f

Անկախ

Ռաֆայել Իշխանյանի պատմվածքն այն մասին թե ինչպես իր ընկերը կանխագուշակում է պատերազմը.


79 տարի առաջվա վաղվա օրը 1941֊ի հունիսի 22֊ին սկսեց Հայրենական պատերազմը։

Ռաֆայել Իշխանյանի պատմվածքն այն մասին թե ինչպես իր ընկերը կանխագուշակում է պատերազմը.

ՇԱՎԱՐՇ ԴԱՆԻԼՉԵՆԿՈ

1940 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի բուհերի 2-րդ լսարաններից բանակ մեկնած մեր 10 հոգուց մեկն էլ Շավարշ Դանիելյանն էր: Երբ զինվորի շորեր հագանք, առաջին ներկա-բացակային վաշտի ավագը իմ ազգանունը կարդաց՝ Շիխանյան, իսկ Շավարշինը՝ Դանիլչենկո: Հետո մինչեւ վերջ էլ նրան Դանիլչենկո էին ասում:

Շավարշը Կիրովականից էր, համալսարանի աշխարհագրական բաժնից: Բոլորիս մեջ ամենալուրջն էր:

Մենք Ուկրաինայի Բարանովկա ավանում էինք, այդտեղ գնդի դպրոցն էր, որը մի տարում ավարտելով դառնալու էինք սերժանտ ու եւս երկու տարի ծառայելու:

Ամենից լավ Շավարշն էր սովորում եւ բոլորիս մեջ ամենաընդունակն էր:

1941 թվի փետրվարն էր, թե մարտը, Շավարշն ասաց.

– Էս տարի ամառը Գերմանիայի հետ պատերազմ կսկսվի:

Զարմացանք: Այդ ժամանակ չհարձակվելու պայմանագիր կար կնքված.

Ինչպե՞ս կարող էր պատերազմ սկսվել:

Ապրիլին Շավարշն ասաց.

– Հունիսին պատերազմ կսկսվի:

Թեեւ նա շատ լուրջ տղա էր եւ լուրջ էր ասում, բայց ոչ ոք մեզանից նրա ասածը լուրջ չընդունեց:

Մայիսին Շավարշն ասաց.

– Հունիսի քսաներկուսին պատերազմը կսկսվի:

Էլի բանի տեղ չդրեցինք, թեեւ Արեւելքից անընդհատ նոր-նոր զորամասեր էին գալիս, եւ Ուկրաինայի արեւմտյան մասերում զորքեր էի հավաքվում:

Երբ հունիսի քսաներկուսին պատերազմն սկսվեց, եւ առավոտյան մենք առաջին անգամ տեսանք գերմանական խաչակիր օդանավերն ու իմացանք, թե ինչ է ռմբակոծությունը, չգիտեմ ինչու ես չհիշեցի Շավարշի ասածը:

Ու դրանից հետո էլ չհիշեցի: Ամեն ինչ չափազանց արագ ու լարված էր ընթանում, ժամանակ չկար հիշելու: Առհասարակ ոչինչ չէինք հիշում. ամեն րոպե մահը քթներիս տակ էր: Հռնդյուն, կրակահերթեր, արյուն, դիակներ: Հակառակորդն էլ արագ էր առաջ շարժվում, ավելի արագ, քան մենք կարողանում էին նահանջել:

Նահանջի մի գիշեր հանդիպեցի Կիրիչենկոյին, որ մեր գումարտակից էր: Նա ասաց.

– Ընկերդ զոհվեց:

– Ո՞վ:

– Դանիլչենկոն:

– Ինչպե՞ս:

Կիրիչենկոյի կրակակետը Շավարշի դասակի կողքին է եղել: Նա պատմեց, թե ինչպես են գերմանացիները նախ ավազատոպրակներով փակել Շավարշենց կրակակետը, հետո ջախջախել են, այնտեղ եղած վեց հոգուն էլ սպանել:

Մի քանի օրից հետո ես ընկա սարսափելի ռմբակոծության տակ: Հրամայված էր նահանջել: Մենք էլ հոգնած, ջարդված, քանի գիշեր անքուն անցկացրած, քաղցած, ցեխոտ նահանջում էինք՝ սողեսող: Դիմացը քիչ հեռու բլուր էր, մեր գնդի գնդացիրները մեր գլխի վերեւով կրակում էին գերմանացիների վրա: Իսկ մենք սողում էինք ինչ-որ չվերջացող բանջարանոցների միջով: Վերեւից հակառակորդի օդանավերը ռումբեր էին թափում ու կրակում գնդացիրներից: Ետեւից ականներն էին գարշելի սուլոցով գալիս ու թափվում չորս կողմը, եւ ինչ-որ տեղերից էլ գերմանական գնդացիրների գնդակներն էին գալիս, սվսվում քթներիս տակ: Մենք էլ սողալով ետ էինք շրջվում կրակում, նորից սողում դեպի երեւացող տարեկանի արտը: Այդ տարի բերքը շատ փարթամ էր, մարդու հասակից էլ բարձր: Գնդակոծվող բանջարանոցներից այդ մարդաբոյ արտը փրկարար էր երեւում: Բանջարանոցների եւ արտի միջեւ գյուղական ճանապարհ կար: Եվ ահա-ահա ես հասնում էի ճանապարհին: Շուռ եկա մի կրակահերթ էլ ուղարկեցի հակառակ կողմը ու ճանապարհի վրա, արտի եզրին ձախ ազդրիս հարված զգացի: Արդեն արտի մեջ էի: Փորձեցի կանգնել, որ կուզեկուզ արագ շարժվեմ, բայց ձախ ոտքս խմորի նման ծալվեց, գետին զարկվեցի, մեկ էլ փորձեցի, նույնը: Ուզեցի սողալով գնալ, բայց զգացի, որ ուժասպառ եմ: Տաք արյունը ամբողջովին թրջել էր ինձ՝անդրավարտիքս, վերնաշապիկս ամբողջովին արյուն էին: Բանջարանոցում կողքիս էին մեր դասակի Պոպովն ու հեռախոսավարը (ազգանունը չեմ հիշում): Պոպովի ուսապարկին գնդակ էր դիպել եւ պայթել էին այնտեղ եղած փամփուշտները: Անշարժ ընկած էր: Հեռախոսավարը ողջ ու առողջ էր մնացել: Մոտեցավ ինձ, որ օգնի: Կոճակներս արձակեց, երեւի ուզում էր վիրակապ դնել վերքիս: Տեսնելով հսկա վերքն ու հորդացող արյունը, ձեռքի վիրակապը ինձ տվեց ու անհետացավ արտի մեջ: Հետո, շատ ժամանակ անց իմացա, որ նա հասել է մեր զորամասին ու ասել՝ «Իշխանյան պագիբ նա մաիխ ռուկախ» («Իշխանյանը զոհվեց իմ ձեռքերի վրա»): Եվ այս լուրը հասել էր մինչեւ Երեւան:

Իսկ արտի մեջ չգիտեմ ինչքան էի պառկած մնացել, մեկ էլ կողքիս նկատեցի սայլի ակ: Պարզվեց, մոտակա գյուղացիները կենդանի մնացածներին տանում են գոմ, սպանվածներին՝ թաղելու: Այդպես մի տասնհինգ հոգու հետ հայտնվեցի գոմում: Գիշերը մի մասը մեռավ, ով թեթեւ էր, մի քանի օրից ոտքի կանգնեց, փախավ, ծանրերին էլ 22 օր հետո գերմանացիները տարան ճամբար՝ հասցրին մինչեւ Շեպետովկա, հետո Բրեստ, Կովել եւ այլն: Հիմա տեղը չէ պատմելու թե ահավոր սովի, ոջլի ու դիակների այդ ճամբարներում ինչ կարող էր քաշել վերքը չփակված, ոտքը կաղ մեկը: Այս ամենը գրում եմ այն պատճառով, որ ասեմ, թե ոչ մի պահ ժամանակ չեղավ հիշելու Շավարշի մարգարեությունը: Ազատվելուց հետո էլ ժամանակ չեղավ, քանի որ 76 միլիմետրանոց թնդանոթի վրա էի, անընդհատ լարված շարժման ու վտանգի մեջ:

Հենց պատերազմը վերջացավ, հիշեցի Շավարշի մարգարեությունը՝ հունիսի 22-ին պատերազմը կսկսվի: Ու մտածում էի, թե ինչից էր այդ գուշակությունն արել. այդ օրը կիրակի էր, հարձակվելու համար երեւի հարմար էր, հետո գերմանական օդանավերն սկսել էին հաճախ խախտել սահմանը, կարմիր բանակի զորամասերը անընդհատ դեպի արեւմուտք էին գալիս: Արդյո՞ք այս նշաններն էին եղել Շավարշի մարգարեության պատճառը: Հեյ գիդի Շավարշ, ինչ լուրջ էիր ու ինչքան ճիշտ գուշակեցիր պատերազմի սկիզբը, հիմա Ուկրաինայի հողում ոսկորներդ փտում են:

Մտածում էի՝ գնամ Հայաստան, Կիրովական կանցնեմ, Շավարշի հարազատներին կգտնեմ ու կհայտնեմ իմացածս: Մեկ էլ ինքս ինձ ասում էի՝ «Արժե՞ այդ սարսափելի լուրը տանել, եթե դեռ չգիտեն եղածը, թող այդպես էլ չիմանան, սպասեն»:

Պատերազմի ավարտից 3 ամիս անց զորացրվեցի որպես ոչ շարային (նեստրաեւիկ), պարզապես կաղ էի: Հասա Երեւան: Ծնողներ, տուն-տեղ չունեի, գնացի մորաքրոջս տուն, ցնցվեցին: Իմացա, որ զոհվելուս լուրը ստացել են:

Զինվորական շորերս երկար ժամանակ չէի փոխում: 1946-ի գարնանը մի արեւոտ օր անցնում էի Աբովյան փողոցով՝ հրապարակի մոտ: Տեսնեմ ուղիղ դեպի ինձ է գալիս էլի զինվորական շորով մեկը՝ բավական նման Դանիելյան Շավարշին: Երեւի եղբայրն է,- մտածեցի, ասե՞մ, թե չասեմ: Նա էլ ինձ էր ուշադիր նայում: Երբ մոտեցա, ասացի.

– Ներողություն, դուք Շավարշ անունով, ազգանունը Դանիելյան, բարեկամ ունե՞ք…

– Այ տղա էդ դո՞ւ ես, տո սա՞ղ ես…

Այդպես գրկախառնվեցինք երկու «սպանվածներս»: Պատմեցի Կիրիչենկոյի հաղորդածն իր մահվան մասին: Ժպտաց, ինչ-որ բան բացատրեց ու ասաց, որ ինքն էլ հաստատ իմացել էր, որ ես եմ սպանված (հիշեցի հեռախոսավարին): Խոսեցինք մեր տղաներից մյուս 9-ի մասին.

– Երեւի ոչ մեկն էլ կենդանի դուրս չի եկել էն դժոխքից,- Շավարշի այս խոսքն էլ հետո հաստատվեց:

– Շավարշ, հիշո՞ւմ ես, որ ասացիր, թե հունիսի քսաներկուսին պատերազմ կլինի:

Ժպտալով գլխով արեց:

– Դե հիմա ասա ե՞րբ կլինի պատերազմ:

– Հանգիստ ապրի քեզ համար, առայժմ ոչինչ չկա:

Ու դրանից հետո մինչեւ այսօր էլ, ամեն անգամ, երբ աշխարհում լարված կամ գերլարված վիճակ է ստեղծվում, զանգահարում եմ Շավարշին.

– Հը, ի՞նչ ես ասում, պատերազմ կլինի՞:

– Հանգիստ ապրիր, առայժմ ոչինչ չկա:

Ռաֆայել Իշխանյան Վահան Իշխանյան ՖԲ Գրառում պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին