f

Անկախ

Համավարակը՝ որպես հոգեկան հավասարակշռության քննություն


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Մեր զրուցակիցը լեզվաբան, զբոսավար, բլոգգեր Սիրանուշ Փիլոյանն է։

-Սիրանուշ, այսօրվա զրույցը կկառուցենք հիմնականում զբոսավարության շուրջ՝ հաշվի առնելով վերջին տասը տարիների Ձեր աշխատանքային փորձառությունը։ Ցավոք, համավարակի այս օրերին տուրիզմն ամենաշատ վնասներ կրած ոլորտներից է։ Ինչպե՞ս եք հաղթահարում կյանքի այս փուլը։

-Ոչ միայն ես, այլև տուրիզմի ոլորտի բոլոր գործընկերներս փաստացի մնացինք առանց աշխատանքի։ Ես այդ վիճակից դուրս գալու համար փորձեցի այլ զբաղմունքներ գտնել։ Սկսեցի թարգմանություններ անել, ինչը մինչ այդ էլ էի անում, բայց հիմա առավել ինտենսիվ եմ ուզում զբաղվել։ Քանի դեռ ժամանակ ունեմ զբաղվում եմ բլոգինգով, վլոգինգով, ուսումնասիրում եմ սոցիալական ցանցերի մարքեթինգ։ Այս ամենին զուգահեռ աշխատում եմ Հայաստանի գովազդի վրա, որ երբ ամեն բան կարգավորվի, մեզ դրսում մոռացած չլինեն։ Պլանավորում էի ևս մեկ լեզու սովորել, բայց դեռևս չեմ տրամադրվում։ Այսինքն՝ աշխատում եմ զարգացնել գիտելիքներս այն ամենի մեջ, ինչն օնլայն կյանքին է վերաբերում, որովհետև աշխարհն այս ամենից հետո մի քիչ ավելի է օնլայն լինելու։  

Իրականում համավարակը կարծես հոգեկան հավասարակշռության քննություն լինի, որտեղ ստուգվում է՝ նախորդ տարիներին ինչ եմ արել, ինչպես եմ ապրել, որքանով եմ ես ընդհանրապես հավասարակշռված։ Ֆինանսական առումով համավարակի այս շրջանը սովորեցրեց գնահատել այն գումարը, որ վաստակում եմ և հասկացրեց՝ ցանկացած պահի շատ անկանխատեսելիորեն եկամուտդ կարող է կտրվել։ Այժմ արդեն փորձում եմ այնպես անել, որ բոլոր ծախսերս արդարացված լինեն։

Այս օրերին շեշտն առավելապես դրել եմ իմ և այլ մարդկանց հոգեկան առողջության վրա, քանի որ վիրուսի ֆիզիկական վտանգներին զուգահեռ հավասարաչափ վտանգավոր են մեր հոգեկան աշխարհի կրած վնասները։

-Արդյո՞ք դժվար չէր տասը տարվա աշխատանքային բուռն գործունեությունից հետո մնալ տանը, այն էլ՝ անորոշ ժամանակով։

-Դժվար չէր, որովհետև կարոտել էի պասիվ վիճակների։ Մինչ այդ չէի էլ հասկանում՝ ինչ ռիթմով եմ ապրում։ Հաճախ շատ բաներ իմ ծրագրավորածներից չէի էլ հասցնում անել և միշտ արդարանում էի, թե ժամանակ չունեմ։ Այժմ, քանի դեռ  լուրջ ֆինանսական խնդիրներ չկան, ես վայելում եմ այս ընթացքը։ Իրականում հեշտ չէ ակտիվ կյանքից հետո անցնել պասիվի։ Մանավանդ երբ մտածում եմ անորոշության մասին, մի տեսակ վախեր են ծնվում։ Սակայն պետք չէ անհանգստանալ․ այս ամենը հնարավորություն է ինչ-որ նոր գործով զբաղվելու։ Աշխարհը կանգ չի առել։ Եթե մենք գոնե մի քիչ դադարենք կարդալ լրատվականները և սպասել ինչ-որ նորությունների, լրիվ ուրիշ պատկեր կբացվի մեզ համար։

-Ձեր ՖԲ գրառումներից մեկում ասել եք՝ «մեր հոգու հետ խաղաց էս կարանծինը, որ իրար ավելի լավ ճանաչենք, օգտվեք էս հրաշքից», բայց օրեր անց նաև այսպիսի գրառում եք կատարել՝ «օդի մեջ ոչ թե կորոնայա, այլ թարախ»։ Ինչպե՞ս կպարզաբանեք։

-Ամեն բան կախված է նրանից, թե որ դիտանկյունից ես նայում իրերին։ Իրականում «թարախը» մեր հասարակության ներսում դեռ վաղուց կա լարվածության ու խեղդող օդի տեսքով։ Իսկ այս ընթացքում ավելի է սրվել, ու դա հատկապես նկատելի է սոցցանցերում։ Սակայն իմ շրջապատում մեկուսացման այդ ընթացքը նման էր հրաշքի, քանի որ հնարավորություն ունեցա ավելի լավ ճանաչելու իմ ծանոթներին, շփվելու նոր մարդկանց հետ, բացահայտելու նրանց մեջ ինձ հոգեհարազատներին և այլն։ Ընդհանրապես այս համավարակը շատ ծայրահեղ զգացողությունների աղբյուր է, նայած թե ինչպես կմոտենաս խնդրին։

-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել ամառային ամիսները։

-Առաջիկա երեք ամսում ինձ ավելի շատ տեսնում եմ որպես բլոգգեր, վլոգգեր։ Ցանկանում եմ հոդվածներ գրել Հայաստանի մասին, պատրաստել տեսանյութեր և այլն։ Շատ ճամփորդելու եմ Հայաստանում, ընդ որում, ոչ որպես գիդ։ Ուրախալի է, որ կարող եմ ինքս ընտրել ուր գնալ, ոչ թե հետևել խմբին։ Հաստատ կլինեմ Հայաստանի այն գյուղերում, որտեղ զբոսաշրջիկների հետ շատ չենք գնում։

Սովորաբար միշտ ամեն տարվա սկզբում պլանավորում եմ իմ բոլոր ճամփորդությունները երկրից դուրս, ինչն, իհարկե, այս տարի չստացվեց։ Բայց իրականում տխուր չեմ, որ պիտի ճամփորդեմ Հայաստանում։ Որքան էլ այս տարիների ընթացքում զբոսաշրջության ոլորտում եմ եղել, հաճախ չեմ նկատել այն, ինչը հենց իմ կողքին է։ Նաև երբ ողջ տարվա ընթացքում մի կազմակերպության հետ ես համագործակցում, հիմնականում նույն ծրագրով ես առաջնորդվում, և ուղղությունները չեն փոխվում։

Արտակարգ դրության ավարտից հետո ցանկացա գնալ Գորիս, որտեղ զբոսաշրջիկների հետ լինելու դեպքում կմնայինք առավելագույնը երկու օր։ Բայց այժմ հնարավորություն ունեի ուղղակի քայլելու Գորիսի փողոցներում, շփվելու տեղացիների հետ, հատկապես տատիկ-պապիկների։ Ամենաշատը հենց դրա համար եմ ուրախացել։ Կարելի է ասել, այնպես, ինչպես 2020-ն է տալիս հնարավորություն ճամփորդելու Հայաստանում, ուրիշ ոչ մի տարի էլ չի տալու։  

-Ինչի՞ց զրկվեցին արտագնա տուրիզմի սիրահարները։  

-Ես ինքս այս տարիներին երկրից դուրս եմ եկել թե՛ որպես ճամփորդ, թե՛ աշխատանքի բերումով․ որպես տուր լիդեր ուղեկցում էի տարբեր խմբերի։ Իմ կենսաբան ընկերներից մեկը մի անգամ ասաց, որ ճամփորդությունը հանգստացնում է ուղեղը, զարգացնում կրեատիվությունը։ Ցանկացած մարդ լրիվ նոր մտքերով է հետ գալիս ճամփորդությունից, դառնում առավել ճկուն և հանդուրժող իր շրջապատի նկատմամբ, չնայած որ պահանջկոտությունն էլ է ավելանում։ Մարդիկ երևի հենց այս ամենից զրկվեցին, գոնե ժամանակավորապես։

-Ի՞նչ ենք մենք սովորաբար փնտրում օտար երկրներում ճամփորդելիս և ի՞նչ՝ Հայաստանում։

-Մենք դրսում փնտրում ենք ադրենալին, նոր էմոցիաներ, ծանոթություններ, մեզ անհայտ սովորույթներ, արտասովոր տեսարաններ, իսկ Հայաստանում ավելի շատ խաղաղության ենք ձգտում։ Միայն թե նշեմ, որ լավ տեղեկացված լինելու դեպքում Հայաստանում էլ ադրենալինի պակաս չենք ունենա։

-Մեր երկրում ո՞րն է Ձեր ամենասիրելի անկյունը։ 

-Ես շատ եմ սիրում Սյունիքի մարզը ու հատկապես առանձնացնում եմ Քարահունջը, որն ինձ համար էներգիայի աղբյուր է․ ես այնտեղ լիցքավորվում եմ։

-Ի՞նչ փոփոխություններ կկրի տուրիզմի ոլորտը 2020-ից հետո։

-Ամենավատն, իհարկե, ֆինանսական կորուստներն են, որ ունեցան այդ ոլորտի աշխատողները, ու, ցավոք սրտի, շատ լավ մասնագետներ այլևս հետ չեն վերադառնա, գոնե թե ամբողջությամբ։ Նրանք կգտնեն ավելի կայուն աշխատանք։ Իսկ ահա լավ առումով սա կատարելագործվելու մի մեծ հնարավորություն է, որովհետև դրա կարիքն իրականում շատ ունեինք։ Բազում շուկաներ, որ մտնելու էին Հայաստան, մեզնից լավ սպասարկում էին ակնկալելու, իսկ այժմ զբոսաշրջիկների բացակայության պայմաններում մեզ տրվել է մի մեծ ընդմիջում, որի ընթացքում կարող ենք աշխատել այդ ուղղությամբ։   

-Հաշվի առնելով, որ այս տարի շեշտը դնելու ենք ներքին տուրիզմի զարգացման վրա, հասկանանք՝ որքանո՞վ է ոլորտը պատրաստ ընդունելու մեծ թվով հանգստացողների։

-Իրականում հայերին բավարարելը դժվար է։ Այս պահին ես կխոսեմ որպես զբոսավար։ Այն ամենը, ինչ կպատմես օտարերկրյա զբոսաշրջիկներին, հայերին հաստատ չի բավարարի։ Այստեղ, բնականաբար, պետք կգան հավելյալ գիտելիքներ ու զարգացվածություն։

Ինչ վերաբերում է մնացածին․ Հայաստանում որոշակիորեն դժվար է, որովհետև մի փոքր անպատասխանատու ենք` սկսած ժամային գրաֆիկի պահպանումից, զբոսաշրջային վայրերի նկատմամբ անխնա  վերաբերմունքից։

Ինֆրաստրուկտուրայի առումով հայ զբոսաշրջիկն այդքան պահանջկոտ չէ, ինչպես ասենք, անգլիացի,  ամերիկացի կամ գերմանացի զբոսաշրջիկը։ Պատճառն այն է, որ հայերի մեծ մասը շատ չեն ճամփորդել դեռևս, ուստի չունեն շատ պահանջներ։ Այդ առումով դժվար չի լինի նրանց հետ։ Չնայած որ հաստատ բողոքելու առիթ կգտնենք․․․

 

-Սիրանուշ, անդրադառնանք նաև ներգնա տուրիզմի դրական ու բացասական կողմերին։

-Հայաստանը՝ որպես ներգնա տուրիզմի ուղղություն, աչքի է ընկնում իր բազում առավելություններով։ Մյուս երկրներն էլ ունեն հետաքրքիր պատմություն, մշակույթ, խոհանոց, հյուրասեր մարդիկ, բայց Հայաստանի մասով անսպասելի է՝ որքան շատ է այդ ամենից այս փոքր տարածքում։ Եվս մի առավելություն․ այն դեռ բացահայտված չէ աշխարհում, իսկ զբոսաշրջիկները սիրում են գնալ այնտեղ, որտեղ դեռ շատ քիչ մարդ է ոտք դրել։ Պարզապես մենք ունենք գովազդի մեծ պակաս դրսի շուկայի համար։ Բացի այդ՝ չունենք լավ զարգացած ինֆրաստրուկտուրա։ Օրինակ՝ Երևանից դուրս գտնվող մեր քաղաքները պատրաստ չեն մեծ քանակությամբ հյուրեր ընդունելու։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գնալով ավելի ապահովված, շատ ճամփորդած, նորություններ փնտրող մասսա է գալիս մեր երկիր, նրանց գոհացնելը դառնում է մեծ խնդիր։ Իսկ Հայաստանն այսօր աշխարհում նոր ուղղություն է․ մարդիկ սիրում են այցելել, հետո պատմել իրենց ընկերներին անծանոթ վայրերի մասին։ Մեր երկիրը յուրահատուկ է նաև նրանով, որ ընդամենը երեսուն հազար քառակուսի կմ տարածքի վրա ունի շատ տարբեր լանդշաֆտներ։ Նաև մեկ ժամվա ընթացքում եղանակները կարող են հաջորդել իրար, ինչն այնքան գրավիչ է։

-Ձեր մի ՖԲ գրառման մեջ Դուք նշել եք՝ լրիվ ուրիշ Հայաստան է մեզ նվիրել 2020-ը։

-Մենք մտածում ենք՝ սա մեր երկիրն է, ու մենք ամեն բան գիտենք Հայաստանի մասին, բայց իրականում ամեն ինչ պիտի տեսնել սեփական աչքերով։ Եվ հիմա առիթ է տրվել ճամփորդելու սեփական երկրում, ինչը օգնում է նաև երկիրդ սիրելու հարցում։ Երբ մենք ասում ենք՝ հայրենասեր ենք, սիրում ենք Հայաստանը, շատ դեպքում ուղղակի դատարկ պաթոս է, որովհետև այն, ինչը չես ճանաչում, չես կարող սիրել։ Ճանաչելուց հետո ոչ միայն սկսում ես սիրել, այլև ցանկանում ես գնահատել, հոգ տանել՝ սկսած ավոտեմեքենայի պատուհանից աղբը դուրս չնետելուց։  

-Համավարակի այս օրերին ի՞նչը Ձեզ օգնեց կայուն մնալ։

-Առաջինն իմ անուղղելի լավատեսությունն է․ ես ուղղակի չեմ հավատում, որ ինձ հետ կարող է վատ բան պատահել։ Եթե դժվարություններ էլ պատահում են, ընդունում եմ որպես շատ կարևոր և օգտակար դաս։ Միշտ մտածում եմ՝ օրինակ, երբ զբոսաշրջիկներ չլինեն, կսկսեմ անգլերեն պարապել՝ որպես գումար վաստակելու այլընտրանքային տարբերակ, հաստատ կունենամ իմ աշակերտները, ամսական աշխատավարձը, որով էլ կկարողանամ հոգալ կարիքներս։ Կամ հաստատ մեկ այլ բան կգտնեմ զբաղվելու։ Այսինքն՝ օգնում է այն համոզվածությունը, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է։

Երկրորդը նման իրավիճակներում աշխարհից հեռանալու, աշխարհի հորձանուտի մեջ չընկնելու, աշխարհային իրադարձություններն ինքս ինձ համար կանգնեցնելու ունակությունն է։ Պիտի կարողանաս փակվել քո ներսում, որ նաև էներգիադ վերականգնվի և հետ վերադառնաս առանց կորուստների։

-Ո՞րն է այս կյանքում  Ձեր ամենամեծ հաջողությունը։

-Իմ ցանկացած հաջողություն միայն իմը չէ։ Դա նաև այն մարդկանց շնորհն է, որոնք ճիշտ պահին և ճիշտ տեղում հայտնվել են իմ կյանքում։ Դա կարող է լինել թե՛ լավ, թե՛ վատ առումներով, որովհետև վատությունն էլ է ստիպում, որ հաջողես։ Ես այժմ չեմ կարող որևէ մի հաջողություն առանձնացնել, որովհետև հաջողակ լինելն ինձ համար կոնկրետ մի դեպք չէ, այն հոգեվիճակ է։

-Սիրանուշ, ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը։ 

-Ես կուզենայի դիմել մարդկանց խնդրանքով։ Ուզում եմ, որ նրանք այս իրավիճակն առավելագույն օգտագործեն իրենց օգտին, չտրվեն այն ամենին, ինչ կատարվում է շուրջը, ինչ հրամցվում է համացանցից, որովհետև դրանից հետո շատ դժվար կլինի վերագտնել ինքդ քեզ։ Ինչպես զրույցի սկզբում էի ասել՝ սա շատ մեծ քննություն է, ու ամեն ինչ պիտի անենք, որ այս քննությունը լավ գնահատականներով հանձնենք նախ և առաջ ինքներս մեր առջև։

 

                                                                                                                                            Արփի Խաչատրյան

Սիրանուշ Փիլոյան Զբոսաշրջություն նոր կորոնավիրուս

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին