Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր արտուղար Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել դատարան՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Պաշտպանները նշել էին, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին: