ունենանք ոչ միայն համավարակի կամ այլ հանգամանքներում արագ արձագանքման, այլև առհասարակ կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման, կրթության շարունակականությունը ապահովող առցանց մասը։ Իսկ գործընթացքում երեխաների արդյունավետ ներառման, ուսուցման և զարգացման համար կարևոր է առցանց ուսուցման ձևերին տիրապետելը և դպրոցների, ուսուցիչների, ծնողների նախապատրաստված լինելը։ 

-Մեր ծնողներն ինչպե՞ս դուրս եկան ստեղծված իրավիճակից, և արդյոք նրանց հաղթահարման ձևից չէ՞ կախված երեխայի անդրադարձն իր կյանքում տեղի ունեցածին։ 

-Հոգեբանության մեջ միշտ խոսվում է այն մասին, որ եթե ուզում ենք ունենալ առողջ և ներդաշնակ երեխա, պետք է ունենանք առողջ և ներդաշնակ ծնող։ Արտակարգ դրության պայմաններում ևս երեխաների ապրումները (հատկապես նախադպրոցական տարիքի, տարրական և միջին դպրոցի) մեծապես կախված էին նրանից, թե ծնողներն ինչպես կարձագանքեն, ինչ վերաբերմունք ցույց կտան ստեղծված իրավիճակին։ Բնականաբար, տեղի ունեցածը սպասելի չէր ոչ մեկի համար։ Իրավիճակն, ինչպես ասում են, արտակարգ է․ ոչ մեկ չի կարող այս ամենին ի սկզբանե պատրաստված լինել։ Ծնողները ևս հընթացս փորձեցին գտնել լուծումներ։ Անշուշտ, սկզբնական փուլում անակնկալի եկած ծնողների մոտ նկատվեց հուզականության փոփոխություն, լարվածություն, ինչն անդրադարձավ նաև երեխաների ընդհանուր հուզական վիճակի վրա։ Ծնողների դրությունը բարդացնում էր նաև այն, որ նրանք ոչ միայն պետք է կազմակերպեին իրենց աշխատանքային առօրյան՝ պահպանելու համար ընտանիքի բարեկեցությունը,  այլև միևնույն ժամանակ պիտի հոգ տանեին երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության մասին, ինչին էլ գումարվեց կրթական գործընթացի կազմակերպմանը ակտիվորեն հետևելու փաստը։ 

-Տաթևիկ, եղա՞ն ծնողներ, որ դիմեցին Ձեզ մեկուսացման ընթացքում։ 

-Այո, դիմել են, բայց հիմնականում արտակարգ դրության ժամկետների երկարացումից հետո։ Հիմնական խնդիրները պայմանավորված էին երեխաների հուզականության փոփոխման, լարվածությունների և  վախերի հետ։  Կարևոր էր այն փաստը, որ հանդիպումների ընթացքում անդրադարձել ենք ոչ միայն երեխաներին, այլև ծնողավարման այն կետերին, որոնք  այս փուլում հնարավորություն կտան ավելի արդյունավետ կարգավորել կամ հաղթահարել դժվարությունները։ Երբեմն էլ անհրաժեշտություն էր առաջանում քննարկել հենց ծնողների դժվարությունները՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։ Եթե շրջապատում մեծահասակները հանգիստ են լինում, երեխաները սովորաբար ևս հանգիստ են արձագանքում։ Ի դեպ, նույնը նկատվեց հեռավար ուսուցմանը տրվող արձագանքում․ երբ ծնողները բուռն բացասական արձագանք էին տալիս, նրանց երեխաների մոտ նկատվում էր հարմարման դժվարություններ։

-Ի՞նչ հուշումներ կտաք մեր ծնողներին` ամառային այս երեք ամիսներն առավել արդյունավետ անցկացնելու համար։ 

-Ինչպես հասկանում ենք, երեխաների դուրս գալու, մաքուր օդում զբոսնելու և բակում խաղալու հնարավորությունները սահմանափակ են։ Այդ պատճառով հնարավորինս պիտի փորձել արդյունավետ կազմակերպել երեխաների առօրյան տանը։ Ընդ որում կազմակերպել այնպես, որ ո՛չ ծնողի առօրյան խաթարվի, ո՛չ էլ ծնողը խաթարի երեխայինը։ Անհրաժեշտ է ունենալ հստակ ժամանակացույց, երեխայի հետ նախապես կազմել օրվա գրաֆիկ, որտեղ ներառված կլինեն միասնական խաղեր, ֆիլմի կամ մուլտֆիլմի դիտումներ  և այլ գործունեություններ։ Օրվա ընթացքում երեխայի համար առանձնացված ժամեր ունենալը շատ կարևոր է։ 

Եվ, իհարկե, հիշենք, որ ամառ է, ուստի դրական տրամադրվածություն ունենանք և փորձենք երեխային էլ նույնը փոխանցել։ 

-Երբեմն ծնողները բողոքում են, որ ամառային հանգստի այս երեք ամիսները շատ են, և երեխաները բավական հետ են վարժվում դպրոցական առօրյայից։ 

-Հայաստանում կրթական գործընթացի ամիսները բավականին ինտենսիվ են, և ամռանը երեխաներին իսկապես պետք է հանգստանալ, ինչ-որ մի պահ դպրոցի կանոնավոր օրակարգից դուրս գալ, տարբեր ակտիվություններ դրսևորել։ Նպատակահարմար է ամռան ընթացքում կազմակերպել այլընտրանքային կրթական մոդելներ և մոտեցումներ, օրինակ՝ երեխայի կրթական գործընթացի կազմակերպումը խաղային հետաքրքիր ձևերով։ Երեխաներին այս ամիսները պետք են օրգանիզմն ու միտքը հանգստացնելու համար։ Իսկ ծնողներն ամառային արձակուրդները կարող են օգտագործել  երեխայի հետ միասին տարբեր գործունեությունների միջոցով սովորելու, երեխայի ուսումնական նախընտրությունն ավելի լավ ճանաչելու և բացահայտելու, նրան առավել մտերմանալու համար։ 

-Ինչի՞ կարիք ունեն հայ փոքրիկները, որոնց մասին մեր ծնողները հաճախ կարող են անգամ գլխի չընկնել։ Եվ ներկայումս որքանո՞վ են ծնողները գիտակցում հոգեբանին դիմելու անհրաժեշտությունը։

-Ընտանեկան իրավիճակներով պայմանավորված երեխաների կարիքները շատ անհատական են։ Մի ընտանիքում երեխան ավելի շատ կարիք ունի սիրվելու, մյուսում՝ ազատ և ինքնուրույն մնալու, որ կարողանա ներդաշնակ և հանգիստ մեծանալ։ 

Հայաստանում ևս երեխաներն ունենում են հոգեբանական դժվարություններ, և  մասնագետի կարիք ամեն դեպքում առաջանում է։ Մոտ տասը տարի առաջ հոգեբանին դիմելը բավականին ծանր էր ծնողների համար և խուսափում էին, անգամ եթե երեխան հստակ ուներ դրա կարիքը։ Բարեբախտաբար, հոգեբանին դիմելու մշակույթը վերջին տարիներին նկատելիորեն փոխվել է։ Ծնողները դիմում են մասնագետի, անգամ փոքր դժվարություն ունենալու դեպքում՝ եթե ոչ թերապևտիկ երկարատև աշխատանք իրականացնելու, գոնե ծնողավարման մասով խորհրդատվություն ստանալու համար։ 

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ծնողներին՝ երեխաներին հոգեպես առողջ մեծացնելու համար։

-Տարբեր տարիքային փուլերում երեխաներն ունեն տարբեր կարիքներ։ Բայց ամենակարևորը, որ պետք է երեխաների արդյունավետ զարգացման համար, ծնողի՝ երեխայի հետ ներդաշնակ լինելն ու նրան որպես առանձին անհատ ընդունելն է՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով։ Երեխաներին անհրաժեշտ է ուղղորդել, այլ ոչ թե նրանց փոխարեն քայլել իրենց անցնելիք ճանապարհը։ Պետք է  հնարավորինս թույլ տալ սխալվել, հետո քննարկել այդ սխալները և հասկանալ այն այլընտրանքային լուծումները, որ կարող էին լինել տվյալ իրավիճակում։ 

-Տաթևիկ, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ի՞նչ կմաղթեք տոնի «մեղավորներին»։ 

-Երեխաներին մաղթում եմ դրական տրամադրություն և, իհարկե, առողջություն։ Նաև ուզում եմ, որ նրանք մեծանան այնպիսի միջավայրում, որտեղ երեխաներն իրենց կզգան պաշտպանված ու ապահով։   

 

                                                                                                                                Արփի Խաչատրյան

 

Հայաստան հարցազրույց Տաթևիկ Աբրահամյան Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Այլ հոդվածներ հեղինակից

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ
Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում ավտոմեքենա է այրվել
ՃՈ ուժեղացված ծառայություն Իջևանում և Դիլիջանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա
Ուլնեցի-Հասրաթյան խաչմերուկում հետիոտնային անցումը կվերակառուցվի. Կլինի արհեստական անհարթություն
Եղվարդում կստեղծվի հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով. մարզպետ
Մաքսատուրիքց արտոնություն ստացան «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ն եւ «Երեւանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն
«Ափսթարթ լաբը» ներառվեց «Էկոս» ազատ տնտեսական գոտու ռեեստրում. 110 մլն դրամի ներդրումներ կլինեն
ԹԱԳԱՎԱՐԱԿ: “Դեղը” դեղ կոչվելու համար պահանջվում է տարիների մանրակրկիտ աշխատանք՝ դրա արդյունավետությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը հավաստելու նպատակով
Կնորոգվի և կբարեկարգվի 61 կրթական և մշակութային հաստատություն, կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. խոսնակ
Դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյան
Այսուհետ ուսանողական վարկեր կարելի է ստանալ նաև այլ անձանց երաշխավորությամբ
Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նրան հուղարկավորել են Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի. Նաիրա Զոհրաբյան
Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում. Արուսյակ Պողոսյան
«Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար
Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան
Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ
Նախագահը հանդիպել է գյուղատնտեսության, սննդի արտադրության, սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել
Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա
Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան
Ավելին
Ավելին