Հայաստանում այս պահին խորը վերագնահատման պրոցես է տեղի ունենում եւ այդ պրոցեսը կապված է պետական կարգի եւ անհատի փոխհարաբերություններով. այսօր մենք առերեսվում ենք, տեսնում ենք անհատի եւ պետական կարգի հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մի կարեւոր հարցի առաջ ենք կանգնում՝ ինչպես ենք մենք ընկալում պետությունը, արդյոք մենք մեր պետությունը ընկալում ենք պատմության դասագրքերում ձեւակերպված պետությունը որպես բռնության գործիք բանաձեւով, թե՞ այնուամենայնիվ մենք մեր պետությունն ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն: Հիմա այս համաճարակի արդյունքում մենք պետք է վերագնահատենք անհատի եւ պետական կարգի հարաբերությունները, վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության եւ մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ մենք ունեինք բյուջեի հին ընկալում եւ պետք է ձեւավորենք նոր ընկալումը. «Հին ընկալումը հետեւյալն է. բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, մեզ թալանեն, մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի այն, որ բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձեւավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար:
Որքան էլ 2019 թվականը բյուջեի առումով պատմական էր, այդուհանդերձ մենք չենք հավաքագրել այն պոտենցիալը, որ որն իրականում գոյություն ունի: Տարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելի լինել մինչեւ 400 մլրդ դրամի:
Ըստ էության, ես կարծում եմ, որ իհարկե, վարչարարությունը, կարգապահությունը շատ կարեւոր է, բայց ես ուզում եմ ընդգծել իմ անձնական մոտեցումը, որ կարգապահությունը ոչ թե պետք է լինի ուժային հարկադրանքի արդյունք, չնայած ակնհայտ է, որ որոշ դեպքերում, այդ գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական առումով պետական ժողովրդի համար կարգապահությունը պետք է լինի քաղաքացու պետություն ունենալու կամքի արտահայտություն»,-ասաց վարչապետը: