Արդեն մոտ վեց ժամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ–ում է։ Նրա համակիրներն և ԲՀԿ–ականները, չնայած ոստիկանության հորդորներին, չեն հեռանում տարածքից։
Իրավիճակն ԱԱԾ–ի մոտ պարբերաբար լարվում է։ Ոստիկանները բերման են ենթարկում հավաքվածներին, ուժի գործադրմամբ նստեցնում մեքենաներն ու տանում ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Ոստիկանության վերջին տվյալով դեռ մի քանի ժամ առաջ բերման ենթարկվածների թիվը 100 էր, սակայն դրանից հետո էլ տասնյակ մարդկանց են բերման ենթարկել։
Ինչ կարգավիճակում է Ծառուկյանն այսքան ժամանակ պահվում ԱԱԾ–ում, հայտնի չէ։ ԲՀԿ–ականների տվյալով՝ նա հարցաքննվում է։ Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել, սակայն պաշտոնական տեղեկություն չկա։
Առավոտյան Ծառուկյանի առանձնատունը խուզարկելուց հետո ԱԱԾ–ն նրան առնչվող երեք հաղորդագրություն է տարածել՝ ԱԱԾ–ւմ հարուցված քրգործերի առնչությամբ։