f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ հունիսի 14-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 16667-ի, ապաքինվածներինը՝ 6214-ի, մահվան դեպքերինը՝ 269-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ հունիսի 21-ին, վարակվածների թիվը հասավ 20268-ի, որոնցից 9002 -ն առողջացել են, մահացել է 350 մարդ, ընդհանուր կատարվել է 95754 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ հունիսի 15-ին, հայտնաբերվել էր 397 նոր դեպք,  հունիսի 16-ին՝ 425, հունիսի 17-ին՝ 544, հունիսի 18-ին՝ 665,  հունիսի 19-ին՝ 459, հունիսի 20-ին՝ 551, հունիսի 21-ին՝ 560: 

Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 3601-ով և ընդհանուր հատեց 20 հազարը, մահերի թիվն ավելացավ 81-ով: Վարակը շարունակում է տարածվել նույն թափով, մի շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը մեծանում է ավելի քան 3 հազարով, մահացողների թիվը՝ 8 տասնյակով:

Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսի վարակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում (hունիսի 17-ի տվյալներով՝ այդ ցուցանիշը հասել էր 6086-ի, Վրաստանում՝ 223-ի, Ադրբեջանում՝ 1084-ի, Թուրքիայում՝ 216-ի, Իրանում՝ 2323-ի, Ռուսաստանում՝ 3791-ի)։ 1 միլիոն մարդու հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է՝ 102 դեպքով, առաջին տեղում Իրանն է (109), այնուհետև Թուրքիան (58), Ռուսաստանը (51), Ադրբեջանը (13), Վրաստանը (4):

Հայաստանը փաստորեն 88-ի երկարշարժից 32 տարի անց կրկին դարձել է աղետի գոտի, անցած երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարբեր երկրներից բժիշկների խմբեր են ժամանում՝ օգնության ձեռք մեկնելու Հայաստանի բնակչությանը: Կիրակի ֆրանսիացի և լիտվացի բժիշկներին միացավ Ռուսաստանից ժամանած բժիշկների խումբը:

Այս աղետալի վիճակի պատճառը, սակայն, երկրի ղեկավարը համառորեն համարում է ոչ թե պետական պատկան մարմինների ձախավեր աշխատանքը, այլ քաղաքացիների անկարգապահությունը, մասնավորապես՝ դիմակ չկրելը:

Երեքշաբթի պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետև  բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի դրսում ոչ միայն դիմակ, այլև անձը հաստատող  փաստաթուղթ ունենալը: Ըստ նրա՝  վարակի ամենամեծ աղբյուրը  բակերն են, «բիսեդկաներն» ու հարևանությունը, երբ մարդիկ միմյանց տուն են գնում սրճելու: 

Հաջորդ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոլորին հորդորեց կրել ոչ թե գործվածքից, այլ բժշկական եռաշերտ դիմակ, որն ավելի լավ է պաշտպանում: Վարչապետ Փաշինյանն էլ փողոցներն ընկած սկսեց մարդկանց դիմակներ բաժանել: Սա է Հայաստանում կորոնավիրուսի աղետի դեմ պայքարելու ռազմավարությունը:

Ծառուկյանը թշնամիների թեժ տասնյակում

Սակայն պետք է արժանին մատուցել Փաշինյանին, նրան հաջողվեց կորոնավիրուսի տվյալներից խուճապահար  բնակչությանը շեղել և փրկել ընկճախտի մեջ խրվելու վտանգից: Բոլորի ուշադրությունը սևեռվեց ԲՀԿ-ՔՊ հակամարտությանը:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ օրը խուզարկություններ էին կատարվել Գագիկ Ծառուկյանի առանձատանը և այլ ԲՀԿ-ականների տներում, Գագիկ Ծառուկյանը 8 ժամ հարցաքննվել էր ԱԱԾ-ում, մեծ թվով ցուցարարներ էին հավաքվել նախ նրա տան, ապա ԱԱԾ-ի մոտ, ցուցարարների և ոստիկանության ընդհարումներ էին եղել, ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ էր կիրառել, 252 անձ վարչական ձերբակալման էր ենթարկվել:

Երեքշաբթի Ազգային ժողովը բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն տալու, ապա նաև ազատազրկելու գլխավոր դատախազի միջնորդություններին: Փակ գաղտնի քվեարկությամբ  կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել: «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Մինչ ընթանում էր քննարկումը, Ազգային ժողովի շենքին հարակից փողոցներում շարունակվում էր Ծառուկյանի աջակիցների ցույցը, մի շարք փողոցներ ու մայրուղիներ էին փակվել: Կեսօրին արդեն  ոստիկանության բաժիններ բերման էր  ենթարկվել 154 քաղաքացի:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը  տեղի ունեցավ ուրբաթ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Դուրս գալով դատարանից՝ Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ երկրի վիճակի մասին իր նախկին հայտարարությունները մնում են ուժի մեջ. «Երկիրն այսօր ղեկավարվում է ֆեյքերով»։

Եվ կիրակի օրը դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա մեղադրանքը չի ընդունում և համարում է ապօրինի։

Բեկում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունում

Ուրբաթ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչեց։ Դատարանը որոշեց բավարարել պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները և մասնակիորեն՝ պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը։

Սակայն աննախադեպ էր գրավի չափը՝ 2 մլրդ դրամ, և խնդիր էր այդ ահռելի գումարը հավաքելը: Քոչարյանի գրասենյակը հայտարարեց, որ գրավը վճարելու գործին մասնակցելու ցանկություն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակվեն առաջիկայում: Սակայն արդեն հայտնի է, որ գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը և ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ 

Շաբաթ օրն արդեն Ռոբերտ Քոչարյանը տանն էր:

Սակայն լարված իրավիճակ և աղմուկ ծավալվեց դատավորի շուրջը, ծայր առան նրա հասցեին վարկաբեկիչ ելույթներն ու սպառնալիքները: Չափազանց անախորժ էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքն ու հրապարակած լուսանկարները, որոնցից մեկում դատավորն իր մանկահասակ երեխայի հետ էր:  

Խիստ մտահոգիչ երևույթ է Վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը: Այս մասին ֆեյսբուքում գրեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։  Դա, ըստ նրա,  երկրի արդարադատության համակարգը կործանող երևույթ է, որ արդեն վտանգավոր չափերի է հասնում:

Հայտնի դարձավ, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ հայտնելով, որ երկրորդ նախագահի վերաբերյալ վճռից հետո իր և իր ընտանիքի անդամների հասցեին սոցհարթակում տարածվել են վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Դատավորը հրավիրվել է ԲԴԽ, այնուհետև որոշել է դիմել ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Անցած շաբաթ արշալույսները խաղաղ չէին նաև մեկ այլ դատավորի համար: Բարձրագույն դատական խորհրդում պետք է քննվեր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավորի արտահայտած գնահատականն է: Հիշեցնենք, որ այս դատավորը հալածանքների թիրախ է դարձել դեռ 2018 թվականից՝ կապված դարձյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության հետ: 

Ալեքսանդր Ազարյանի դեմ վարույթ հարուցելու որոշման ներածականում պետք է նշված լիներ նաև Ազարյանի ներկայացուցչի անունը, սակայն այն չկա։ «Ինչո՞ւ չկա, ինչու եք օրենքը խախտում»,- ԲԴԽ նիստին դիմելով՝ արդարադատության նախարարին հարցրել է Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։  Նիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 25-ին։

 

Նիկոլ Փաշինյանը՝ ծանոթ և անծանոթ

Այս շաբաթ էլ շարունակվեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «սերիալը»: Այս տեսագրությունում էլ  նա պատմեց, թե ինչպես է տարիներ շարունակ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը, որպեսզի իր հասցեին ստահոդ և զրպարտիչ հոդվածներ չտպագրի: Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ գործունեությանը՝ եզրակացնելով, որ նրանք երկիրը ղեկավարում են Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի ֆորմուլայով:

Մինասյանից հետո եղավ ևս մի հրապարակում, որից հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ շանտաժով գումար է շորթել նաև Քաղաքացիական ավիացիայի վարչությունից:

Վերջապես, շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Հայրենական մեծ պատերազմի տարեդարձի հանդիսությանը:  Նա իր հաղորդագրությունում դա պատճառաբանել է կորոնավիրուսի վարակի հետ կապված ծանր կացությամբ: Դա առնվազն տարօրինակ էր, քանի որ մեկ-երկու շաբաթ առաջ նա հաճույքով ընդունել էր Վլադիմիր Պուտինի հրավերը, երբ կորոնավիրուսի առումով իրավիճակը նույնն էր: Այն ժամանակ էլ դրությունը նույնքան ծանր էր, որքան այժմ՝ կորոնավիրուսի վարակվածության և մահերի նույնպիսի տվյալներով: Որոշ թերթեր իրենց աղբյուրներից տեղեկացան, որ Մոսկվայից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր հենց օդանավակայանում պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի: Փաշինյանն առաջարկել է ներկայացնել Երևանում կատարված թեստի պատասխանը: Սակայն Մոսկվայից մերժել են նշելով, որ դա իրենց համար բավարար հիմք չէ:  Դրանից հետո Փաշինյանը որոշել է չմեկնել՝ հաստատելով այն կասկածները, որ իրականում ինքը և իր ընտանիքը վարակված չեն եղել: Դրա նրա հերթական սուտն էր:

Հասարակություն 2019-nCoV կորոնավիրուս

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին