Գյումրիում առևտրի և սպասարկման ոլորտում ստուգայցեր են կատարվել, արդյունքում որոշ օբյեկտների գործունեություն ժամանակավորապես դադարեցվել է: Գյումրու քաղաքապետի տեղակալն ու առևտրի բաժնի պետը շրջել են քաղաքային շուկայում, նորից առևտրականներին ու գնորդներին հորդորել դիմակ կրել և հեռավորություն պահել իրարից: Շրջայցի ժամանակ շատերն արդեն դիմակ կրում էին, ոմանք էլ այն պարզապես ծալել ու գրպանում էին պահում:
Փոխքաղաքապետը զգուշացրեց՝ վաղը նորից է շրջելու շուկայում:
Առևտրականներն ու գնորդներն էլ սրտնեղեցին, թե շուկայի տարածքն այնքան նեղ է, որ հնարավոր չէ իրարից հեռու կանգնել:
Քաղաքապետարանի առևտրի բաժնի պետն էլ ասում է՝ Գյումրիում որպես այդպիսին, շուկա չկա, այն հատվածը, որը տասնամայակներ շարունակ մարդիկ գործածել են որպես շուկայի տարածք՝ նախատեսված չէ դրա համար: Սա որպես փողոցային առևտուր է դիտվում, բայց դա բնավ չի նշանակում, թե մարդիկ չպետք է պահեն հիգիենայի կանոնները, կամ Պարետի որոշումները: