Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հարցանքննվել է ՀՖՖ-ի չարաշահումների քրեական գործով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ քիչ առաջ Հայրապետյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։
«Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ բերման ենթարկելու գործողությունը որեւէ առնչություն չունի ՀՖՖ-ի քրեական գործի հետ։ Ասեմ ավելին, պարոն Հայրապետյանն այդ գործով երեկ հարցաքննվել է՝ որպես վկա եւ տվել է ցուցմունքներ այդ առերեւույթ դեպքի հետ կապված»,-ասաց Մակինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սեւան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի եւ Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի եւ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: