Շաբաթը սահմռկեցուցիչ էր ոչ միայն Covid-19 վիրուսով վարակվածների ռեկորդային թվերով, այլև մահերի շեշտակի աճով:
Նախորդ շաբաթվա վերջում՝ մայիսի 24-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 6661-ի, ապաքինվածներինը՝ 3064-ի, մահվան դեպքերինը՝ 81-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ մայիսի 31-ին, վարակվածների թիվը հասավ 9282-ի, որոնցից 3386-ն առողջացել են, մահացել է 131 մարդ, ընդհանուր կատարվել է 58 065 թեստավորում:
Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ մայիսի 25-ին, հայտնաբերվել էր 452 նոր դեպք, մայիսի 26-ին՝ 289, մայիսի 27-ին՝ 373, մայիսի 28-ին՝ 442, մայիսի 29-ին՝ 460, մայիսի 30-ին՝ 251, մայիսի 31-ին՝ 355:
Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 2621-ով, մահերի թիվը՝ 50-ով: Փաստորեն մարտի 14-ից մինչև մայիսի 24-ը՝ ավելի քան երկու ամսում մահերի թիվը հասել էր 81-ի, իսկ միայն անցնող շաբաթում մահացավ 50 մարդ:
Երկուշաբթի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժմանը ծառայող 186 ռեանիմացիոն մահճակալներից զբաղված է 154-ը, ազատ են ընդամենը 32-ը: Սա նշանակում էր, որ շուտով վերակենդանացման բաժանմունքների մահճակալները չեն բավականացնի առկա հիվանդներին:
Այս իրավիճակի պատճառն իշխանությունները համարեցին բնակչության թեթևամտությունը, որը չի պահպանել մինչ այս անվտանգության կանոնները, և հայտարարեցին, որ դրանք խախտողները դաժանորեն կպատժվեն, հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական և սպասարկման ոլորտի ընկերություններում էլ խստագույն հսկողություն կսահմանվի:
Շաբաթվա ընթացքում, չնայած հայկական կողմի ներողությանը, շարունակվեցին սուր արձագանքները Վրաստանից ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտության կապակցությամբ: Նա ասել էր, թե Վրաստանում կորոնավիրուսով վարակման և մահացության ոչ մեծ թիվը կարելի է բացատրել այնտեղ թեստերի անցկացման մեթոդոլոգիայի և որակի թերություններով: Մասնավորապես, Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարեց, որ Թորոսյանի խոսքերը վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն են և հարցեր են առաջացնում, վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել հայ գործընկերների հետ, այդ ընթացքում նրանք կարող էին այդ հարցը բարձրացնել և ստանալ պատասխան։ «Ուստի կասկածներ են առաջանում, թե նման հայտարարության համար ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը»,- ասել է Տիկարաձեն:
Չորեքշաբթի կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ, սակայն մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե որքանով են կատարվում պարետատան պահանջները: Նա ասաց նաև, որ երկրում կան հազարավոր վարակակիրներ, որոնք չգիտեն, որ վարակակիր են, ուստի պարտադիր կդարձնենք դիմակ կրելը նույնիսկ տանը, առանց դիմակի մարդը կտուգանվի:
Ուրբաթ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում օգնության կոչով դիմեց բժիշկներին, հատկապես՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների խնամքի համար հենց նրանց աջակցությունն է պետք:
Երեքշաբթի հրապարակվեց Եվրոպական դատարանի վճիռը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով, համաձայն որի՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ ազատելով արտահանձնված դատապարտյալին, որը կացնով սպանել էր հայ սպային: Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է որպես փոխհատուցում 15 հազար ֆունտ ստեռլինգ վճարի հայցվորներին ծախսերի համար:
ՄԻԵԴ-ի նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը Եվրադատարանի այս վճիռը գնահատել է որպես մեծ հաջողություն, քանի որ միջազգային դատական ատյանն առաջին անգամ արձանագրում է հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքը:
Իսկ իրավաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է Հունգարիային պատասխանատվության ենթարկելու հարցով Եվրադատարանի Մեծ պալատ դիմելու հարցը, քանի որ ՄԻԵԴ-ի որոշմամբ Ադրբեջանի խախտումները հաստատվել են, իսկ Հունգարիայինը՝ ոչ:
Ուրբաթ օրն էլ Եվրադատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով իր կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցման։ Նախկին նախագահի պաշտպաններից Արամ Վարդևանյանը լայն հանրության համար մեկնաբանեց այդ իրավաբանական փաստաթղթի բովանդակությունը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Ըստ նրա՝ հարցի պատասխանը տալու է Սահմանադրական դատարանը՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ելակետերը:
Նույն օրը վարչական դատարանը, համավարակով պայմանավորված, բավարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը: Ըստ այդ դատարանի որոշման՝ մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա բուժհաստատությունում և չպետք է վերադառնա քրեակատարողական հիմնարկ:
Երկուշաբթի նախորդ օրը Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված երեք անձանցից երկուսը դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին։ Քննելով փաստաբանների բողոքը՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրանց ձերբակալությունը:
Անցած շաբաթ, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ, բավական անշուք նշվեց Առաջին հանրպետության օրը՝ Մայիսի 28-ը: Բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր այցելեցին առանձին-առանձին և դիմակով: Սարդարապատը բաց էր միայն իշխող ուժի համար: Այսուհանդերձ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների անունից:
Վերջապես, շաբաթ օրը նշանավորվեց նոր սկանդալով: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես եկավ «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասով, որը վերնագրել էր «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»: Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը, բացի ծխախոտի և ադամանդի հետ կապված գործարքներից, ներքաշված է նաև զենքի միջազգային առևտրի մեջ, և մանրամասն նկարագրեց, թե ինչպես և ում միջոցով է դա կատարվել: Ինչպես նախորդ դեպքերում, այս հայտարարությունը ևս առայժմ չի հերքվել: