Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
Ստացված դիմումի քննարկման համար այսօր, ժամը 14.00-ին դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները, իսկ Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը՝ մասնակի։ Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Դատարանի որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ ՀՀ դրամի չափով գրավի դիմաց՝ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։