Իմ կարծիքն ասեմ՝ ես չեմ հավատում, որ Էդմոն Մարուքյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 1in.am-ի դրա վերաբերյալ արված հրապարակմանը:
«Թերահավատորեն եմ մոտենում, որ ինչ-որ նման հանդիպում է տեղի ունեցել: Այդքան քննադատելով հանդերձ, այդ մի հրապարակմանը ես չեմ հավատում»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե պատգամավորները խայտառակ կլինեն, եթե Ծառուկյանին կալանավորման՝ ԱԺ-ում հավանության արժանացած որոշումից հետո դատարանը չկալանավորի նրան, Սիմոնյանն ասաց, որ Մարուքյանը պետք է իր հետ կապված մտահոգություններով զբաղվի, իր վարկանիշի, իր խայտառակ լինելու-չլինելու մասին:
«Դատարանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանին եւ չի ասել, որ այն մեղադրանքները, որ ներկայացվել են ԱԺ-ում, առ ոչինչ են եւ հիմնավոր չեն: Ընդամենը մեկ խափանման միջոցը, որը բողոքարկվելու է, գտել է, որ պետք է մի խափանման միջոցը փոխարինել մեկ ուրիշով:
Հիմա իրար հերթ չտալով գալ, ասել՝ ես ասում էի, ես ասում էի, ճիշտ չէ: Պարոն Մարուքյանը վերջին մեկ տարում սովորություն ունի, ինչ լինում է նա նախապես դրա մասին ասած է լինում, դրա հետ կապված որեւէ զարմանք հայտնել պետք չէ, դուք էլ արդեն պետք է սովորած լինեիք»,- նշեց Սիմոնյանը:
Հարցին, թե Ալեն Սիմոնյանը տեղյակ եղե՞լ է Ծառուկյանի տան խուզարկման մասին նախօրոք, վերջինս պատասխանեց՝ ոչ, տեղյակ չի եղել: «Դրա նախօրեին վարչության նիստ է տեղի ունեցել, բայց դրա մասին չի խոսվել: Ես այդ մասին տեղեկացվել եմ Արման Աբովյանի ուղիղ եթերից»: