Մի քանի ամիս հիմնական քաղաքական ուժերի հետ բանակցություններից հետո մասնակի ճանաչված Կոսովոն ընտրել է վարչապետ (Ալբին Կուրտի) և հաստատել է կառավարության կազմը, հաղորդում է euronews-ը:
Ներկայացնելով իր ծրագիրը՝ Կուրտին ասել է, որ խնայելու է բյուջեի միջոցները: Քաղաքական գործիչը մտադրություն է հայտնել երկխոսություն վարել Բելգրադի հետ հարաբերությունների կարգավորման համար: Բանակցությունները փակուղի են մտել սերբական ապրանքների վրա Պրիշտինայի կողմից 100-տոկոսանոց մաքսատուրք մտցնելուց հետո:
«Ես պատրաստ եմ բանակցություններ վարել Սերբիայի հետ: Եվ ես մեծ, պրոֆեսիոնալ թիմ եմ ունենալու»,- հայտնել է Կուրտին: Նրա խոսքով՝ նախարարների նոր կաբինետն աշխատելու է զինվորական հանցագործներին պատժելու ուղղությամբ, դրա համար կընդունի անհրաժեշտ օրենքներ, ինչպես նաև կքննարկի Սերբիայի կողմից «ցեղասպանության և ագրեսիայի» փաստերը: «Հեղինակավոր հաստատությունները ներքին և միջազգային օրենքների հիման վրա հայց կպատրաստեն ՄԱԿ-ի միջազգային դատարանին ընդդեմ Կոսովոյում Սերբիայի կատարած հանցագործություններին»,- հայտարարել է Կուրտին:
Հաղորդվում է, որ նոր կառավարությունը բաղկացած է լինելու երկու փոխվարչապետից և 15 նախարարներից, որոնցից 6-ը ներկայացնում են «Ինքնորոշումը», ևս 6-ը՝ Կոսովոյի դեմոկրատական միությունը: Նախարարների 3 պորտֆել հատկացված է ազգային փոքրամասնություններին: