Հիմա բարեփոխումների համար ամենալավ շրջանն է, որովհետեւ մենք տնտեսական եւ մյուս առումներով այլեւս որեւէ կորցնելու բան չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019-ին մենք շատ զգույշ էինք, որովհետեւ ուզում էինք այնպես անել, որ տնտեսական դինամիկան որեւէ կերպ չտուժի: Մենք կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, եկամուտներ ցույց տալու, ունենալու վրա: Իսկ հիմա մենք կորցնելու բան չունենք, մեր այսօրը կորսված է եւ մենք պետք է մտածենք վաղվա մասին:
Խոսքը մասնավորապես գույքահարկի փոփոխության մասին է, խոսքը համատարած հայտարարագրման համակարգի փոփոխության մասին է, խոսքը առաջիկայում կլինի կանխիկի կրճատման փոփոխության մասին:
Գույքահարկի հետ կապված մի շատ կարեւոր փիլիսոփայական փոփոխություն: Այսօր մինչեւ 3 մլն դրամի գույքը ազատված է գույքահարկից: Այն քաղաքացին, որ 3 մլր դրամից պակաս արժեքով գույք ունի, ինքն էլ պետք է արտահայտի պետություն ունենալու իր կամքը: Թող ինքը վճարի տարեկան 100-300 դրամ: Եթե այդ 300 դրամը պահեց իրեն, դա այդ մարդու կյանքում որեւէ բան փոխե՞լ է: Չի փոխել, բայց պետության կյանքում շատ բան է փոխում»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ այս փոփոխություններով իրենք ֆիսկալ հարց չեն լուծում. «Մենք լուծում ենք մի հարց՝ մենք 20 տարի հետո Հայաստանը որպես պետություն գոյություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը: