Փաստաբան Հայկ Ալումյանը անդրադառնալով ժողովրդի հասցեին վարչախմբի մեղադրանքներին ,ֆեյսբուքյան գրառում է կատարել․
Չգիտեմ ինչու, շատ ծանր եմ տարել մեր իշխանությունների այն պատճառաբանությունը, որ՝ Կորոնավիրուսի ցուցանիշներով Հայաստանի՝ տարածաշրջանում ամենավատ վիճակը պայմանավորված է մեր ժողովրդի ոչ կազմակերպված և ոչ կարգապահ լինելով: Իմ տարիքի և ավելի մեծ տարիքի տղամարդիկ զինվորական ծառայությունն անցել են Խորհրդային Միության զինված ուժերում, որտեղ միևնույն զորամասում ծառայում էին 15-20 տարբեր ազգությունների զինվորներ: Բոլորը կհիշեն, որ հայաստանցի զինվորները Խորհրդային Միության տարբեր ազգերի զինվորների մեջ աչքի էին ընկնում, ի թիվս այլնի, իրենց կազմակերպվածությամբ և բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ընդգծված ունակությամբ: Կարևոր ստուգատեսների ժամանակ ռուս սպաները, ցանկանալով ցույց տալ զորքի լավ պատրաստվածությունը, առաջին պլան էին մղում հայաստանցի զինվորներին: Ճիշտ է՝ այդ նույն հայ զինվորները կարող էին դառնալ ամենաանկարգապահ և անկազմակերպվածը, եթե չէին հարգում իրենց հրամանատարին կամ եթե հրամանատարը սկսում էր հիմար-հիմար, իրարամերժ հրամաններ տալ: