Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանական կողմի փաստաբաններ Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի, Արամ Վարդևանյանի, Ռուբեն Սահակյանի, Հայկ Ալումյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի նկատմամբ: Սանկցիայի պատճառն այն է, որ նախորդ նիստի ժամանակ փաստաբանները չէին ներկայացել դատական նիստին՝ այդպիսով բոյկոտելով նիստն ու խոչընդոտելով դատարանի աշխատանքի բնականոն ընթացքին:
Այսօրվա դատական նիստի սկզբում փաստաբանները պարզաբանեցին, որ նախորդ նիստին չեն ներկայացել, քանի որ իրենց իրավունքները դատական նիստի ժամանակ պաշտպանված չեն:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։