Երբ անձի դերը բարձրացվում է, իսկ ինստիտուտների դերը նվազեցվում, այդ ինստիտուտները նվաստացվում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից սոցիալական ցանցում լուսանկարներ հրապարակելուն:
«Փոխանակ ինստիտուտներն աշխատեն 80 օր, 80 օր հետո վարչապետի լուսանկարների հրապարակումներից հետո բանկերի հերթերը վերանում են: Բա էդքան օր էդ մարդիկ ի՞նչ էին անում: Մարզպետներն էդքան օր ի՞նչ բանի էին»,-ասաց Մարուքյանը:
«Վարչապետը սկսել է անձամբ զբաղվել, բայց դրա արդյունքում նկարներ են հրապարակվել, որոնք, այո, խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը, տվյալները: Մենք չենք կարող ասել, որ բոլորս մի ընտանիքից ենք, ոչինչ, որ նման լուսանկարներ են հրապարակվում: Չի կարելի նման բաներ անել: Ցանկացած ժողովրդավարական զարգացած երկրում դրա արդյունքում շատ խորը ճգնաժամ կարող էր առաջանալ ու իշխանությունը շատ մեծ խնդիր կարող էր ունենալ:
Հայաստանում որևէ բան չի լինելու դրա արդյունքում: Հիմա մի նկարը հեռացրել է, բայց օգտատերերն արդեն տարածում են այդ աղջկա նկարը: Ժողովուրդ ջան, ինքը սխալը հասկացել է, գոնե դուք մի տարածեք»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:
Մարուքյանը նաև նեց, որ եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է, նա ունի քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունք:
«Ես տեսա, որ քրեական մասով էլ կային գրառումներ: Քրեական օրենսգրքով հոդված կա անձի մասին տեղեկություններ հավաքելու, պահելու ու տարածելու մասին: Դրա տակ էլ կարող է ընկնել: Բայց ես չեմ կարող քրեաիրավական գնահատական տալ, քանի որ չգիտեմ, թե ով է հավաքել, պահել: Տարածողին գիտեմ:
Եթե այդ աղջկա ընտանիքն ուզենա, կարող է դատական հայց ներկայացնել: Եթե դա լիներ օրինակ Դանիայում, վստահ եմ, որ այդպես կլիներ: Հայաստանում միգուցե դրան չհասնի, սակայն մենք էլ ունենք բոլոր իրավական գործիքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գրված հայհոյանքներին, Մարուքյանը նշեց, որ դա էլ վերջին տարիներին ձեւավորված մշակույթի արդյունքն է. «Դուք տեսե՞լ եք, թե ինչպիսի այլանդակ հայհոյանքներ են հնչում մեր հասցեին: Իշխանությունը որեւէ բան չի արել, քանի որ հայհոյել են ընդդիմախոսներին: Երբ իրենց հայհոյեն, ինչ-որ բան կանեն»:
Մարուքյանը խոսելով կորոնավիրուսի մասին՝ ասաց, որ կա մի գերհզոր մարդ, ինքը որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու:
«Եթե որոշվի, որ հանձնվելու է օրինակ 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք ենք մենք արձանագրելու: Եթե որոշվի 500 թեստ, կլինի դրա մեկ երրորդը: Դա է ցույց տալիս վիճակագրությունը: Քանի որ ասվել էր՝ մայիսի վերջին լինելու է 10 հազար, վերջին մեկ շաբաթում թեստերի թիվն ավելացվեց, արդյունքում 1/3 հաստատված դեպքերով դարձել է 10 հազար: Այսինքն ինչքան շատ ենք թեստ անում, այնքան աճում է թիվը»,-ասաց Մարուքյանը:
Նա հարցադրում արեց, թե ո՞վ է որոշում, թե օրական քանի թեստ արվի. «Ինչու, օրինակ, օրական 5 հազար թեստ չի արվում: Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է հրապարակվելու: Ո՞վ է այդ մարդը, պետք է իմանալ: Ինչպե՞ս է որոշվում, թե քանի թեստ հանձնեն էսօր: Ինֆորմացիան փակ է, դրա համար չեմ կարող ասել՝ արժե, որ մեր պետությունը դիմի մեր միջազգային գործընկերներին, բարեկամներին, օգնություն խնդրի: Նրանք են ինֆորմացիային տիրապետում, նրանք պետք է որոշեն: Եթե կարիքը կա, պետք է դիմենք»: