f

Անկախ

«Երբ պետական կառավարմանն այսքան անլուրջ են մոտենում, ունենում ենք այն, ինչ ունենք». բժիշկ


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելան ազգային կենտրոնի բժիշկներից մեկը կարծում է, որ ներկա իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան հետո է լինելու:

«Կարծում եմ՝ վարակը դեռևս «պիկին» չի հասել, իսկ օջախներն այլևս վերահսկելի չեն, կորոնավիրուսով «դրական» ախտորոշում ունեցող մարդիկ տներում են,  շփումներ ունեն իրենց հարազատների հետ, բացի այդ, պատշաճ վերահսկողություն չի իրականացվում նրանց նկատմամբ, և սա հանգեցնելու է ավելի մեծ թվով վարակակիրների,-Անկախ-ի հետ զրույցում ասաց նա՝ հասկանալի պատճառներով չցանկանալով հրապարակել անունը:

Բժշկի խոսքով՝ համավարակը Հայաստանը կտանի խորը ճգնաժամի, որի վերականգնման համար շատ ավելի մեծ ռեսուրսներ կպահանջվեն, քան պահանջվում են այսօր:

«Սա է ամենասարսափելին: Ճգնաժամի հետևանքները վերաբերում են ոչ միայն հանրային առողջությանը, այլև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, քանի որ պարալիզացված են բոլոր կառույցները»:

Բժիշկը կարծում է, որ հատկապես սկզբնական շրջանում պատկան կառույցների գործողություններն արդյունավետ չեն եղել: Չի եղել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում ու խորհրդակցություն առողջապահական համակարգի բոլոր օղակների միջև, ինչը կարող էր նպաստել խնդիրների բացահայտմանն ու ճիշտ որոշումների ընդունմանը:

«Վերջին հաշվով համակարգի ղեկավարները պետք է հաշվի նստեն այդ նույն համակարգի աշխատողների հետ: Երբ որ մենք սկսեցինք այս համավարակի պայմաններում աշխատել, տեսանք բազմաթիվ խնդիրներ, խութեր: Ես, օրինակ, ամեն օր պրակտիկ շփվում եմ այս հիվանդության հետ ու տեսնում եմ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես կարելի է այս կամ այն խնդիրը լուծել: Մենք՝ «ռազմաճակատում» աշխատողներս, այդ բոլոր խնդիրները տեսնում ենք: Եթե լիներ համատեղ աշխատանք, խորհրդատվություն, մասնագիտական կարծիքը հաշվի առնվեր, այսօր գուցե արդյունքներն ավելի հուսադրող լինեին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ օրինակ, բոլոր կոնտակտավորներին պետության հաշվին հյուրանոցներում մեկուսացնելը ճիշտ քայլ չէր, որովհետև մեկուսարաններում էին հավաքվում և՛ հիվանդ, և՛ առողջ մարդիկ, իսկ դա արդեն վարակը տարածելու և առողջներին վարակելու պոտենցիալ աղբյուր էր:

«Մենք հսկայական ջանք ու ռեսուրս էինք ծախսում այդ գործընթացի վրա, մինչդեռ կարելի էր կոնտակտավորների մեծ մասին մեկուսացնել իրենց տներում՝ սահմանելով վերահսկողություն, իսկ այդ ընթացքում ովքեր «դրական» կախտորոշվեին, նրանց արդեն մեկուսացնել առանձնացված վայրերում կամ հիվանդանոցներում»:

Այն, որ այսօր հիվանդներին դուրս են գրում դեռևս չապաքինված կամ հիվանդ, անգամ երբեմն թոքաբորբ ունեցողներին չեն թեստավորում ու տեղավորում հիվանդանոցներում, դա նույնպես, ըստ նրա, ոչ ճիշտ հաշվարկների ու վերլուծությունների հետևանք է:

«Այո, իրավիճակն այսօր այնպիսին է, որ հիվանդանոցներում տեղ չկա, առողջապահական համակարգի ռեսուրսները բավարար չեն: Մենք պետք է պատրաստ լինեինք այս սցենարին, բայց պատրաստ չենք: Ամեն մի սխալ քայլը բերեց այս վիճակին»:

Բժշկի խոսքով՝ երբ համավարակը մտավ Եվրոպա, և շատ երկրների առողջապահական համակարգերը հայտնվեցին կոլապսում,  դա նրանից էր, որ այդ երկրները ժամանակ չէին ունեցել պատրաստվելու և անակնկալի եկան, բացի դա, այդ ժամանակ վիրուսը դեռևս այսքան ուսումնասիրված չէր, այն անծանոթ էր բժշկությանը: Կոլապսի մեջ հայտնվելու պատճառներից մեկն էլ այն է, որ եվրոպական երկրներից շատերը գերագնահատում էին իրենց առողջապահական համակարգի կարողությունները և այլն:

«Բայց չէ՞ որ մեր իշխանությունն արդեն տեսել էր Եվրոպայի «փորձը» և պետք է դասեր քաղած լիներ: Երբ վիրուսը արդեն Հայաստանում էր, դրա մասին նաև բավականին շատ ինֆորմացիա կար, վիրուսի վարքագիծն արդեն շատ առումով բացահայտված էր, և մենք որոշակի ժամանակ ունեինք պատրաստվելու, բայց չպատրաստվեցինք: Ի տարբերություն Եվրոպայի, մենք մի առավելություն էլ ունեինք. մեր երկիրը փոքր է, և կոնտակտները կառավարելն անհամեմատ ավելի հեշտ պետք է լիներ»:

Ինչևէ, նրա խոսքով՝ ամենամեծ բացթողումներից մեկն այն էր, որ սկզբնական փուլում ամենակոշտ միջոցներով պետությունը չկարողացավ վիրուսի տարածումը կանխել, հետո արդեն ուշացած փորձեց դա անել, բայց անարդյունք:

«Եթե ժամանակին հսկողությունը լիներ ոչ թե ֆորմալ, այլ իրական, մենք կունենայինք այլ իրավիճակ: Մի խնդիր էլ կա՝ մեր առողջապահական համակարգի բուժող մասն էլ ճիշտ ժամանակի չէր պատրաստվել, նրանք բավականին ուշ մտան գործի մեջ: Դա էլ իր հերթին բացասական հետևանքներ թողեց»:

Նա կարծում է, որ այսօր արդեն Հայաստանի կառավարությունը պետք է հումանիտար օգնություն խնդրի միջազգային հանրությունից, որովհետև այլևս ունակ չէ սեփական ռեսուրսներով իրավիճակը կայունացնել:

«Պետք է ռեալ գնահատել վիճակը և այդ քայլն անել: Բայց այնպիսի տպավորություն է, որ կարծես մեր երկրի ղեկավարությունը յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ չունի այն մտահոգությունը, որ պարտավոր է ունենալ: Այսօր կորոնավիրուսով հիվանդն այլևս չի զգում, որ պաշտպանված է իր երկրի առողջապահական համակարգի կողմից»:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը իրավիճակի մեղքը փորձում է բարդել հասարակության վրա, մեր զրուցակցի խոսքով՝ դա բոլոր իշխանությունների համար ամենահեշտ ճանապարհն է:

«Կա մի ոսկե ճշմարտություն՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին: Բայց ամեն դեպքում իշխանության առավելությունը, ընտրյալ լինելը նաև պատասխանատվություն է ենթադրում, իսկ ժողովուրդը բաղկացած է բազմաթիվ շերտերից, մարդիկ չեն կարող լինել նույնը, կան պատասխանատու քաղաքացիներ և ոչ բավարար գիտակցություն ունեցողներ: Պետությունը նրա համար է, որ բոլորի համար ապահովի անվտանգություն: Դա առաջին հերթին իշխանության խնդիրն է, և իշխանությունը պարտավոր է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Երբ պետական կառավարմանն այսքան անլուրջ են մոտենում, ունենում ենք այն, ինչ ունենք»:

Նրա խոսքով՝ այս փորձությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ չեն դիմակայելու պետության առջև կանգնած մարտահրավերներին:

«Իբրև մարդ, որը նաև երկար տարիներ եղել է քաղաքականության մեջ՝ կարծում եմ, որ այս կառավարությունը պետք է խոստովանի, որ իր ներուժը չի բավարարում լուծելու առկա խնդիրները և քաղաքակիրթ ձևով հեռանա: Պետք է ստեղծվի նոր կառավարություն, որն ունակ կլինի երկիրն այս վիճակից հանել: Հակառակ դեպքում հանուն իշխանության երկիրը փորձությունների տանելը կարող է Հայաստանի համար ճակատագրական լինել»:

նոր կորոնավիրուս բժիշկ առողջապահական համակարգ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին