Իշխանությունների կողմից Հայ ատոմակայանի արդիականացման համար ռուսական վարկերի այլընտրանքային միջոցների վերաբերյալ պարզաբանումների բացակայությունը մտավախություն է առաջացնում առ այն, որ արդիականացման ծրագրի իրականացումը կարող է ընդհանրապես հարցականի տակ դրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
Ըստ նրա՝ հիմնական ռիսկն այն է, որ ծրագիրը հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից, եւ եթե Հայաստանը մինչեւ 2021 թվականը չավարտի արդիականացումը, կարող են շատ լուրջ խնդիրներ առաջանալ, քանի որ Երեւանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: «Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունները ռուսական վարկերից հրաժարվելու մասին հայտարարություններ անելիս, այնուամենայնիվ, բացեն փակագծերը եւ ասեն, թե որտեղից են գումար ներգրավելու եւ ի՞նչ է նշանակում «սեփական միջոցներ» արտահայտությունը»,- նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ նույնիսկ եթե հնարավոր է այլ միջոցներ գտնել, ապա պետք է ելնել նրանից, որ ատոմակայանների արդիականացումը եւ շահագործումը կապված են միջազգային համագործակցության հետ: «Հրաժարվելով ռուսական վարկից՝ մենք չենք հրաժարվում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ պայմանագրից, որը պետք է ավարտի ատոմակայանի արդիականացումը: Այստեղ հայկական կողմը Ռուսաստանի հետ համագործակցության այլընտրանք չունի»,- շեշտեց Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ աշխատանքների մեծ մասը դեռ ավարտված չէ, բայց այս ընթացքում արդեն 5 000 միավոր է փոխարինվել, եւ իրականացված աշխատանքների արդյունքում կայանի արդյունավետությունը 15 տոկոսով աճել է: