Հայաստանը հնարավորություն ունի ավելացնել իր պետական պարտքը: Այս մասին հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այդպես, ըստ նրա, Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին 7 միլիարդ 324 միլիոն դոլար է կազմել, որից 6 միլիարդ 835 միլիոն դոլարը բաժին է ընկնում կառավարությանը, իսկ մնացածը ՀՀ Կենտրոնական բանկի պարտքն է: «Ընդ որում, կառավարության մասով արտաքին պարտքը 5 միլիարդ 298 միլիոն դոլար է կազմել: Եթե այս հարցը դիտարկենք ընդհանուր պարտքի մասով, ապա ազգային պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53.6 տոկոս է կազմել, իսկ կառավարության պարտքը՝ 50.6 տոկոս»,- պարզաբանեց Ջանջուղազյանը:
Ընդ որում, նա նշեց, որ նման ցուցանիշներով Հայաստանը մտնում է պետական պարտքի ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարք: Այդպես, ինչպես հավաստիացրեց Ֆինանսների նախարարության ղեկավարը, համարվում է, որ Հայաստանի պետական պարտքն լիովին վերահսկելի է:
«Սա մեզ հիմք է տալիս համարել, որ մենք դեռ որոշակի չօգտագործված պաշար ունենք, որը կարող ենք իրացնել՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր կարիքները հոգալու համար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը լիովին վարկունակ է եւ ի վիճակի է լրացուցիչ միջոցներ ներգրավել պետական պարտքի տեսքով՝ դիմելով ինչպես իր միջազգային գործընկերներին՝ ինչպես տարբեր կազմակերպությունների, այնպես էլ ներդրողների տեսքով, ընդ որում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին՝ միջազգային շուկաների եւ դոնորների տեսքով:
Միեւնույն ժամանակ, Ջանջուղազյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի դեպքում չեն պատրաստվում չարաշահել այդ հնարավորությունը եւ ավելի շատ միջոցներ ներգրավել, քան անհրաժեշտ է: Նախարարի խոսքով՝ նման պահվածքը կարող է պետական պարտքի անվերահսկելիության հանգեցնել, ինչից ՀՀ կառավարությունը փորձում է ամեն կերպ խուսափել: