Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում ՌԴ-ի մտահոգությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Մինսկ կատարած այցի կապակցությամբ, չէ՞ որ հանրապետությունում ուրախանում են, երբ ռուսներն ու ամերիկացիները «գրկախառնվում ու համբուրվում են»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուս է այցելել փետրվարի 1-ին իր եվրասիական շրջագայության շրջանակներում, նա բանակցություններ է վարել Լուկաշենկոյի և Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ:
«Ռուսաստանում անհանգստացած են: Իսկ ի՞նչ է, մենք Ամերիկայի հետ ավելի՞ն ենք արել, քան Ռուսաստանը: Մի տեսեք. նրանք [ռուսները] ջանում են նրանց հետ շրթունքներով [взасос] համբուրվել: Իհարկե, չի ստացվում: Բայց մենք ի՞նչ է, դրանից ապրումնե՞ր ենք ունենում: Մենք ուրախանում ենք նրանց համար, երբ գրկախառնվում և համբուրվում են: Այնինչ հիմա իսկական աղմուկ են բարձրացրել՝ ա՜խ, ժամանել է պետքարտուղարը»,- ասել է Լուկաշենկոն:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մինչ այս հայտարարել էր, որ տվյալ այցը Կրեմլում համարում են գործընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքը և ինքնիշխան հարաբերությունների իրականացում: Այդուհանդերձ քիչ հավանական են համարում Բելառուսի և ԱՄՆ-ի «գերսերտ մերձեցումը»: