Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի ուշադրությունը ժողովրդական երգի հետ մեկտեղ զբաղեցրել է նաև հոգևոր երաժշտությունը։ Մեծանալով Էջմիածնում, կրթություն ստանալով և աշխատելով հոգևոր ճեմարանում՝ նա չէր կարող անտարբեր մնալ հայ հոգևոր երաժշտության նկատմամբ. այդ իմաստով պատահական չէր նրա կողմից Պատարագի ստեղծումը։
Հունիսի 11-ին Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ ամերիկյան հանրահայտ «Delos» ընկերության կողմից թողարկվել է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ Այս մասին տեղեկացնում է Լատվիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
«Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։
Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։
Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։
Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողվել է փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, և ձայնասկավառակի թողարկումն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։
80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրչտյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ներածական խոսքերը, Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին` Կոմիտասի ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։
Գրքույկում տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքտսը` լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև դրվագներ մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղին։
ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, “OrganiQ” ընկերությանը` հանձին Մխիթար Մխիթարյանի, գործարարներ Հովիկ Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամին նախագծի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և “Delos” ընկերությանը՝ ձայնասկավառակի բարդ և պատասխանատու գործը բարձր մակարդակով կյանքի կոչելու համար։
Կոմիտասի Պատարագն առանձնանում է իր ինքնատիպությամբ, համարձակ նորարարական կողմերով և, նույնիսկ, հագեցած է աշխարհիկ ոգով։ Ահա թե ինչու հայ եկեղեցին այն չէր ընդունում՝ համարելով իր ոգուն անհամապատասխան։ Այն հայ հոգևոր երաժշտության բազմաձայն մշակման մեծագույն նվաճումներից է։ Այս ձայնասկավառակի վաճառքը հասանելի է հուլիսի 10-ից։